Մասնակից:Anahit Gegami Sargsyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն քեզ, կյանք...[խմբագրել | խմբագրել կոդը]

                                                                                                     Ողջու˜յն քեզ, Մուշեղ,
                                                                                                Իշխան Հայ գիրին:



,,Ես այն համոզմանն եմ, որ ինչ որ հայերենով կգրվի, հայ ոգով կգրվի ու կմշակվի, վերջ ի վերջո հայրենիքին կպատկանի... Մենք բոլորս ալ հայրենիքին ենք: Արտասահմանի մեջ ըլլանք, թե հայրենի հողի վրա, եթե մեր վաստակն արժեք ունի` հայրենիքին կպատկանի: Ոչ ոք կըրնա զայն հայրենիքե խլել:

                                                                                                                               Մուշեղ Իշխան
         “Աննվաղելի և աննահանջ հարատևությամբ, ամբողջանվեր և անսակարկ սպասա-վորությամբ աստվածապարգև Ձեր բանաստեղծական տաղանդը, գրչի շնորհը, գիտությունն ու հմտությունը Դանիել Վարուժանի պատկերացումներով «Սերմանող»-ին  պես ցանեցիք հայ ժողովրդի կյանքի գրական, գրաքննադատական, մտավորական և կրթական անդաստաններուն մեջ, «Մշակ ցանե» հրամայական ունկնդիր և հավատարիմ կեցվածքով և վերաբերմով:
            Հիմա Ձեր ցանքի ու մշակության բարիքներդ վաելած ու վաելող ժողովուրդն է, որ իր սրտին, մտքին ու կյանքին մեջ Ձեզ մեծարելու երջանկությունը կ'ապրի:”
                              Գարեգին Բ Կաթողիկոս   ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ   ( մայիսի 22 ,  1988,
Մ.Իշխանի ծննդյան   75    ամյակի  և  Ամերիկահայ միջազգային քոլեջի             պատվավոր  դոկտորի կոչման հանդիսության առիվ)

