Մասնակից:Մհեր Քումունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորիս տեղանվան ծագման և ստուգաբանության վերաբերյալ կարծիքներ բավականին շատ են, բայց գիտական և հանգամանալից քննություն դեռևս չի հանդիպել: Դրանցում նկատվել են կամ շտապողականություն, կամ սիրողական և ոչ մասնագիտական մոտեցում, կամ թեական տեսակետներ: Մեր աշխատանքում կփորձենք համալրել ու քննել եղած բոլոր կարծիքները և վերջնական տեսքի բերել Գորիս տեղանվան ծագումը:

Հարցին առավել հանգամանալից անդրադարձել է լեզվաբան Ալ. Մարգարյանը: Աշխատանքի մեջ[1] հեղինակը հիշատակում է Գորիս տեղանունը նշող աղբյուրները, ապա գալիս այն համոզման, որ «Գորիս տեղանունը կապվում է իսկապես XIII դարի նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» (=«Սյունիքի պատմություն») գրքում հիշատակված Գորայք գյուղի անվան հետ և այլ բան չէ, քան հենց դրա Գորայս(ընդգծումը` Ալ.Մ.) հայցականի հնչյունափոխական արտահայտությունը»: Գորայք>Գորայսանցումը ճիշտ է նկատված. «Հայերենում քիչ չեն այն դեպքերը, երբ ոչ միայն հասարակ, այլև հատուկ անունների հոգնակի հայցականը ինքնուրույն բառային-բառույթային արժեք է ստանում և գործածվում իբրև բառի ուղիղ ձև. հմմտ., օրինակ, չորք – չորս, դուրք – դուրս, հոգք – հոգս… Բնունիք – Բնունիս, Մասիք – Մասիս, Հարժիք – Հարժիս, Վարդենիք – Վարդենիս և այլն»:[2] Ալ. Մարգարյանը փորձում է լեզվաբանորեն ապացուցել[3] նաև Գորայք տեղանվան վերջադիր -այք-ի` հետագայում ունեցած փոփոխությունները, ըստ որի` «բառասկզբի Գ ձայնեղը խլանում է և Կ-ի կամ Կյ –ի, իսկ բառամիջում այ երկբարբառը է-ի (հմմտ. Գալ>Կա(լ||Կյ ա(լ…) է վերածվում»: Ապա նշում է Կորես /Կյրէս/ տեղանվան մի այլ հիշատակություն, որ վերագրվում է XVII դարին: Ըստ Ալ. Մարգարյանի` «Գորայք տեղանվան Գորայս հայցականից առաջ եկած նույն այդ Կորէս (>Կօրէս||Կյօրէս) ձևն ընդհանուր տարածում է գտնում և ժողովրդի բերանում կիրառվում մինչև այսօր»:[4]  Հեղինակի աշխատանքի այս մասից ենթադրվում է, որ հիշատակված նախնական ձևը` Գորայք-ը, բարբառային հնչեղությամբ հետագայում դարձել է Կյրէս (Գ-ն դարձել է Կ, իսկ –այք/ս/`է>ի), ապա նորից` արդեն ուշ ժամանակներում վերականգնվում է տեղանվան Գ-ն, իսկ –այք-ի է-ն, որը Ավետարանի հիշատակության մեջ դեռևս պահպանված է, այս անգամ էլ հնչյունափոխվում է ի-ի` Գորայք>Կյրէս>Գորիս. «Ուշ ժամանակներում (XIX դարում) բառասկզբի խուլ կ-ն` ձայնեղ գ-ով, իսկ է-ն էլ ի-ով փոխարինվելով, առաջ է բերում Գորիս անվանումը»:[5] Կարծում ենք, այստեղ հակասություն կա բարբառային ձևի վերափոխման` Գորիս դառնալու առումով, կամ գուցե նկատի է ունեցել այն, որ Կյրէս-ը Գորիս է անվանվել երկրորդային վերակազմությամբ՝ որպես նոր գրական ձև: Այնուամենայնիվ աշխատանքում այս հարցը առկախ է մնում: Բացի այդ, առավել կարևոր է տեղանվան բուն արմատի` կոր/գոր/ ստուգաբանումը, որ հեղինակը կապում է քրդական ցեղանվան հետ. «Պետք է ենթադրել, որ դա ածանցավոր (Գորայ+ք) բառ է, մի ամբողջական տոհմի (գորաների) անվանում է եղել և ժամանակի ընթացքում վերագրվել է այն տեղին, որտեղ նրան պատկանող մարդիկ են բնակվել: Սա էլ, ի դեպ, ցույց է տալիս, որ պատմական փաստերին դեմ են գնացել և սխալ են վարվել այն մարմինները, որոնք Սիսիանի շրջանի բարձրադիր գյուղերից մեկը (նախկին Բազարչայը) Գորայք են անվանել:»[6] 

