Մասնակից:Baldryan D/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգնազան կամ կախարդական աշխարհ
ԵնթավերնագիրՀայկական հին զրույցներից առած մի վեպիկ
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրհեքիաթ
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1887

Արեգնազան կամ կախարդական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արեգնազան կամ կախարդական աշխարհ», Աղայանի հրաշապատում հեքիաթներից է, որը նա գրել է 1887 թվականին։ Նրա հեքիաթներում, իրական կյանքի այլաբանական պատկերներից բացի, մեծ տեղ ունեն հրաշապատում տարրերը, չափազանցությունը: Հատկապես չարի ու.բարու ավանդական պայքարը ներկայացնող հրաշապատում հեքիաթներում հերոսները մաքառում են մարդկության երևակայական, կախարդական թշնամիների դեմ, օրինակ՝ քաջարի Արեգնազանը («Արեգնազան և կախարդական աշխարհը») պայքարում և հաղթում է աշխարհը և մարդկանց քարացնող կախարդ պառավին։

Հեքիաթի տեղն ու դերը Աղայանի ստեղծագործության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարոս Ադայանի դերը մեծ է եղել հեքիաթի բնագավառում: Նա հայ գրականության մեջ հեքիաթի ժանրի հիմնադիրն է համարվում , նրա մշակման խոշոր վարպետներից մեկը: Հեքիաթը համարելով դաստիարակչական կարևոր միջոց՝ հանճարեղ մարդկանց երևակայության անսպառ աղբյուր, նա իր մշակած հիասքանչ հեքիաթներով ցանկացել է մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային վսեմ գծեր:

Հակառակ ա|ն սխալ տեսակետի, որ իբր հեքիաթը սարսափեցնում է մանուկներին, կասեցնում նրանց մտավոր զարգացումը, Աղայանը, ելնելով քաջարի սերունդ դաստիարակելու իր նպատակադրումից, գտնում է . «Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նաև վնասակար է: Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակները », և ավելացնում. «Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, հիստերիկական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակում»[1]։

Գրողը նպատակ ուներ «...հեքիաթով հեքիաթական աշխարհ մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ներգործական, որ երեխան իր երևակայությամբ մտնի հերոսի դերի մեջ, այն անի, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ»։

Հեքիաթների դրական հերոսները, ոչնչացնելով չար ու վնասակար ուժերին, ոգևորում են մանուկ ընթերցողներին, նրանց առջև պատուհան բացում դեպի կյանքը եւ տառապանքներից ու ճնշումներից ազատվելու հույս ու պայքարի ոգի ներշնչում: Աղայանի հեքիաթների գլխավոր գաղափարը ընդհանուրի երջանկության իրականացումն է, հանուն ինչի հերոսները՝ կին թե տղամարդ, որոնք հիմնականում հասարակ ժողովրդի ներկայացուցիչներ են, պայքարի են ելնում և անպայման հաղթում թշնամուն:

Բազմաթիվ հեքիաթներ կոկելով, մշակելով, զարգացնելով և գրական լեզվով օժտելով՝ Աղայանը դրանք ի սպաս է դրել մանուկների կրթությանը: Հանրահայտ են «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» մեծ հեքիաթը, որն իսկապես կախարդական մի աշխարհ է բացում մանուկների առջև, «Օձամանուկն ու Արևհատը», «Արևամանուկը», «Հազարան բլբուլը», «Այծատուրը», «Զանգի Զրանգին» և այլ հեքիաթներ, որոնք հավասարապես սիրված են: Աղայանի հեքիաթները հայ գեղարվեստական գրականության լավագույն էջերից են, ինքը՝ հեքիաթագրության հիմնադիրը։ Հեքիաթի բնագավառում նրան հաջորդել է Թումանյանը[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիսի ստորոտում ապրում է մի ծերունի իշխան՝ Արման անունով: Արմանն ունի երեք զավակ՝ մորից որբ մնացած: Նրանցից երկուսը աղջիկ են՝ մեկը մյուսից գեղեցիկ, երրորդը ավելի ևս չքնաղ է, միայն բարի Ոգիները նրա ով լինելը թաքցրել են հողեղեններից՝ իրենց համար հայտնի նպատակով և մի որոշ ժամանակով: Երբ ժամանակը լրանա, նա կամ աղջիկ և կամ տղա պիտի դառնա: Բայց Արմանը նրանց երեքին էլ միաձև, աղջկա հագուստով է պահում: Երրոդի անունն էլ դրեց Արեգնազան՝ միատեսակության համար, քանի որ մեծի անունը Զանազան է, իսկ երկրորդինը՝ Զարմանազան: Սակայն Արեգնազանը աղջկան վայել բաները ատում է, չի սիրում թել մանել կամ բուրդ գզել, հակառակը, խելքը գնում է հենց մի սիրուն ձի կամ զենք է տեսնում: Հայրն էլ, կարծես գիտությամբ, նրան հաճախ տանում է որսի, ձի հեծնել ու զենք գործածել է սովորեցնում: Այսպես անցնում է ժամանակը, և մի օր Արմանը կանչում է իր զավակներին և ասում, որ ինքը ծառայում էր իրենց բարի թագավորին, հավատարիմ ծառայության համար թագավորն իրեն նվիրել էր այդ դաշտերն ու անտառները, սարերն ու ձորերը: Իրենց մոր մահից հետո ինքը քաշվեց այդ խաղաղ վայրերը՝ իրեն տալով որսորդության, բայց նրանք արդեն մեծացել են և նրանց համար լավ կլինի ապրել թագավորի մոտ, ուստի նրանցից մեկին կուղարկի նրա մոտ ծառայության և նա մյուսներին էլ կտանի այտնեղ: Երեքն էլ ցանկանում են գնալ, սակայն հայրը պայման է դնում: Գնացողը պետք է զենք ու զրահ ընտրի, առավոտը վաղ ձին հեծնի, գնա որսորդության. եթե դատարկ չվերադառնա, հայրը նրան կուղարկի թագավորի մոտ: Հաջորդ օրը մեծ աղջիկը գնում է դաշտ մի բան որսալու և հանդիպում է մի դիմակավորված ձիավորի, որը սպառնում է նրան, որ հետ գնա, եթե չի ուզում՝ գլուխը թռչի տեղից: Վախեցած Զանազանը հայտնում է իր աղջիկ լինեը ու փախչում: Նույնը պատահում է Զարմանազանի հետ, բայց երրորդ օրը, երբ Արեգնազանին է հանդիպում նույն