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ, մանկավարժ ու հրապարակախոս Մուշեղ Իշխանը մեծ ներդրում ունի հայրենի գանձարանում: Սակայն հայրենիքը մեծ պարտք ունի Մուշեղ Իշխանի անունը ժողովրդին վերադարձնելու գործում: Յոթանասուն տարվա պատնեշները, որոնք անմատչելի հեռավորություն էին ստեղծել Արաքսի այս և այն կողմում ապրող հայերի համար, մերժել էին սփյուռքահայ գրողներին՝ հանիրավի դեռ շեմից: Տնօրինել էին խորթացումը և քաղաքական ինքնապահովագրման զգացողությունը: Այս տեսանկյունից սփյուռքի գրական աշխարհը ճակատագրի բերումով անծանոթ էր հայ ընթերցողին : Հայրենի երկրում փակ ու արգելքի տակ էին Մուշեղ Իշխան անունն ու նրա ստեղծագործությունները: Նրան չէին վերաբերում տունկանչի հայրենի ձայները (“դաշնակցական էր”): Սփյուռքի լավագույն բանաստեղծը, մեծ մտավորականը Հայաստանի ընթերցողին հասնելու համար պետք է երկար սպասեր, պետք է սպասեր քաղաքագետ-կուսակցակաների թույլտվությանը համբերությամբ, ներողամտությամբ և հավատով: «Հոգ չէ,- ցավով, ներողամտությամբ ժպտացել է բանաստեղծը,- մեր օրն էլ կգա»: Այդ օրը չեկավ, չտեսավ բանաստեղծը: Եվ այսօր մեր պարտք է, ինչպես Վահագն Դավթյանն է ասել “շնչառության պես բնական ու հառաչանքի պես ինքնաբուխ” նրա գործերը իր ընթերցողին հասցնելուն: Մուշեղ Իշխան անունը դեռևս լավ ծանոթ չէ հայրենի ընթերցողին, մինչդեռ նա վաղուց արդեն շատ սիրված ու հեղինակավոր անուն է սփյուռքում և խոշոր դեմք` սփյուռքահայ գրականության մեջ: «...Համեստության, պարզության, պարկեշտության ու բարության այս տիպար մարդը հավատարիմ մնաց իր սերերուն, երազներուն, տագնապներուն, մարդկային արժեքներուն, որոնց ճշմարիտ երգիչը եղավ ան»: Այս գնահատականը տվել է Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Արամ արքեպիսկոպոս Քեշիշյանը: Սփյուռքի տաղանդավոր մտավորական Վահե Օշականը հիացումի խոսքեր է ուղղել Մուշեղ Իշխանին: «Կես դարեն ավելի անցել է այն օրեն, երբ Մուշեղ Իշխանի անունը կմտներ հայ բանաստեղծության պատմության մեջ, որպես զգայուն, նուրբ և անձկալի քնարական տաղերու` որու ցավի, երազի ու սիրո ծարավի տաղերուն մեջ այդ օրերու երիտասարդները իրենք իրենց ինքնությունը կգտնեին: Այսօր իր տողերը մեզ հետ են, որովհետև անոր քերթողությունը դարձած է սփյուռքի դասականության սյուներին մին... Մուշեղ Իշխանի բանաստեղծական հատորները մեյ մեկ վկայություններ են հայ հոգեբանության ու գեղեցիկի զգայարանքի մասին և արժանի մեծ գնահատության»: Մուշեղ Իշխանի (Ճենտերեճյան) կյանքը մի անմոռաց նվիրում է սփյուռքի երիտասարդ սերնդի հոգևոր սնուցման ու դաստիարակության գործին: Հայրենիքում առաջին անգամ, սփյուռքում վաղուց արդեն լայն ճանաչում գտած մեծանուն բանաստեղծը ներկայացվել է «Սփյուռքահայ բանաստեղծության» անթոլոգիայում («Երևանի պետական համալսարանի հրատարակչություն», «Ուսանողի գրադարան» մատենաշար) 1981թ-ին: Առանձին գրքով 1990 թ-ին նրա մահից հետո, հայրենիքում լույս ընծայվեց հեղինակի երկերի ժողովածուն, իսկ 1994թ-ին` բանաստեղծի ծննդյան 80 ամյակի առթիվ, «Ուխտագնացություն» բանաստեղ-ծությունների գրքույկը: Այնինչ, դեռևս 1936 թ-ից սկսած հեղինակի ութ ժողովածուները, չորս վեպերը, թատերագրությունները, հուշագրությունը, գրականության պատմության ձեռնարկները, երեք հատորից բաղկացած հայ գրականության դասագրքերը, բազմաթիվ քննադատական, գրականագիտական ու հրապարակախոսական հոդվածները Մուշեղ Իշխանին դարձրել էին սփյուռքահայ ընթերցողի ամենահարազատ անուններից մեկը: Հայոց Մեծ Եղեռնը իր անջնջելի կնիքն է դնում 1914 թ-ին` Թուրքիայի Անկարայի նահանգի Սիրվի-Հիսար գյուղաքաղաքում ծնված Մուշեղ Ճենտերեճյանի կյանքի ամբողջ ընթացքի և գրական ստեղծագործությունների վրա: Մանկության առաջին չորս տարիները անում են աքսորի սարսափների մեջ: Ընդամենը չորս տարեկան` զրկվում է հորից և նորից բռնում գաղթի ճամփան` այս անգամ մոր հետ: Այդ դժոխային օրերի հուշերը իրենց արձագանքն են գտնում նրա բանաստեղծություններում` “ աշխարհի ցավով հիվանդ է հոգիս “, մորմոքվում է Տեր-Զորի բարկ ավազների վրա անթաղ դիակների ցավ ու կսկիծով : Նրա հոգում հնչում են աշխարհով մեկ սփռված տարագիր հայերի մոլոր ոտնաձայները: Տարագիր ընտանիքը հասնում է Սիրիայի Դամասկոս քաղաքը և չնայած դժվար օրերին ու նեղություններին` նրա առաջ բացվում են տարբեր վարժարանների դռները: Երկու տարի սովորում է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում`աշակերտելով Հակոբ Օշականին, որը խորը ազդեցություն է ունենում իր ձևավորման և կայացման գործում: Այդ մասին Մուշեղ Իշխանը գրում է. “Այնքան զորավոր հետք ձգած էր Օշական իմ պատանի հոգիիս կազմավորման վրա, որ երբ գրիչս ձեռքս կառնեմ բան մը գրելու համար, իր խոսքերն են, որ կհնչեն նորեն