Հավանաբար Ալ. Մարգարյանը Գորիս տեղանվան ստուգաբանության մեջ նկատի է ունեցել հին ավեստերենի gairi [-][7] արմատը` «լեռ» իմաստով, որ կապվում է գորանի իրանական ցեղի անվան հետ: Սակայն գորանի բառի վերջադիր ի-ն մատնանշում է «բնակություն, վայր, ծագում» իմաստները`gorran, և կարծում ենք, որ առնչություն չունի *gairi-ի /garay-, gairi-/[8]հետ, որտեղ վերջին ի/i/-ն արմատի մասն է: Ուրիշ հեղինակներ գորանի բառին վերագրում են «աստծո անունից» իմաստ` «horami»` կապելով Ահրումազդի հետ[9]: Այսպիսով` ավեստերենում առկա gairi /«gairinãm, gairish, gairîm»[10]/ արմատը այս պարագայում որևէ կերպ չի մոտենում Գորիս բնակավայրի անվանմանը: Նշենք, որ գորանի լեզվի կրողները բնակվում են Իրանի հյուսիսարևմտյան և Իրաքի հյուսիսարևելյան հատվածում: Մենք չհանդիպեցինք մի աղբյուրի, որ նշի, թե խորհրդային տարիներին և կամ դրանից առաջ Լաչինի (ներկայումս Քաշաթաղ), Քելբաջարի (Քարվաճառ), Զանգելանի (Կովսական) և Կուբաթլուի  (Սանասար) շրջաններում, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Մարզում բնակեցված քրդերը գուրանի լեզվաճյուղին են պատկանել:  Պետք է նշել նաև, որ «Գուրանները բաժանվում են չորս խմբի` գուրանների ցեղային միավորումը, հավրամանների (ավրոմանների) մեծ ցեղը, բաջալանի ցեղախումբը, քանդուլացիները»,[11] որոնցից ոչ մեկի մասին վկայություն չկա, որ բնակեցված լինեն Սյունիքում կամ նրան հարակից շրջաններում:[12] Գորիսի բարբառում չկան այնպիսի բառեր, որոնք վկայությամբ լինեն քրդական:

Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում առանձին բառահոդվածներով* նշված են Կյորես, Կյորու, Կյուրես, Կորես:[13] Տեղանունների կողքին նշվում է նաև գետ[14] (հավանաբար Վարարակն` Որոտանի ձախ վտակը) Արաքսի ավազանում:  Եվ ստացվում է այնպես, որ այս բոլոր ձևերը պետք է գտնենք գուրան կամ գորան ցեղանվան մեջ: Ընդ որում` խոսելով այս ցեղախմբի մասին` նշվում է, որ «գորան էթնիկ միավոր կարելի է ընդունել միայն ավրամանի (հավրամանի, հավրամի) ցեղը, որին բնորոշ են գորանիախոս (գորանիի հավրամի բարբառով), ահլ-ի հակղի (ընդգծումները հեղինակի` Վ.Ո.) հետևորդ լինելը, նստակյաց կենսաձևը (ընդգծումը մերն է` Մ.Ք.), ոչ ցեղային, ավելի շուտ կրոնադավանական սոցիալական կառույցը»:[15]

Այսպիսով` մի կողմ է մնում այն հետևությունը, որ Գորայք-Գորիս-Կյրէս և սրանց արմատում ընդգրկված ձևը կապ ունի գուրան-գորան ցեղի անվանման հետ:

Գորիս տեղանվան ստուգաբանության շուրջ առանձին աշխատանք ունի Սյունիքի պատմությամբ զբաղվող Ս. Հախվերդյանը` «Գորիս տեղանվան ստուգաբանության շուրջ» վերտառությամբ: Հեղինակը ամբողջացրել է տեղանվանը վերաբերող գրեթե բոլոր կարծիքները: Ավելի նրբանկատ լինելով` պատմաբանը հիմնականում երկու կարծիք է դնում շրջանառության մեջ: Առաջինը, որի վերաբերյալ եզրահանգում չկա, այն է, որ Գորիս անվան առաջին հիշատակումը Ռուսա 1-ին թագավորի սեպագիր արձանագրությունն է. «Գորիս տեղանունը պարունակող թերևս հնագույն գրավոր հուշարձանը ուրարտական Ռուսա 1-ին թագավորի (735-714թթ. Ք.ա) Սևանի լճափին Ծովինարի սեպագիր արձանագրությունն է»:[16] Երկրորդ տեսակետը այն է, որ տեղանվան բառահիմքը գալիս է հնդեվրոպական *gu-r արմատից, իսկ –եսկամ էս-ը լինել բայն է. «Իսկ ահա Գորիս տեղանվան տեղաբնիկների Կյոր-ես անվանման երկրորդ մասը` ես-ը կամ էս-ը «լինել», «կա» նույնպես հայտնի (ֆրանս.` est, ռուս.` есть, պարսկ.` ast, գերմ.՝ ist, անգլ.` is ) հնդեվրոպական արմատը կարող է լինել»:[17]

Ս. Հախերդյանի փորձին վերաբերող մեր դիտարկումները կամփոփվեն ստորև, միայն նշենք, որ աշխատանքում խարխլված է լեզվաբանական հիմքը:

Գորիս տեղանվան ստուգաբանական փորձ ունի Վ. Խաչատրյանը: Հեղինակը հաստատում է Գորիս-ի ամենահին ուրարտական վկայությունը՝ նշելով, որ «Գուրիաինի երկիրը, թերևս, Գորիսի շրջանն է»:[18] Սակայն չենք կիսում այն կարծիքը, թե իբր Գորիս արմատի հիմքում ընկած է հայերենի գոռ բառը՝ «խրոխտ, խիզախ» իմաստներով, որովհետև ոչ բոլոր հին տեղանուններում է առկա ր-ռ լծորդությունը,[19] ինչպես նկատում է հեղինակը: Սյունիք-Արցախ տարածաշրջանի համար ձայնորդների վերոնշյալ լծորդությունը կանոնավորված չէ ոչ միայն տեղանուններում, այլև ընդհանրապես:

Գորիս տեղանվան ստուգաբանության շուրջ առանձնապես այլ մոտեցումներ չեն եղել, եղածներն էլ սահմանափակվել են վերոնշյալ տեսակետներով, կամ մյուսների  կարծիքները վերաձևակերպվել են սրանցում:[20]

Սովորաբար բառերը ստուգաբանելիս նախ պետք է որոշել դրանց կազմությունը և ապա առաջնահերթություն տալ արմատի հնչյունական կազմի, իմաստի և ծագման բացահայտմանը, որից հետո միայն հետևել ածանցների կամ մասնիկների լուսաբանմանը: Գորիս տեղանվան ստուգաբանությունների մեջ աշխատանքի այս հերթականությունը միշտ չէ, որ պահպանվել է հեղինակների կողմից: Բաղադրյալ կազմության տեղանունների բաղադրիչների առանձին քննությունն էլ խրախուսելի չէ, դրանք ընդհանուր համատեքստում են քննվում, որովհետև որպես կանոն` տեղանուն նշող ածանցները կամ մասնիկները ավելի սակավաթիվ են, քան լինում են սովորական բառերում: Կարծում ենք, որ Գորիս տեղանվան ստուգաբանության համար նախ կարևոր է արմատի որոշելը, ապա ըստ դրա` տալ մյուս ձևերի վերլուծությունը:

Այսպես` չի բացառվում, որ Գորիս տեղանունը լինի շատ հին և նույնիսկ հիշատակված լինի ուրարտական արձանագրություններում, քանի որ այստեղ վաղ բնակության հետքերը ուրարտական շրջանից էլ առաջ են: Այդ են հաստատում վերջերս հայտնաբերված նյութեղեն իրերը: Սյունիքում գտնվել  են բազմաթիվ հուշարձաններ, որոնց մի մասը թվագրվում է Ք.ա. II հազարամյակին: Քիչ չեն նաև այն իրերը, որոնք վերագրվում են ուրարտական մշակույթին: Տեղանվան արմատը որևէ լեզվախմբի վերագրելը բավականին դժվար է, որովհետև տեղանունները հիմնականում ոչ թե փոխառվում են, այլ ընդհանուր տարածում են գտնում համեմատած սովորական փոխառությունների: Անշուշտ, կան բացառություններ, լինում են նաև պատճենումներ կամ տեղանվան դիմաց ուրիշ անվանումներ ոչ միայն այլ լեզուներում, այլև հենց նույն լեզվի տարբերակներում, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղանունները փոփոխություններ կրել են հիմնականում կազմության կամ հնչյունական առումով, շատ հաճախ տեղանվան արտասանությունը կրել է տվյալ լեզվի հնչյունական ձևերը: Այնպես որ բացառված չէ, որ Գուրիա կամ Գորյայա||Գուրիայա  ուրարտական ձևերը հնավայրի անվանումը լինեն` որոշակի փոփոխություններով: Հ. Ղարագյոզյանի հիշյալ հուշարձանի վերծանումը, ըստ էության, հեռու չէ մյուս հեղինակների փորձերից. «…այն կողմից ծովային գավառում՝ լեռան ստորոտում»:[21] Սեպագրի այս փոխադրումը վերաբերում է Գորիսբնակավայրին` KURGuria, որը կարելի է հաստատել հնչյունական որոշակի օրինաչափություններով.[22] «Այս առումով ուշագրավ է Գորիս անվան կապը Ռուսա Ա-ի (735-713) Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ թվարկված 19[23] երկրներից 4-րդ շարքի 2-րդ տեղում հիշատակված Գուրիա անվան հետ. ուրարտերենում ո-ի փոխարեն ու սեպագիրը հաճախ է կիրառվում, ուստի եղել է Գորիա, իսկ իա>ի անցումով` Գորի ձևը, որի հոգնակի ուղղականը կլինի` Գորիք, հայցականը` Գորիս:»[24] Հ. Ղարագյոզյանը իր այլ աշխատություններում վերահաստատել է մեզ համար շատ կարևոր տեղանվան տեղագրության մասը. «Հետևաբար, kurune[25] բառը, որը սովորաբար թարգմանվում է «զորեղ», տվյալ դեպքում կարելի է թարգմանել «ստորոտ»,[26] քանի որ նրա արմատը, անշուշտ, kure «ոտք» բառն է, իսկ կապակցության բառացի թարգմանությունը կլինի «լեռում ստորոտին», այսինքն՝ «լեռան ստորոտում»:[27] Kurune-ն թերևս ուրարտական շրջանում շրջանառվող հ.-ե. բառ պիտի համարել և ընտրել նրա նախնական իմաստը: Դա ամենևին էլ անտեսելի չէ հատկապես այն պարագայում, որ հայ երիտքերականների աշխատություններում նկատելի է ուրարտական տարածքում առկա լեզուների հ.-ե. լինելը, «անցման օղակը հ.-ե. լեզվից հայերենին»,[28] այդ թվում`հայասերեն,[29] ուրարտերեն և այլն. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ հիշյալ (ուրարտական-Մ.Ք.) բանաձևերի բառապաշարն ու քերականական կառուցվածքը հնարավոր է մեկնել հայերենով, այսինքն` այդ բանաձևերը համարել հայոց լեզվի առաջին գրավոր տեքստերը»:[30] 