ձիավորը, նա քաջությամբ կռվում է նրա հետ, և հենց այն է, ուզում է մի հարվածով գլուխը թռցնել, ձիավորը իսկույն հանում է դիմակը, և Արեգնազանը տեսնում է, որ դա իր հայրն է: Հայրը հիացած է նրա քաջությամբ և նրան էլ ուղարկում է թագավորի մոտ ծառայության: Թագավորը շատ է ուրախանում՝ իմանալով, որ իր մոտ ծառայության է եկել Արմանի որդին: Թագավորն ունի չքնաղ մի աղջիկ՝ Նունուֆար անունով: Սա վարագույրի հետևից միշտ թաքուն դիտում է Արեգնազանին, երբ սա խոսում է թագավորի հետ: Նունուֆարը նրա պատկերը բազմիցս տեսել է իր երազում: Առավոտյան գնում են որսի և այնպես է ստացվում, որ թագավորը հայտնվում է արջի առաջ: Արեգնազանը մի հարվածով կես է անում արջի գլուխը՝ դառնալով օրվա հերոսը: Նրա քաջության համբավը տարածվում է ամբողջ քաղաքում: Նունուֆարը կարծում է, որ նրան Երկինքն է ուղարկել իր համար և որոշում է հրավիրել իր մոտ: Սակայն Արեգնազանը աղախնին հայտնում է, թե չի գնա և չի տեսնի նրան: Մերժումից Նունուֆարը սկսում է հոգեպես այնքան տանջվել, որ թուլանում է և ընկնում անկողին: Բժիշկները հուսահատ են, չեն գտնում նրա հիվանդության պատճառը: Ծաղրածուն հասկանում է, որ աղջկան պետք է երկուս դառնալ ու երգում է Արեգի մասին: Վեզիրի կինը, որը խնամում էր Նունուֆարին, ցանկանում է իր որդուն ամուսնացնել Նունուֆարի հետ և գլխի ընկնելով, որ աղջիկը սիրահարվել է Արեգնազանին, որոշում է նրան հեռացնել թագավորությունից: Թագավորին հայտնում է, թե Նունուֆարին կփրկի միայն «անմահական ջուրը», որի մասին իրեն իբր երազում հայտնել է թագուհին և ասել, որ այն կարող է բերել միայն Արեգը: Արեգը համաձայում է գնալ, բայց թե ուր՝ չգիտի: Թագավորը բացատրում է, որ դրա տեղը ոչ ոք չգիտի, այն առանձին պարգև է, շնորհք, որ բարի Ոգիները միայն իրենց ընտրածին են տալիս: Արեգնազանը գնում է: Շատ երկրներում է լինում, շատ բան տեսնում, հարցուփորձ անում և հասնում Կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի հրաշք է տեսնում: Մի օր շոգը շատ է նեղում ձիուն՝ Բազիկին, և Արեգնազանը իջնում է մի լճի մոտ: Հանկարծ մի խումբ աղավնիներ գալիս ու իջնում են լճի ափին: Աղավնիները հանում են իրենց փետուրները և աղջիկներ դառնալով՝ թափվում են ջուրը՝ լողանալու: Մի պահ ապշում է նա, ապա որոշում է խաղ խաղալ: Մոտենում է ափին, վերցնում փետուրներից մեկը: Աղջիկները դուրս են գալիս ջրից, հագնում իրենց թևերն ու թռչում, բայց մեկը, որ չի գտնում իր թևերը, ամաչում է մերկ կանգնել ջրի ափին, իրեն իսկույն գցում է ջուրը: Արեգնազանը մոտենում է նրան: Աղջիկը երգում է՝ խնդրելով իր թևերը:

Արեգնազանը խնդրում է նրան շարունակել երգել: Մի բան չի հասկանում, նա ասում է՝ «Եթե տղա ես, աղջիկ դառնաս», այդ ինչպես կարելի է:

Արեգնազանի վրա վայրկենական ուշաթափություն է գալիս և զգում է մի անսովոր, բայց շատ հաճոյական բան: Ջրին նայելով տեսնում է իր դեմքը՝ նորածիլ բեխերով ու մորուքով: Ինքն իրեն ասում է՝ «Ես հիմա ճշմարիտ որ Արեգ եմ»: Աղջկան ասում է, որ իրեն տվեց այն, ինչ իր միակ ցանկությունն էր: Նա հավանաբար կիմանա անմահական ջրի տեղը: Աղջիկը երգելով ասում է, որ իր կտցով կբերի…Արեգը նրա խոսքերից շատ բան չի հասկանում, բայց տալիս է թևերը և սա, աղավնի դառնալով, գնում է, մի քանի րոպ եանց, մի փոքրիկ շիշ կտցին, անմահական ջրով լիքը, բերում տալիս է Արեգին: Արեգը շարունակում է իր ճանապարհը: Մի աշտարակ տեսնելով՝ գնում է դեպի այն: Նրա առջև բացվում է մի մեծ քաղաք, բայց քաղաքը քարացած է: Մարդիկ ամեն մեկը մի բան անելիս այդպես էլ քարացել են: Արեգը հիշում է աղավնի աղջկա խոսքերը ու հասկանում, որ դա նրա ասած քարե քաղաքն է: Գտնում է մի քարացած մարդու կենդանի գլուխ, որը ջուր է ուզում: Արեգը տալիս է իր անմահական ջրից, և մարդը վերակենդանանում է: Պարզվում է, դա քաղաքի Անդաս անունով թագավորն է: Արդեն քառասուն տարի է, ինչ քաղաքը քարացած է: Մի պառավ հրեշ է այն քարացրել, իսկ իրեն կիսով է քարացրել ավելի տանջելու համար: Պառավը ամեն օր նույն ժամին գալիս շրջում է քաղաքում: Նրան կարող են հաղթել միայն բարի Ոգիները կամ այնպիսի մարդ, որն ունի բարի Ոգիների պաշտպանությունը: Արեգը կարծում է, որ նրանք իրենց կպաշտպանեն և դուրս է գալիս պառավի առաջ, երբ սա հայտնվում է: Արեգը հարձակվում է նրա վրա և խլում գավազանները, պահանջում վերակենդանացնել քաղաքը: Քաղաքը վերակենդանանում է, բայց ոչ ոք չի հասկանում, որ քառասուն  տարի քարացած է եղել, քանի որ ամեն բան շարունակվում է այն պահից, որ պահից որ քարացել էր: Մարդիկ անգամ կարծում են, թե թագավորը խելագարվել է: Բայց Արեգը նրանց աչքի առաջ քարացնում է պառավին վերջինիս գավազաններով: Մարդիկ հավատում են, քարացած պառավին գցում են ջուրը և քսան օր քեֆ են անում: Արեգը երազում տեսնում է, որ Նունուֆարը վերջին շնչումն է և վերադառնում է: Վերջին պահին հասնելով՝ անմահական ջուր է կաթեցնում Նունուֆարի շուրթերին, և աղջիկը մի քանի վայրկյանում ապաքինվում է՝ հիացած Արեգով: Բոլորը ծիծաղում են: Նունուֆարը հագնում է գեղեցիկ հագուստներ և այժմ էլ Արեգն է հիանում նրա գեղեցկությամբ: Արեգը կարծում է, որ ինքը հիմա ուրիշ Արեգ է: Գալիս է հայրը: Արեգն ասում է, որ ինքը հիմա տղա է: Հայրը բացատրում է, որ նա այն ժամանակ էլ էր տղա, պարզապես ինքն իրեն դեռ չէր ճանաչում, անմեղ էր ինչպես հրեղեն, հիմա մարդ է դառել հողեղեն: Հանկարծ մի ծիածան է կապվում, որից սանդուղքով ցած են իջնում թվով ինը երկնային թագուհիներ: Նրանցից Աղբյուրիկը, Ցողիկը և Ծաղիկը իրենց պսակները տալիս են Արեգին և Նունուֆարին: Նրա խնդրանքով լուսեղեն օրիորդները հողեղեններին այնպես են զվարճացնում, որ ծերերն անգամ թռչկոտում են ու ծիծաղում ջահելների դանդաղկոտության վրա: Ցողիկի հետ պարելիս Արեգը ճանաչում է այն աղավնի աղջկան: Սա բացատրում է, որ ինքը միայն օգնել է Արեգին ճանաչել իրեն, այդ ամենը խաղ էր, պետք էր անմեղ ու արդար անձ, որ մինչև անգամ իր ով լինելը չգիտեր և ավելի աղջիկ, քան տղա համարվեր: Զանազանը և Զարմանազանը նույն օրը ամուսնանում են մեկը՝ վեզիրի, մյուսը՝ սպարապետի տղայի հետ: Այսպես մի լավ զվարճանալուց հետո հրեղեննները ծիածանի սանդուղքով բարձրանում գնում են: Հաջորդ առավոտ հարսանիքի տոնախմբություն է կատարվում քաղաքացիների ու գյուղացիների համար, որը տևում է քառասուն օր ու քառասուն գիշեր: Ապա Արեգն ու Նունուֆարը ճանապարհորդություն են անում Վանա ծովի վրա և չար պառավի գավազանները գցում են ջուրը: Այդ ժամանակ Երկնքից իջնում է երեք խնձոր՝ կանաչ, սպիտակ ու կարմիր: Արեգը դրանք վերագրում է մարդկային կյանքի երեք փուլերին՝ խակ մանուկ, ծերուկ և հասունություն: Նրանք ուտում են կարմիր խնձորը և հասնում իրենց սրտի փափագին[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշխան-Արման
  • Զանազան
  • Զարմանազան
  • Արեգնազան
  • Թագավոր
  • Թագավորի դուստր- Նունուֆար
  • Քարե քաղաքի թագավոր- Անդաս
  • Կախարդ պառավ
  • Երկնային թագուհիներ- Աղբյուրիկ, Ցողիկ, Ծաղիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]