հեռավոր անցյալին ընդմեջեն և կը վախնամ բառերը «ձրի» շռայլելու մահացու մեղքեն»: Այդ թանկ արժանիքով էլ հենց գնահատվում է Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներկապնակը: Առանց ավարտելու Մելքոնյան վարժարանը, երբ արձակուրդներին գալիս է Բեյրութ, 1930 թ-ին դառնում է Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի նորաբաց Հայ Ճեմարանի գիշերօթիկ սանը: Հինգ տարի հետո ավարտելով ճեմարանը` մնում է աշխատելու այնտեղ որպես ուսուցիչ: Ճեմարանը շնորհաշատ ուսուցչին 1938 թ-ին ՀՀ Դաշնակցության հովանա-վորությամբ ուղարկում է սովորելու Բրյուսելի համալսարանի գրականության և մանկավար-ժության բաժնում: Այդ ընթացքում Մուշեղ Իշխանը մասնակցում է համալսարանում Նիկողայոս Ադոնցի հիմնադրած հայագիտական ամբիոնի դասընթացներին: 1940թ-ին հիտլերյան կրակներից փախչելով Բելգիայից նորից վերադառնում էԲեյրութ և հարազատ ճեմարանում աշխատում է մինչև կյանքի վերջը` դասավանդելով հայոց լեզու, հայ գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն: Մուշեղ Իշխանը սկսել է գրել 16-17 տարեկանից: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1932 թ-ին «Հայրենիք» ամսագրում: 22-ամյա բանաստեղծի անդրանիկ ժողովածուն Վահան Թեքեյանի ջերմ ուշադրությանը արժանացած «Տուներու երգն» է, որը տպագրվել է 1936թ-ին: Բանաստեղծի կսկիծը, խոշտանգված մանկության հուշերը, անհաս հեռվում մնացած հայրենի տան, գեղեցկությունների ու սրբությունների կարոտն են ամփոփված են «Տուներու երգը» ժողովածուի մեջ: Տարագրության մեջ ապրած բանաստեղծի համար ամենածանր իրողությունը օտարի ձեռքում մնացած պապենական տան հավիտենապես փակ լինելն է: Թեև իր կյանքի ճանապարհին բանաստեղծը շատ տներ է թողել, սակայն երբեք չի զղջացել: Նրա համար ամենասուրբ անկյունը պապենական տունն է, առանց որի Ինչքա˜ն աղքատ եմ այսպես ես անկայուն, անբևեռ… Առանց փոքրիկ քու հարկիդ, ո'վ տնակ իմ հայրական, Աշխարհն այս շա˜տ է անհուն կյանքիս համար աննշան… Բանաստեղծի հոգին ալեկոծված է վաղ մանկության հուշերից ու հիշատակներից, հրդեհվող տների` դեպի երկինք բարձրացող բոցերից, գնդակների որոտից թնդացող հայրենի գյուղի պատկերից, աքսորի ճամփի անթաղ դիակներից: Անճար, անտուն բանաստեղծի բողոքն է բարձրանում առ երկինք հայ մամիկի աղոթքով. Ալ կը բավե', Տեր Աստված, մեր տունն ու տեղ դարձուր մեզ, Թշնամիս իսկ մեզ նման ուրիշի դուռ չձգես: Անասունին կուտաս որջ և թռչունին` տաքուկ բույն, Իսկ մարդոց ալ մեղավոր` տուր ապավեն մեկ անկյուն: Հայրենի տունը կորցրած բանաստեղծը ցավի մեջ պարփակված չի մնացել: Հույսը չկորցնելով` նա հայոց գալիքը լուսավոր է տեսնում: Հայրենական կարոտի ու երազի հոսանքում հայ լեզուն նրա համար անժխտելի ապավեն է, որը ոչ մեկը չի կարող գողանալ, նույնիսկ “մթին ապագան”: Դեռ պատանի, որոնելով ֆիզիկական ու հոգևոր ապաստան` նա գրում է մի հրաշք բանաստեղծություն, որը դարձել է սփյուռքում ամեն հայ մանկիկի հոգու ձևավորման հիմքը: Այն ավանդական էր դարձել Մելքոնյան վարժարանի սաների համար, նրանք արտասանում էին այն որպես երդում: Հայ լեզուն տունն է հայուն աշխարհի չորս ծագերուն, Ուր կը մտնե ամեն հայ իբրև տանտեր հարազատ, Կ'ստանա սեր ու սնունդ, սրտի հպարտ ցնծություն Եվ բորյանեն ու բուքեն հոն կը մնա միշտ ազատ: … Հոն է միայն որ կրնա գտնել ամեն հայ կրկին Խաժամուժին մեջ օտար կորսնցուցած իր հոգին, Անցյալն անհուն և ներկան, նույնիսկ մթին ապագան… Բանաստեղծական անդրանիկ հայտի համար անպայմանորեն ուշագրավ ու հատկանշական էր համեմատաբար փոքր նյութի մեջ խորանալու կարողությունը, ոչ միայն հնարավոր կրկնությունների իսպառ բացառմամբ, այլև իսկապես բանաստեղծական նոր հնարանքներով: Անհերքելի այդ արժանիքն էր, որ Հակոբ Օշականի նման բծախնդիր ու ծայրահեղորեն խստահայաց քննադատին թույլ էր տալիս բանաստեղծի առաջին իսկ գրքում տեսնել հայոց դասական քնարերգության ավանդույթների զարգացման ու հարստացման հեռանկարը: Ժամանակը ցույց է տվել, որ այդ մեծ մտավորականը չէր սխալվում: 1938թ-ին լույս է տեսնում Մ.Իշխանի «Կրակը» ժողովածուն: Վաղ մանկությունից մնացած հուշերն ու հիշատակները անընդհատ այրում են բանաստեղծի հոգին: Հրդեհվող տների երկինք բարձրացող բոցերն ու գնդակների որոտից թնդացող հայրենի գյուղերը, տանջամահ եղած հայերի աքսորի ճամփեքին փռված անթաղ դիակներն են նրա հոգում : Նրա հոգու հրդեհը ո’չ օվկիանոսները, ո’չ օտար փառքը չկարողացան մարել: Ապրիլյան զոհերի հիշատակին խորագրված «Գարնան անձրև» բանաստեղծության մեջ նա դիմում է կենարար անձրևին` հիշեցնելով մահ, մուխ, մոխիր ու լռություն դարձած ավերակ երկիրը և խնդրում, որ «պուտ մը ջուր» հասցնի պապակ ոսկորներին… Եկո՜ւր,անձրև՜,աղոթքի պես թաղմանական. Ես կ՛ուզեմ լալ մանուկի տաք աչվներով