Սա հարցի ուսումնասիրությունը պատմականորեն տեղայնացնելու, հիշատակման առաջին աղբյուրը գտնելու և ուսումնասիրվող թեման գնահատելու կողմն է: Սակայն կարևոր և միևնույն ժամանակ վերջնականապես գիտական հիմքերի վրա դրված չէ տեղանվան արմատի նշանակությունը: Որ լեզվում էլ որ ամրագրված կամ հիշատակված լինի տեղանունը, միևնույն է, պետք է ճշտել արմատի ծագումը. արդյոք այն բնիկ է և արտասանության մեջ ինչ փոփոխություններ է կրել:

Գալով բուն ստուգաբանությանը, կարծում ենք, որ Գուրիա-Գորիս-Կյրէս և մյուս ձևերը պետք է փնտրել հնդեվրոպական իմաստային և հնչյունական կազմով նման մի ձևում, որովհետև այս տարածքում տեղանունները հիմնականում վաղնջականություն ունեն, ինչպես` Ըղվերծ, Կոռնիձոր, Կարբինք և այլն, որոնց մի մասը փոփոխությունների է ենթարկվել միայն թուրք-թաթարական արշավանքներից  հետո:

Տեղանվան ստուգաբանության մեր մեթոդը տարվում է բառի հնարավոր տարբերակների քննությամբ: Մենք նման մի փորձ կատարել ենք Զանգեզուր տեղանվան ստուգաբանություն կատարելիս,[31] որը հնարավորություն է տվել հարցի համակողմանի դիտարկման: Հենց այդ հիմունքով ուսումնասիրման կարելի է առնել հնարավոր այն բոլոր ձևերը, որոնք հնչյունական, իմաստային և ընդհանրապես լեզվաբանական և տեղագրական առումով մոտ են քննվող տեղանվանը: 

Մատենագրության մեջ հիշատակված և խոսակցականում տարածված Գորիս տեղանվան տարբերակները քիչ չեն` Գորայք, Կորէս, Կյօրէս, Կյրէս, Գորիս, թեք ձևերում` կյւրւսեցի, կէօրեսեցի, կէօրիսիցի, գորիսեցի: Այս տարածաշրջանում քիչ չեն նաև նրան հարող այլ անուններ` Կրու, Կոռնիձոր, Կարբինք:

Այսպես` քննվող արմատին մոտ է հայերենի կոր-ը:[32] Բայց այս բառը չի կարող տեղանվան հիմք կազմել 1. Գորիս տեղանունն ունի երկու հնչողություն` Գորիս և Կյորես: Սրանցից առաջինը սովորաբար գրական հնչողություն ունի, որի նախադիր գ-ն բարբառում խլանում է: Կոր արմատը չի ենթարկվում բարբառում առկա գ>կյ անցմանը, այն կամ արտասանվում է կոր, կամ` կեռ: 2. Կոր «ծուռ, կեռ» և նման իմաստները որևէ կերպ չեն տրամաբանվում Գորիստեղանվան համար: 3. Վերջապես կոր արմատը պիտի ունենար գոր նախաձևը, որ բարբառում դառնար կ, սակայն նրա ծագումը Հր. Աճառյանը վերականգնում է այս իմաստների համար մեկ ընդհանուր նախաձևով՝ *g´uro, համեմատում հունարենի «կլոր, կլորացած»` γϋρόζ, «շրջանակ, բոլորակ, ծիր»` γϋρόζ, «ծռել, կորացնել»` γυρύω:[33] Այս մասին տե´ս մեր Կոռնիձոր[34]տեղանվան ստուգաբանության մեջ:

Ստ. Օրբելյանը Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու հարկացուցակում Հաբանդն գավառում նշում է գրեթե նույն արմատով երկու բնակավայր` Գորու, Գորայք, որոնցից առաջինը ավելի մեծ էր, քան երկրորդը: Ղ. Ալիշանը դնում է երեք գյուղ. «Ի ցուցակի հին գիւղորայից գաւառիս` կրկին, թերեւս և երեք տեղիք են համանուանաք, մին Գօրու, որ ի տրիցն /20 բեռն/ վկայի մեծագոյն գոլ. միւսն Գորայք  կոչի, և տուրք կիսով չափ նուազ. Ճանաչին և այժմ երեք տեղիք նման անուամբ. Յորոց մին կոչի Հին և է վերոնշանակեալն, ի ստորոտ լերին ի բարեդիր և անուշօդ վայրի. Այլ իբրու ոչ ըստ բաւականին անքոյթ` լքեալ ի բնակչացն` ոչ գիտեմ երբ: Երկրորդն և այժմ գլխաւոր աւան, նա և քաղաքաւան բովանդակ գավառին, Կորէս կամ Գորիս, որ և Զանկեազօր, երկու մղոնաւ կամ աւելի յարեւելից հարաւոյ կայ առաջնոյն, յերկինս ափունս կարկաչահոս և սրընթաց Ձագեձորոյնն, ի դժուարագնացն քարուտ և խարխարուտ ձորավայրի ի 4000 բարձու, շրջապատելոց բրգաձեւ, բարձամբք և խորափիտ խոռոչովք, և սուղ աւելի հեռի ի Մ.Հս. երրորդին որ Կերոն կոչի: Թէպէտ յատակ տեղւոյն խոժոռատեսիլ է և ոչ դիւրամատոյց, և ի ձորեզերն փորեալ են շատք ի տանց` առ ի պատսպարութիւն ցրտոյ, այլ տեսարանքն չեն անգեղեայք, և օդ և ջուրք պայծառք, բայց ոչ առողջասուն, որպես զհինն և վերին Կորէս»[35]

