Մավասի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մավասի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն

Մավասի վանք, գտնվում է Ամարասի հովտի աջ մասի լեռնաշղթայի բարձրադիր կետերում։ Կառուցվել է 13-րդ դարում, աչքի է ընկնում ամրաշինական կառույցներով, դժվարամատչելի դիրքով։ Տեղացիների համար վանքը նաև ամրոց է եղել և մեծ դեր է կատարել տեղացիների ինքնապաշտպանության գործը կազմակերպելու համար։

Վանքից պահպանվել է փոքրիկ եկեղեցին, կից գավթի ավերակները և աշխարհիկ մի շարք կառուցվածքների հիմնապատերի մնացորդները։ Վերջերս փլվել է նրա երկթեք տանիքը։ Եկեղեցին ունի հետաքրքիր հորինվածք՝ կամարներ, սյուներ, աբսիդներ, լուսամուտների դեպի ներս լայնացող բացվածքներ, ունի երկու խաչքար, դամբարան՝ բեմատակում, չորս տապանաքար։

Եկեղեցու հատակագիծը ուղղանկյուն է (4,80 x 8,10 մետր), ամբողջ ծածկը հիմնականում բաշխած է երկուական սյուների և որմնամույթերի վրա, իսկ գավիթը, ըստ գետնամերձ պատերի, ունեցել է քառակուսի կամ քառակուսուն մոտ հատակագիծ։

Վանքի ավերակներում պահպանվել են խաչքարերի առանձին հատվածներ, որմածքի վիմագիր սրբատաշ բեկորներ։ 60-ական թվականների վերջերին եկեղեցու բակում կար մի խոշոր սրբատաշ քարաբեկոր, որի ճակատային մասում քանդակված էր թևատարած արծիվ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]