                       Այնքա՜ն ուրախ տոնին համար սա հո՛րդ գարնան
                       Եվ կյանքերուն՝ որ ինկան մերկ և անգորով…

«Սպասում» բանաստեղծության մեջ բանաստեղծը անցյալի և ապագայի խաչմերուկում լուռ, անտարբեր դիտող է, անհայտին ինքնասույզ ունկնդիր: «Երջանկության և բախտի ճեպընթացին» սպասող բանաստեղծը սպասում է, գնացքները ամեն օր անցնում են, սակայն նրա գնացքը չի գալիս: Նա հույսը չի կորցնում, կույր հավատով սպասում է սրընթացին, որը պիտի հաղթականորեն սուրա դեպի կապույտ հեռուները, դեպի ոսկեղեն լուսաբացը: Սակայն բանաստեղծի մեջ կա վախ. գուցե ցնորք է իր երազանքը, գուցե, երբ իրականանա, ինքը արդեն չլինի: Կյանքս ըրած կայարան, շուրջս` աղմուկ ու մարդիկ, Կապած ծրար, պայուսակ, տեսած ամեն հաշվեփակ` Անկյուն մը լու˜ռ, ձեռնածալ` ես կ'ըսպասեմ շարունակ Երջանկության և բախտի ճեպընթացին բացառիկ: «Կրակը» ժողովածուի առավելապես քնարաշունչ երգերից առանձնանում է «Սթափում» բանաստեղծությունը, որտեղ տառապագին ինքնազննումով և սթափ ինքնագիտակցումով կյանքի են կոչված բանաստեղծի խոհերը: Ժամանակավոր արտաքուստ խաղաղ հաշտություն է հորդորում բանաստեղծը, սակայն խորքում իմաստուն հանդարտությամբ զսպված պայքար կա, պոռթկում: Նա լսել է տալիս հոգու զանգերի ձայնը, որ կանչում է գալիք մարտերի: Այս չէ քու ճամփադ, հոս չունիս կայան, Խեղճ գաճաճներու այն ցեղեն չես դուն, Թո'ղ հարվածեն քեզ, պահ մը թող ցնծան, Դուն զարկդ պահե' գալիք մարտերուն:

Եվ ահա~, զգույ'շ, ականջ դիր կուրծքիդ, Խռովքի մ'անլուր զանգերն են արդեն, Որ քեզ կը կանչեն քու մեծ երազիդ Տղմուտ օրերու տրտում մշուշեն... «Կրակը» ժողովածուին հաջորդում է «Հայաստան» պոեմը 1946 թ-ին: Ավարտվել էր Համաշխարհային պատերազմը: Մարդկությունը փրկված էր հիտլերյան աղետից: Փրկվել էր նաև մեր հայրենիքը և տուն էր կանչում իր զավակներին: Սակայն հայրենի տունը փնտրող բանաստեղծը տարակուսանքի մեջ էր, թե Արևմտյան Հայաստանը կմիավորվի մայր հողին, թե ոչ: Այս հակասական խոհերի արդյունքը եղավ «Հայաստան» պոեմը, որը հայի և հայրենի հողի միասնության խորհուրդն է, տարագիր հայի և «ծիրանի ծառ հաստարմատ» Հայստանի հակադրությունն է. Ճակատագրի մրրիկներեն հողմակոծ Ծիրանի ծառ հաստարմատ, Որուն կոտրած ճուղերուն տեղ վիրախոց Նոր ընձյուղներ կը բարձրանան անընդհատ: ... Ազատության հորիզոնին դեմ կանգուն Մահատեսիլ կախաղան, Վրեժի սուր և հերոսի կեռ դաշույն, Ամեն զոհի սուրբ սեղան: 1945 Բեյրութ Տուն փնտրող տարագիր բանաստեղծը, հայրենի տան կանչին արձագանքելով հանդերձ, իր «Հայաստան» երկարաշունչ պոեմով անորոշության մեջ է խարխափում, սիրտը անհաղորդ է հողի ձայնին, շարունակում է թափառել ոգեղեն հայրենիքի հեքիաթի մշուշի մեջ: 1949 թ-ին տպագրված «Կյանք ու երազ» ժողովածուի մեջ կյանքն ու երազը իրարով են պայմանավորված. երազն է գեղեցկացնում և շնչավորում կյանքը, բնությունը, լույսը: Կյանքը երազի իրականացման ձգտումն է: Փակ հոգու աչքերը բաց են երազների առաջ: Կյանքն իր երազ մը եղավ, ինչպես երազն` իրեն կյանք Համատարած, մտերմիկ, բայց հավետ նոր ու անհուն. Իր աչվըներն անծանոթ ճանճանչներով հմայուն` Չբաժանեցին իրարմե ճշմարտություն ու պատրանք: «Կյանքն իր երազ մը եղավ» Բանաստեղծի հոգին դեգերում է երազի և իրականության սահմաններում: Ու միայն ադամորդուն է տրված երազի հավերժական սիրահարը լինել, խանդաղատանքով նորը ստեղծել, բաց ու անսահման տեսնել, խորը թափանցել և զգալ, հստակորեն սահմանազատել «քաղցր սուտն» ու «ապօրեն ներկան», խենթությունն ու բանականությունը: Երազն անհաս` երկինքներեն մայիսյան, Ջերմ ու պայծառ, ճառագայթի փունջի պես, Օր մը իջավ հողին վրա անկենդան, Երազն այդ` դու'ն և երազողն էի ես: «Օր մը իջավ երկինքեն» Ունայնության մեջ դեգերող անհույս անցորդին բանաստեղծը կյանքի է կոչում, հույս է տալիս, ցույց է տալիս ամպերի մեջ թաղված վեհ, ձյունապատ բարձունքները, որտեղ հողածին արարածը կալանավոր չէ և միշտ կարող է գտնել իր հեքիաթը. Եթե ճամփան երազներու երկնային Քեզ միշտ օտար կը մնա, Եթե երբեք չունիս մուտք դարպասեն ներս լուսնկա Հեքիաթներու աշխարհին, Գոնե կրնաս բռնել կածան մը խոնարհ, Որ գրկե դաշտ ու արոտ, Դառնա գոտին բլուրներուն ծաղկավառ Եվ քեզ տանի համրորեն գեղեցկությանց անծանոթ… «Եթե» Կյանքի ու երազի բանաստեղծական ընկալումը առկա է հեղինակի ոչ միայն պոեզի-այում, այլև արձակում: Նրա ռոմանտիկ, վերամբարձ հոգու լույսը տարածվում է անգամ դառը ռեալիստական նկարագրությունների վրա: Հեղինակի արձակի հիմքում ընկած են իր ապրած տարիների հուշերը, տառապանքները, իր ոգեշնչումները, իր գնահատանքն ու երախտագիտության զգացումը իր ուսուցիչներին: 1952 թ-ին տպագրվց «Երեք մեծ հայեր» գիրքը, որի մեջ Մուշեղ Իշխանը ներկայացրեց երեք նշանավոր մտավորականների` Նիկողայոս Ադոնցին, Նիկոլ Աղբալյանին և Լևոն Շանթին, իսկ 1984 թ-ին տպագրվեց «Իմ ուսուցիչները», որը ընդգրկեց նախորդի բովանդակությունը` ավելացնելով Հակոբ Օշականի, Սիմոն Վրացյանի, Կոստան Զարյանի և Վահան Թեքեյանի մասին հուշագրությունները: Ամեն մարդու մարդկային չափանիշներից է նրա երախտագիտության զգացողությունը, և որքան բարձր ու մեծ է այն, այնքան բարձր են իր մարդկային արժանիքները: Այդ մեծ արժանիքից անմասն չէ Մուշեղ Իշխանը, որը իր բնութագրական հուշագրքերում իր ուսուցիչ-մեծություններին ներկայացնում է ոչ միայն որպես գրողներ, գործիչներ, մտավորականներ, այլև մեծ հայեր, մեծ “Մարդ”: 1956 թ-ին տպագրվեցին «Հացի ու լույսի համար», «Հացի ու սիրո համար» վեպերը, որոնք հեղինակի հարազատների ու ազգականների, կոտորածից ճողոպրած հայերի տառա-պանքի ծանր օրերի դառը պատմությունն են: 1958 թ-ին` Մերձավոր Արևելքի հայկական կրթօջախների ծաղկման շրջանում Մուշեղ Իշխանը դրսևորում է իր լավատես հավատը, շնորհակալ մարդ էությունը «Ողջույն քեզ կյանք» գրքով: Ոչ թե ժամանակահատվածն ու իրադարձու-թյուններն են բանաստեղծի վրա ազդել, այլ ինքը` աստծուց և կյանքից շնորհակալ մարդն է այդպիսին: Զուգահեռները տանելով Ավ. Իսահակյանի “Աբու-Լալա Մահարի” պոեմի հետ` … Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց Խալիֆների հոյակապ քաղաքում… Եվ նրա խորաթափանց հոգին ճանաչեց մարդուն Ճանաչեց և խորագին ատեց մարդուն Եվ նրա օրենքները, Մուշեղ Իշխանը համադրում է. Հայաստանի տարագիր մեծ բանաստեղծը, Որ տասնյակ տարիներ ապրեցավ պանդուխտ Օտար ու ցուրտ երկինքներու տակ… … Ան իր սիրտը բաժնեց մաս առ մաս Հանուն մարդոց և աշխարհին, Ողջույնի մեջ եղբայրական… Մուշեղ Իշխանը մեծ պոետ Իսահակյանի պոեմի օրինակով յոթ սուրահները փոխարինել է յոթ ողջույններով: Աշխարհից ու մարդկությունից խռոված ու հիասթափված Բադադի բանաստեղծի փոխարեն նա ներկայացնում է ցավը ճաշակած, մութ ու խավարի հառաչանքների միջից ելած պանդուխտ բանաստեղծին` իր հույս ու հավատով, որը, փառավորելով Աստծուն ու արևին, անհագորեն ըմբոշխնում և արբենում է կյանքով, ուզում է նրանով հավերժանալ, լինել նրա անբաժան մասը, լինել նրա «գեղեցկության սրնգահարը» կամ «լուսանվեր գաղափարի առաքյալը»: Բանաստեղծը վրեժ ու խռով չունի կյանքի հանդեպ, պատրաստ է տանելու իր տառապանքն ու ուրախությունը` նույն կրքով պայքարելով ու վայելելով: «Ողջու~յն քեզ, կյա'նք, դուն շքեղ փառք, դուն հաղթանակ Ողջու~յն ցավիդ, հառաչներուդ ու խավարիդ, Ողջու~յն ծափիդ ու ծիծաղիդ ու լույսերուդ… Ինչպես որ կաս` մերթ արտասուք ու մերթ ժպիտ` Դու'ն ես միակ ուժն իրական, խորահորհուրդ, Ինչպես որ կաս` ես կ'ընդունեմ քեզ գրկաբաց Թևերս զույգ քեզ ընդառաջ այսպես պարզած…» Մուշեղ Իշխանի այս սիրագիրը ուղղված է բնությանը, մարդուն, սիրուն, կնոջը, կյանքին և Արարչին: Ի հակադրություն կյանքի ունայնության հոռետեսական աշխարհայացքին` բանաստեղծը, փառավորելով կյանքը, ափսոսում է ժամանակի արագ սլացքը, որ իր տենչանքի «հուր իր ետևեն չի հասնիր», և իր անձը ամեն վայրկյան «մաս մը կ'իյնա անդարձորեն…» և խիստ զարմանում է, թե մարդն իրեն ընծայված թանկ ժամերը ինչպես կարող է իր ձեռքերով թաղել «ձանձրույթի գորշ անապատին մեջ ախտակեզ»: Բանաստեղծը կոչ է անում մարդ արարածին. Ըմբոշխնեցեք կյանքի բաժակն ագահորեն, Ըմբոշխնեցեք զայն երկյուղով երանավետ, Արևահորդ և անապակ իբրև գինի, Որ ափիդ մեջ կաթիլ- կաթիլ պիտի հատնի… Լայնաշունչ այս գրվածքով բանաստեղծը ամեն ինչում գտնում է մարդկային խորին զգացումներ, կյանքը հաճույքի վերածելու կիրք` կյանքի բազմաբեղուն արգանդի ամեն ծնունդ համարելով մահվանն ընդդեմ հաղթանակ. Որքան ալ դառն ըլլա բաժակն այս փորձության, Ես քեզ համար լոկ օրհնություն ունիմ հավետ, Բավ է որ, կյա'նք, մնամ աղվոր տեսքիդ արժան: … Լավ է հսկել քու մեկ մոմիդ տակ պլպլան, Քան թե գրկել ահեղ խավարն անդենական… … Ես հարուստ եմ և մեծազոր, քանզի կ'ապրիմ, Ես կը վայլեմ բախտաշնորհ կյանքի ընծան… Փառավորելով Արարչին, որ իր ստեղծած ծաղիկների, մանուկների, աստղերի, բոլոր շքեղ հրաշքների ականատեսն ու վկան է իրեն դարձրել, իր երախտագիտությունն ու ուրախությունն է հայտնում` ասելով, որ տրված ամենամեծ շնորհը “մարդացյալ կյանքի շնորհն է այս անսահման…” Բանաստեղծը իր գրվածքը ավարտում է կյանքին և մարդկանց ուղղված այս տողերով. Կուզեմ կանգնել Արարատի բարձր գահին Եվ ավետել անոնց, որ կան, զիս կը լսեն, Նաև անոնց, որ դարե դար դեռ պիտի գան, Թե ես հպարտ մասն եմ կյանքին, տիեզերքին: Թե ես կապրիմ, ես կը շնչեմ, ես կա~մ, ես կա~մ... 1963 թ-ին և 1968թ-ին լույս են տեսնում բանաստեղծի «Ոսկի աշուն» և «Տառապանք» ժողովածուները: Մուշեղ Իշխանը ներկայացնում է կյանքը բոլոր կողմերով, իր բազմազանությամբ, լաց ու ծիծաղով, հավատով և հիասթափությամբ: Նա տագնապ ունի իր ազգի ճակատագրի նկատմամբ` «Օտար հարս, հայ փեսա», և այդ տագնապ անհիմն չէ. ապագա սերունդները արդյոք կպահպանեն մեր սրբությունները` «Խոսե', տղաս, խոսե' անվերջ մեր լեզուն»...