Գորիս բնակավայրի արմատի քննությունը անցկացնելիս մեզ մնում է անդրադառնալ ձորարմատին, որ ունի ոչ միայն հնչյունական և իմաստաբանական աղերսներ, այլև տեղանշող հատկանիշ այս տարածքի համար: Նշենք, որ Սյունիք և Արցախ պատմաշխարհագրական վայրում ձոր բաղադրիչով տեղանունները բավականին շատ են: Օրինակ` Արցախում ձոր[36]աշխարհագրական անվամբ բաղադրված է թվով 20 հին ու նոր բնականուն:[37] Սյունիքում դրանց թիվն ավելի շատ է:

Մեր կարծիքով հ.-ե. «ձոր, ցած հովիտ, ծործոր, լեռների ստորոտում հեղեղատի անցք»իմաստներին մոտ արմատ պետք է գտնել: Լեզվաբան հեղինակներից շատերի կողմից ձորարմատի նախաձևը տակավին առկախ է մնում: Արմատականում բառահոդվածի պատմության մեջ դրված են նրան զուգահեռ ձևերը: ՆՀԲ, Ա. Մեյեն և էլի ուրիշներ զուգահեռում են «ծործոր»բառին: Պոկոռնու բառարանում «կիրճ, ձոր» իմաստները գտնում ենք gēu-, gǝu-, gū- (*sgēu-), այլև ank-, ang-, gel[38] բառահոդվածների տակ, որոնցից, ինչպես նկատելի է, gēu-, gǝu-ն մոտ են «ձոր» բառին` թերևս` *gü-ro-s,[39] որ տրվում է «կոր, կլոր» իմաստներով:[40] Պոկոռնին իր տված նշանակությունները վերջնական չի համարում` համապատասխան ձևը չվերականգնվելու պատճառով:[41] Գ. Ջահուկյանը վերականգնում է *g´houoro նախաձևը հարցականով/?/, այլև տալիս իլիրերենում «գետ» բառին հարող իմաստներից` «ձև, ձոյլ, թերևս նաև ձոր, ձագար»,[42] փռյուգերենում նույն իմաստները արդեն բխեցնում է «աղբյուր» բառից:[43] Ընդ որում` «ձոր» բառի նշված իմաստներից ծագելը Գ. Ջահուկյանի բոլոր աշխատություններում էլ կասկածով են դրված: Հր. Մարտիրոսյանը *ĝheu-[44]  «թափել, լցնել» ձևերը *ĝhou̯ero- > *ĝh ou̯oro- ձևերը հարմար է գտնում «ձոր» բառի համար (հմմտ. հուն. χέρω, -ομαι ) և սրանից առաջացած համարում «քարանձավ, փոս» < *k̂ouH-r-o- ` իմաստային զարգացմամբ` «թափվել, լցվել, հոսել», այլև «թափվել> «հուն, հոսքի, հեղեղատ»[45] զուգահեռ «սոր»` sor` հնչյունական զարգացմամբ:[46]

