Մասնակից:Gardmanahay/Ավազարկղ 22

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանական համալիրը գրեթե բաժանված է երկու մասի՝ պարսպից ներս գտնվող հիմնական և պարսպից դուրս գտնվող հարավային՝ լրացուցիչ շինությունների։

Հնագույն եկեղեցի

Հնագույն եկեղեցին կամ միանավ բազիլիկը գտնվում է զառիվայրի վրա՝ համալիրի հյուսիսային կողմում։ Հյուսիսային պատը ամբողջովին, արևելյանը՝ մասամբ, թաղված են հողում։ Հյուսիսային և հարավային պատերն ունեն որմախորշեր, որոնք երիզված են սրբատաշ քարերով։

Երկրորդ եկեղեցի

Երկրորդ եկեղեցին, որ դարձյալ հնագույններից մեկն է համարվում, կից է առաջինին՝ հարավից։ Այս եկեղեցին համեմատաբար նեղ է և կարճ, պատերին կից երկշարք, երեքական որմնասյուները առաջինի պես կրկնված են։ Եկեղեցու դահլիճը միջնորմով բաժանված է երկու հավասար մասի․ արևմտյան մասը հավանաբար հնում ժամատան դեր է կատարել։

Գավիթ-ժամատուն

Այն կիսաշխարհիկ, կիսակրոնական կառույց է։ Դռան աջ կողմում գտնվող արձանագրությունից երևում է, որ այն կառուցել է Գրիգոր եպիսկոպոսը՝ 1224 թվականին։

Արզու-Խաթունի Կաթողիկե եկեղեցի

Այս կոթողը գտնվում է վանական տարածության արևելյան մասում։ Մյուս բոլոր շինությունները տեղադրված են նրանից դեպի հյուսիս և հարավ-արևմուտք։ Վանական և աշխարհիկ այս երկշարք շենքերի միջով, պարսպի գլխավոր դարպասից մինչև կաթողիկեն ձգվում է մի լայն և երկար միջանցք, որը գրականության մեջ ընդունված է անվանել «պողոտա»։

Տաճարը հիմնադրվել է 1214 թվականին՝ Հաթերքի մեծ իշխան Վախտանգի բարեպաշտ տիկնոջ՝ Արզու-Խաթունի ջանքերով։ Կաթողիկեի կառուցման վերաբերյալ ընդարձակ արձանագրությունը (19 երկար տող) պահպանվել է նրա հարավային պատի վրա։ Եկեղեցու արևելյան ճակատը մշակված է զարդանախշ հինգ որմնանկարներով։ Արևմտյան ճակատում շքամուտքն է։

Զանգակատուն

Գտնվում է համալիրի արևմտյան մասում, դարպասի դիմաց։ Երկհարկանի շինությունը կառուցվել է 13-րդ դարի կեսին Դոփեաց Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսի ջանքերով։ Առաջին հարկը խլացվել է արևելյան կողմից, արևմտյան մասում սանդուղքը բարձրանում է մինչև երկրորդ հարկը։

Զանգակատան երկրորդ հարկը քառասյուն հենարանով մի գմբեթ է, որտեղ հավանաբար կախված են եղել եկեղեցու զանգերը։