 	Այս ալեկոծ հոգին ծնում է «Ես Մասիսը չտեսա» բանաստեղծությունը, որը նրա կարոտի կանչն ու տառապանքն է, հայրենիքի փակ դռների առաջ ճիչն ու մորմոքը: Բանաստեղծը կարծում է, որ հայ ազգի գոյության հավերժական առասպելը և խորհրդանիշը չտեսնելը խաղաղ քուն չի կարող բերել հայի աչքերին, և հանգում է խորը ընդհանրացման. մասյաց որդու համար չի կարող լինել խաղաղ քուն`  առանց հայրենի երկրում ճանաչված լինելու, գնահա-տանքի արժանանալու: հոգու խորքում կարոտով ու սպասումով փայփայում էր հույսը, որ մի օր հայրենիք  կհասնեն իր գրքերը:

...Ես շառավիղ Հայկազյանց, հայու ժպիտ, հայու լաց Մասյաց որդի հարազատ` ես Մասիսը չտեսա: ... Դեռ քանի օր ու տարի պիտի քայլեմ ես այսպես... Մութ է ճամբան պանդուխտի- ես Մասիսը չտեսա. Ինչպես աչքերս փակեմ, երբ որ ո’վ մահ, զիս կանչես, Ես Մասիսը չտեսա... Փոթորկահույզ սիրո ուժով բանաստեղծությունը գրավում է բոլոր հայերին, բարձրացնում հայի մեջ բողոքի ձայնը, հիշեցնում հայի պայքարը: Այն կոչ է արդարության նվաճմանը, համամարդկային ընդվզում է, ճշմարիտ կարոտ ու սպասում: Հայ մամիկի շուրթերով աղոթքի մեջ բանաստեղծը գրում է. Ալ կբավե, Տեր Աստված, մեր տունն ու տեղ դարձուր Թշնամիս իսկ մեզ նման ուիրշի դուռ չձգես: Տարագրության ողբերգությունը ճաշակած բանաստեղծի հոգում տառապանքը, նվիրումը և երազը իրար են միախառնված. Ցնորք է գուցե մեր շուրջ ամեն բան, Աչքերը մարդուն` խաբկանքի պաստառ, Անցքերն աշխարհի` լոկ շարժանկար, Ցնորք է գուցե մեր շուրջն ամեն բան: Ալեկոծ, տառապած հոգին, իր ցավին դարման չգտած, արյունոտվում է շարունակ աշխարհի ցավով, ընդհանրապես մարդկային ցավով. Սիրտա կ'արյունի աշխարհի ցավով, Որքա~ն տառապանք, Աստվա'ծ իմ, չորս դիս, Կյանքի դաշտերեն փչող ամեն հով Հառաչ ու կսկիծ կը զարնեն դեմքիս: ... Աստվա'ծ իմ, որքա'ն անարդար վճիռ, -Ես ինչպես կրնամ քար դնել խղճիս... Կյանքեր թևաբեկ և շղթայակիր. -Աշխարհի ցավով հիվա~նդ է հոգիս... Աշխարհի ցավը, մարդկային տանջող զգացումներն են պանդուխտի երգերը. Օտար քաղաք, օտար շենքեր, խուց մը մերկ, Պանդուխտ մը ծեր, ինկած հիվանդ ու մինակ, Սրտին վրա խոր կարոտի այրող վերք Եվ տանջալից, դանդաղահաս հոգեվարք... Այս ամենի մեջ բանաստեղծի մտասևեռումն է տարագիր հայի ճակատագիրը: Եղեռնի դժոխային իրողության վրա ծնվում են բանաստեղծություններ «Մայր իմ խելագար», «Հիշեցեք զիս» և այլն: Ողբերգության անմարդկային բեռից խելագարված կինը իր վերջին հույսին` սովից կիսաքամված փոքրիկ տղային, խուճապի ժամանակ կորցնելուց հետո իրեն նետում է գետի հորձանքի մեջ: Սակայն նրա հոգին մահից հետո անգամ փնտրում է իր սիրասուն զավակին. Կես դար առաջ ձեր աշխարհեն մտերիմ

           Ես հեռացա խելագար

Եվ հանդերձյալ աշխարհին մեջ կը շրջիմ

           Միշտ խելագար իբրև մայր...