Տեղանվան բոլոր տարբերակները` Գորայք, Կորէս, Կյօրէս, Կյրէս, Գորիս, թեք ձևերում` կյւրւսեցի, կէօրեսեցի, կէօրիսիցի, գորիսեցի, ինչպես նկատելի է, ընդհանրանում են հենց *ĝhou̯oro- արմատի ներքո: Իմաստային առումով, կարծում ենք, վիճարկելի ոչինչ չկա` նկատի ունենալով Գորիսի, հետագայում նրանից տեղագրայնորեն ծագած Զանգեզուրի դիրքը: Այստեղ մնում է հնչյունական որոշ փոփոխությունների քննությունը: Նախալեզվի *g´h/*ĝhսանսկրիտում թուլանում է` դառնալով h, զենդ.և հին սլավ.` z, լիտվ.` ż, լատ.` h, իռլ., գոթ.` g, այլև` խեթ.-լուվ.` z, հուն.` χ/γ /հմմտ.` ձիւն-χιών/, սանս. d և այլն: Մոտ ենք այն տեսակետին, որ հայերենի հ.-ե. *g´h>ձ ուրարտերենում արտահայտվել է z`հմմտ.` ziuquni-ձուկն[47]: Նշվում է, որ ուրարտերենի g/ų-ն  հայերենում արտահայտվել է գ/հմմտ.` garini- ųelikuni/:[48]  Ուրարտերենի g,ų, կարծում ենք, այլ նախաձև պիտի ունենային հնդեվրոպերենում: Այսպես` garini-«բերդ, ամրոց» այլև` «ապաստարան» նշանակությունները հենց աղերսվում են «ձոր»իմաստին, որ հին շրջանում ապաստարան է եղել: Հենց ասվածի ենթադրությունն է *g´hou̯oro> garini: *G´hou̯oro- արմատի ձ>գ/կ անցման օրինակներ կան ուրարտերենում` ուր. gie>*g´hēįo-, garini>*g´her-: [49] Կարծում ենք` ուրարտերենին հենց անցել է հ.-ե. g´հ-i դիմաց ունեցած g /γ/- ձևից, որ առկա է հունարենում, գոթերենում, կամ հենց ձայնադարձին հաջորդած z-ով/?/: Արմատի առկայությունը հ.-ե. լեզուներում և նրա հնչյունական որոշակիորեն կանոնարկված առնչակցությունը ենթադրում են տեղանվան վաղնջական լինելը, որն էլ դժվարացնում է այն հարցի պատասխանը, թե արդյոք ուրարտական ձևից է անցել հայերենին, թե նախաձևից է անցել ուրարտերենին և ապա հայերենին. «առանձնապես մեծ ազդեցություն թողած պիտի լինի ուրարտերենը հայերենի բառապաշարի վրա` ինչպես հասարակ անունների, այնպես էլ հատուկ անունների մեջ: Միաժամանակ հարկավոր է նկատի ունենալ հակառակ ազդեցության հնարավորությունը, որ հաճախ հաշվի չի առնվում հետազոտողների կողմից»:[50] Մենք հակված ենք այն կարծիքին, որ Գորայք, Կորէս, Կյրէս, Կյւրէս, Գորիս նույն անունների նախաձևը առաջացել է հ.-ե. g´հou̯/o/ro արմատից, հմմտ. հուն. χῶρος «ձոր, տարածք, փոր, կիրճ»:[51]Ընդ որում` պրսկ. دره/darä/ «ձոր,[52] կիրճ» բառերում տվել է d, հմմտ.` ձեռք/դաստակ/ دست, պահլ. dast,  և այլն: Բառի իմաստային տարբերակները դիպուկ են տրված ՆՀԲ-ում` «ծործոր, լեռնամէջք, յոր ծորին ջուրք լերանց, հովիտ զնստագոյն, անցք հեղեղատի, հեղեղատ ցամաքեալ»:[53] Հ.-ե. ձայնավորները հայերենում սովորաբար պարզեցվում են. hմմտ. *gou̯ьro>կորիզ, *gou̯oro>կոր: Այսպես և երկբարբառային փոփոխություններով պարզեցում են ունեցել  «*eu̯>ou̯  ինչպես` nor/նոր>new<*nou̯oro-<*neu̯oro- >nor/նոր>new<*, ինչպես և` *srou̯e/o>*sreu̯-e/o> ařoganem/«ոռոգել»[54] ձևերը:

*G´հou̯oro-  արմատում ձայնավորների  պարզեցումը հավանաբար տեղի է ունեցել ուրարտական շրջանում, որովհետև ուրարտերենը սովորաբար չի պահպանել հնդեվրոպական հիմնալեզվի և նրանից սերող լեզուների հատուկ ձայնավորական երկարություն և կարճություն: Այսպես նկատված է նաև, որ հ.-ե. երկբարբառների մեծ մասի պարզեցումը գործել է ուրարտերենում:[55] Այստեղից ենթադրելի է, որ ուրարտական շրջանում արմատում ձայնավորները փոփոխվել են և հետո արդեն ձոր>գոր/կոր /gou-ro/ պարզեցված անցել հայերենին: Անկում է ապրել նաև ձայնավորամեջ շրթնային u̯, եթե ընդունում ենք, որ ուրարտերենում Գուր-իա տեղանունը համապատասխանում է Գորիս տեղանվանը: Այստեղ ավելորդ չէ ենթադրելը, որ, այնուամենայնիվ, տեղավայրի արտասանության մեջ մասամբ պահպանվել է ձայնավորական շրթնային նախաձևը`ու-ն, բառի աճման դեպքերում` կյւրւսան, կյւրւսեցի և այլն: Ձայնավորների պարզեցման երևույթով ձայնավորամեջ շրթնայինի անկումը ամբողջական չի եղել և պահպանվել է նաև բարբառային ձևերում:[56] Մյուս բոլոր դեպքերում ր-ին նախորդող ձայնավորի անկումը փոխանցվել է նաև շրթնային u̯-ի անկմանը. հմմտ.` սոր, փոր, ձոր և այլն:[57]  

Այսպիսով` Կյրէս-Գորիս տեղանվան մեջ պահպանված է հ.-ե. բնիկ ձևը` *g´հou̯oro-` ձոր>գոր/կոր /*gou-ro/: Այն նախապես ունեցել է հասարակ անվան նշանակություն և մատնանշել է ոչ թե բնակավայր, այլ աշխարհագրական տարածք` ձոր: Հնարավոր է, որ ուրարտական շրջանում կամ դրանից հետո միայն հ.-ե. ծագման *g´հou̯oro-ձոր բառը ստացած լինի տեղանվան նշանակություն` Գուր-իա: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ Գորիսը ուղղակիորեն գտնվում է ձորում, որ մեծ առումով ընդգրկվում է Զանգեզուրի ձորազանգվածում, իսկ փոքր առումով` փոքր ձորերից մեկում, ինպես Ծակեծոր, Ձագեձոր, Հալիձոր և այլն: *G´հou̯oro- արմատից են ծագում ոչ միայն Գորիսը, այլև Կյրուն, Կուրիսը: Կարծում ենք, որ հուն. χῶρος, սանս. darä/darï, պրսկ. دره /darä/, հայ. Ձոր բառերը ունեն նույնական ծագում` հ.-ե. *g´հou̯/o/ro-: 

Համառոտություններ 

անգլ.-անգլերեն

գերմ.-գերմաներեն

գոթ.-գոթերեն

զենդ.-զենդերեն

լ.-լուվերեն

իռլ.-իռլանդերեն

լատ.-լատվերեն

լիտվ.-լիտվերեն

խեթ.-խեթերեն

ՀԱԲ-Հայերենի արմատական բառարան

հայ.-հայերեն

հ.-ե.-հնդեվրոպական

հմմտ.-համեմատել

հուն.-հունարեն

ՆՀԲ-Նոր հայկազյան բառարան

պահլ.-պահլավերեն

պարսկ.-պարսկերեն

ռուս.-ռուսերեն

սանս.-սանսկրիտ

սլավ.-սլավորենեն

ֆրանս.-ֆրանսերեն

Օգտագործված գրականության ցանկ 

Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893:

Աղայան Է., Բառաքննական և ստուգբանական հետազոտություններ, Ե., 1974:

Աճառյան Հր., Հայերէն արմատական բառարան, Ե., 1926:

Գաբրիելյան Յու., Հայերենը և նախահնդեվրոպկան լեզուն, Ե., 2001:

Դիլբարյան Ն., Հայկական բնականունները, Հայագիտության հարցեր, հանդ. 3, Ե., 2014:

Զիլֆուղարի Ա., Ավրոմանիի բարբառը, Ե., 2012:

Կարագյոզյան Հ., Ուրարտական նորահայտ գաղափարագրեր, Լրաբեր, № 2, Ե., 1978:

Հախվերդյան Ս., Գորիս տեղանվան ստուգաբանության շուրջ, Լեզու և լեզվաբանություն, Ե., 2008:

Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1991:

Հարությունյան Ն.,  Դիվան ուրարտական սեպագիր արձանագրությունների, Ե., 2001:

Հիւբշման Հ., Հին հայոց տեղւոյ անունները, Վիեննա, 1907:

Խաչատրյան Վ., Հայկական տեղանունները սեպագիր աղբյուրներում, Ե., 2012:

Ղարագյոզյան Հ., Արևելյան Հայաստանի ուրարտական տեղանունները, Լրաբեր հասարակական գիտությունների, № 10 . Ե., 1978:

Մարգարյան Ալ., Գորիսի բարբառը, Ե., 1975:

Մարգարյան Ալ., Ստուգաբանություններ, Ե., 2016:

Մարգարյան Լ., Հնդեվրոպական արմատները Արցախի տեղանվանական համակարգում, Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողով 7-9 հոկտեմբերի,  Ե., 2015:

Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան, Վենետիկ, 1836-1837:

Ոսկանյան Վ., Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 16., Ե., 1996:

Ջահուկյան Գ., Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Ե., 1970:

Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն /նախագրային շրջան/, Ե., 1987:

Ջահուկյան Գ., Ուրարտական արձանագրությունների ներածական բանաձևերրի հնարավոր հայկական բնույթի մասին, ՊԲՀ, Ե., 2000:

Ջահուկյան Գ., Ուրարտերենը և հայերենը, Ե., 1988:

Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Ե., 2013:

Սյունիքի հայագիտական հանդես, N 7, Ե., 2013:

Джаукян Г., Урартский и индоевропейские языки, Е., 1963:

Расгогуева В., Эдельман Д., Этомологический словарь иранских языков, т.1, М., 2000.

Martirosyan H., Etymological dictionary of the Armenian inherited lexicon.

Martirosyan H.,  Etymological dictionary of the Armenian inherited lexicon.

Jenkins O., The Kurdish peoples, 2000.

Расгогуева В., Эдельман Д., Этомологический словарь иранских языков, т.1, М., 2000.

Peterson J., Dictionary of most common Avesta words, Copyright 1995.

Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, 2, B.M., 1959:

Probet Ph., Willi A., Laws and Rules in Indo-European, New York, 2012.

www.avesta.org:

www.orvillejenkins.com/peoples/kurds.html:

www.sarc.am:

Indo-European root *g´հou̯oro-  in name Goris

Mher Kumunts

Candidate of  philological sciences, Docent

Goris State University    

Summary

Many others studied the etymology of the name Goris, however, they did not have success, or some questions were not interpreted properly. This work is one of the attempts of studying the etymology of this name. The previous opinions have been reflected in the work, and the origin of the name Goris has been depicted in an entirely new way.