«Հիշեցեք զիս» բանաստեղծության հերոսը եղեռնի անմեղ զոհ մանկան հոգին է. ...Չեք ճանաչար զիս, ես այն մանչուկն եմ սիրասուն, Որ հոգնասպառ, կիսամերկ, Անապատի մեջ Տեր-Զորի մտավ քուն Եվ չարթնացավ ալ երբեք: ... Ոչ զարդ կ'ուզեմ և ոչ տաքուկ բրդեղեն, Կմախքներ միշտ մերկ կ'ըլլան. Բայց երբ առնեք տաք հացիկներ դուք փուռեն` Հիշեցե~ք զիս անպայման... Մարդկային տառապանքի երգերի, մարդկային ծանր ճակատագրերի պատմություններին որպես սպեղանի բանաստեղծը ներկայացնում է ադամորդուն. Կը սիրեմ քեզ Ադամորդի', Նետերուն դեմ հազար ցավի Կուրծքդ պարզած իբրև թիրախ, Աչքդ հառած հույսին ծավի` Դուն կքայլես այդպես խիզախ... Ետիդ` անհու~ն ադամամութ Առջիդ` սև սուգ և խոր անդունդ, Ճամբուն վրա տառապանքի Դուն կմնաս այդպես ոտքի... Արտասուքն ու ժպիտը, հառաչանքն ու հրճվանքը, լացն ու ծիծաղը միախառնած բանաստեղծը առաջ է քաշում աշխարհի դրվածքը, մարդկայինն ու անմարդկայինը, ցույց է տալիս պայքարի բովում տարօրինակ մարդ արարածին. Տարօրինակ, տարօրինա~կ մարդ արարած, Մոմ մը լույսով խավարին մեջ համատարած Կը հալածես դուն տեսիլքներ արևավառ, Կը խարխափես և խավարին չես հավատար... ... ...Կը տառապիս և վիշտերուդ չես հավատար: ... ...Կը խեղդվիս` շղթաներուդ չես հավատար: ... ...Ցավեդ կ'ոռնաս և ցավերուդ չես հավատար: ... ...Կ'իյնաս անշունչ, սակայն մահվան չես հավատար... Նվիրյալ մտավորականների համառ ջանքերով 1962թ. օգոստոսին սփյուռքահայ մանկավարժների համար կազմակերպված դասընթացների անդրանիկ խմբում իր երազած նախնյաց երկրում հայտնվում է նաև ՀՅԴ կուսակցության անդամ Մուշեղ Իշխանը: 37 տարվա բաժանումից հետո նա հանդիպում է մորը, քրոջը` Հուշիկին և եղբորը` Գևորգին: Սա միակ անգամն էր, որ Մուշեղ Իշխանը տեսավ մորը. երկրորդ այցի ժամանակ (1979թ. օգոստոս) մայրը արդեն չկար: Հեռվում բանաստեղծ որդին սգում է մոր մահը` գրելով մի բացառիկ մահերգ, ցավին միացնելով սեր, կարոտ, հավատ ու հույս հայրենի հողի, երկրի, գանձերի, մայրության, տոհմի, սուրբ բարբառի, հայ մնալու համար: Այս ամենը խտանում են մոր կերպարում, որը միանում է հեռվում գտնվող, “ավելի անուշացած ու մայրացած” Հայաստանի հողին և սուրբ բարբառին. Մա~յր իմ ` արև ու հեռանու~շ լուսնկա Դարձար նշխար ու միացար մեր հողին, Եվ հողն անուշ հայրենիքին հնամյա Քիչ մ'ավելի անուշացավ...

Մա~յր իմ` երկինք և առավոտ սրբալույս, Դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբույր Եվ հողը սուրբ լուսապսակ պապերուս Քիչ մ'ավելի սրբացավ...

Մայր իմ, դուն գանձ և անսպառ ոսկեհանք,

                       Դարձար խորհուրդ և հողակոյտ աննշան,
                       Բայց գանձն անխույզ մեր հողերու լանջքին տակ՝
                       Քիչ մ՛ավելի աճեցավ…

Մայր իմ՝ աղբյուր անհաս հրաշքին,

                       Գացիր ննջել Լուսավորչի աստղին տակ
                       Եվ սիրտն անհուն Հայաստանի մայր հողին
                       Քիչ մ՛ավելի մայրացավ…

Մայր իմ՝ երդիկ, մայր իմ՝ սեղան տոհմական,

                       Հարազատ բառ և սուրբ բարբառ մայրենի,
                       Քեզմով հիմա աշխարհն հայոց աննման
                       Քիչ մ՛ավելի հայեացավ…

Սա բացառիկ մի երևույթ է, որ անասելի տառապանք տեսած, լեղի հաց կերած, ցավից տնքացող, կարոտից այրվող, տենչացող մարդը «շրթները երբեք չպղծեց անեծքով»: Նրա հոգևոր ուղին եղել է հարվածների մորմոք, երազ ու կարոտ, և սակայն ինքը միշտ մնացել է անաղարտ հայ մարդ: Հայության տառապանքի և երազների արձագանքը մարմին են առել նաև Մուշեղ Իշխանի արձակի մեջ: 1971թ-ին լույս են տեսել նրա «Մեռնիլը որքա~ն դժվար է», 1979թ-ին` «Սառնարանեն ելած մարդը», իսկ 1980թ-ին` «Թատերախաղեր» ժողովածուները: 1974թ-ին լույս է տեսնում «Մնաս բարով մանկություն» հուշագրությունը, իսկ 1977թ-ին` «Սպասում» վեպը: Բազմավաստակ ուսուցիչ Մուշեղ Իշխանը նաև «Արդի հայ գրականության» դասագրքերի` իրենց տեսակի մեջ եզակի երեք հատորների հեղինակ է: Արաբական Արևելքի քաղաքական բարդ իրադարձությունները նոր աղետ բերեցին հայ ժողովրդի համար ազգապահպան պատնեշ դարձած լիբանանահայ գաղութին` Բեյրութին: Սկիզբ առավ Լիբանանից հայերի զանգվածային արտագաղթը: Մուշեղ Իշխանը սակավաթիվ մտավորականների հետ մնաց ժողովրդի հետ` հանուն գաղութի հարատևման: Այս նորանոր ցավերի, տառապանքների արդյունքը եղավ «Արևամար» ժողովածուն, որտեղ զետեղված են սփյուռքի տագնապներից ծնված տրտում մտորումներ, հարցականներ, ողբերգություններ: Բայց մինչև երբ, մինչև ուր Պիտի երթա այսպես զուր Ազնվազարմ, տանուտեր Հայոց դժբախտ ազգը մեր…. Տարագրության ողբերգությունը ճաշակած բանաստեղծը օտար ափերում տուն հիմնելուց հետո էլ, տեսնելով օտարության մեջ մեր սրբությունների կործանումը, աղավաղումը, լեզվի աղճատումը, գրեց, որ հայի տունը կանգուն է, երբ նա միայն իր հայրենական հողի վրա է. Հողին վրա ուրիշին Տունը, որ դուն շինեցիր, Քար է միայն, հող ու կիր:

Հողին վրա ուրիշին Ծառը, որ դուն տնկեցիր, Չի տար կյանքի հովանին:

…Եվ հողին մեջ ուրիշին Քու ոսկորներդ անտեր Ցուրտեն հավետ կը մրսին… Մուշեղ Իշխանի վերջերգը եղավ ,,Իրիկնալույս ռումբերու տակ,, ժողովածուն, որը գրվեց ու խմբագրվեց հեղինակի կողմից մինչև իր մահվան օրը: 1990 թ հունիսի 12-ին, գրքի ձեռագիրը ձեռքին ,,Գրքեր սիրելի,, բանաստեղծության վերջին տողերը մշակելու պահին իր մահկանացուն կնքեց Մուշեղ Իշխանը` գրիչը ձեռքին: Գրքեր սիրելի, գրքեր մտերիմ, Մենք տարիներով եղանք միասին. Դուք պիտի մնաք, ես պիտի մեկնիմ: …… Ձեզ որբ կը ձգեմ ու կ’երթամ անհոգ, Հայոց դպրության դուք հայ մատյաններ, Պիտի դուք, ավա~ղ, մնաք անժառանգ… Գիրքը տպագրվեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի տպարանում Վեհափառ Հոր` Գարեգին Բ Կաթողիկոսի հովանավորությամբ, որն էլ հայրական գուրգուրանքով և մեծ գնահատանքով որպես գրքին նախաբան գրել է . <<Ողջու˜յն քեզ, Մուշեղ, Իշխան Հայ գիրին: Լուսալար, որ գիտցավ հայուն սիրտը ջերմացնել ու ազնվացնել արվեստի Կրակովը, ... որովհետև հավատաց, որ արվեստ և հայություն, բանաստեղծություն և հայ դպրություն մշտադալար կյանք են և չունեն վախճան, Ողջու˜յն քեզ, Մուշեղ, Իշխան Հայ գիրին: Մեկ անձ էիր, ... հիմա բազմանձ դարձար, ամեն տեղ կապրիս, բոլոր դպրոցներուն մեջ կդասավանդես: Երկաթե վարագույր ալ ահա ապակիացավ, և լույսդ հասավ հոն, մայրաստանն հայոց... Վերջին հատորիկն այս, կարապի երգդ, մատներովդ գրչագրված, դու պիտի չտեսնես: …Վերջին այս հատորիկիդ մեջ, ուր մահվան մերձեցման շունչը կա քաղցրորեն խռովուն, ես կհավատամ, որ դուն չհավատացիր մահվան. Այնտեղ գրչեդ ծորած բառերն ահա կվկայեն. Եթե սկսար հավատալ մահվան, Մեռած ես արդեն. Կյանքը կդառնա ցամքած ավազան Իր պարունակեն: Դուն գրչովդ կյանքդ ըրիր ո’չ ավազան ցամաքելի, այլ` աղբյու’ր հավերժաբուխ և մշտահոսան: ...Եվ հիմա մեր բոլորի գիրիդ մտերիմ, հոգիիդ հաղորդ, հարազատներուդ մատներով կավելացնենք քո բառերը որպես վերջաբան կյանքիդ և որպես սկիզբ անմահությանդ:

                                 Ողջու˜յն  քեզ, կյանք, որ անվանեցար 
                                                                                       ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ : 	
                                                                                              Մ.Իշխանի անվան հ.5      դպրոցի տնօրեն
                                                                          Ֆիզ.մաթ գիտ. դոկտոր, դոցենտ  Անահիտ Սարգսյան