The name Goris derives from the Indo-European root *g´հou̯oro-` ձոր>գոր/կոր /*gou-ro/. At first, it was a common noun, and did not mean residence, but a geographical place, cave. It is possible that during the Urartu period, the word *g´հou̯oro-ձոր obtained a meaning of a location, Գուր-իա, as Goris is situated in a ravine. Not only Goris, but also the words Կորուն and Կուրիս derive from the root *G´հou̯oro-. In our opinion, Greek χῶρος, Sanskrit darä/darï, Iranian دره /darä/, and Armenian Ձոր words have the same etymology: հ.-ե. *g´հou̯/o/ro-.

 Индоевропейское корень *g´հou̯oro– в имени Горис

Мгер Кумунц

Доктор филологических наук, доцент

Резюме

Много авторов изучали этимологию слова «Горис», однако они не имели успеха, или некоторые вопросы были неправильно интерпретированы. Эта работа является очередной попыткой изучения этимологии слова, где были исследованы предыдущие мнения, и происхождение слова «Горис» представлена с совершенно новой точки зрения.

         Слово «Горис» происходит из индоевропейского корня «*g´հou̯oro-» –  «ձոր>գոր/կոր /*gou-ro/».  Первоначально оно имело значение нарицательного существительного и означало не место проживания, а географическую местность – ущелье. Возможно, что в урартский период слово «*g´հou̯oro-ձոր» приобрело значения места – «Գուր-իա» – так как Горис расположен непосредственно в ущелье. Не только «Горис», но и слова «Կորուն» и «Կուրիս» берут начало от корня «*G´հou̯oro-». По нашему мнению, греческое «χῶρος», санскрит «darä/darï», персидское «دره /darä/» и армянское слово «Ձոր» имеют аналогичную этимологию.  

[1] Ալ. Մարգարյան, Ստուգաբանություններ, Ե., 2016թ., էջ 179-182:

[2] Նույն տեղում, էջ 181:

[3] Այս տեսակետին հակադրվում է  այն, որ ուրարտերենում ո-ի փոխարեն ու սեպագիրը հաճախ է կիրառվում, ուստի եղել է Գորիա, իսկ իա>ի անցումով` Գորի ձևը, որի հոգնակի ուղղականը կլինի` Գորիք, հայցականը` Գորիս / Տե՛ս Ն. Դիլբարյան, Հայկական բնականունները, Հայագիտության հարցեր, հանդ. 3, Ե., 2014թ., էջ 152-153/:

[4] Ալ. Մարգարյան, Ստուգաբանություններ, էջ 181:

[5] Նույն տեղում:

[6]  Նույն տեղում, էջ 182:

[7] J. Peterson. Dictionary of most common Avesta words, Copyright, 1995, 158 /http://www.avesta.org//:

[8] В. Расгогуева, Д. Эдельман, Этомологический словарь иранских языков, т.1, М., 2000г.

[9] O. Jenkins, The Kurdish peoples, 2000 /Տե՛ս http://orvillejenkins.com/peoples/kurds.html/: 

[10]Նույն տեղում:

[11] Ա. Զիլֆուղարի, Ավրոմանիի բարբառը, Ե., 2012թ., էջ 6, (ատենախոսության սեղմագիր):

[12] Իհարկե, չենք ժխտում, որ Քաշաթաղի շրջանում և նրան հարակից գյուղերում եղել են քուրդ բնակիչներ, բայց, ինչպես կնկատենք աշխատանքի ընթացքում, տեղանվան առաջանալուց առաջ այդ ցեղերի առկայությունը այս տարածաշրջանում գրեթե բացակայում է:

* Կյորես, кёрес, Кyореs-Գյուղ Մեծ հայքի Սյունիք աշխ-ի Հաբանդ գավառում: Այժմ` Գորիս /Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1991թ., հ. 3, էջ 167 /Կյորու, kёry, Kyoru-Գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջ-ում: 19.4.1950թ. հրամանագրով վերանվանվել է Ձորաշեն /Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1991թ., հ. 3, էջ 176/: Կյուրես, Кюрес, Kyures – Քաղաք Ելիզավետպոլի Նահանգի Զանգեզուր գավ-ում: Տեղացիները նաև այսպես են անվանել այժմյան ՀՍՍՀ Գորիս ք /Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1991թ., հ. 3, էջ 176/: Կորես, Корес, Kores –Ավան, քաղաք Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավ-ում: Կ բարբառային է: Այժմ` Գորիս /Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1991թ., հ. 3, էջ 233/: Կորես, Корес, Kores – Գետ հայկական լեռնաշխարհում: Արաքսի ավազանում, Որոտանի ձախ վտակը /Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1991թ., հ. 3, էջ 233/:

[13] Կուրիս (նախկին Կուրավանք) անվամբ գյուղ կա նաև  Մեղրի գետի աջ կողմում, լեռնաբազկի ընդարձակ գագաթին։ Հ. Հյուբշմանը Գորիս տեղնվանը չի անդրադարձել, նման արմատով Գորեք/Գորէք գյուղ է նշում /Դեգիք անվան զուգահեռությամբ/, որ կապ չունի Սյունիքի Գորայքի հետ /տե՛ս Հ. Հիւբշման, Հին հայոց տեղւոյ անունները/, Վիեննա, 1907թ., էջ 154 և 265:

[14] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3,  Ե., 1991թ., էջ 233:

[15] Վ. Ոսկանյան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 16., Ե., 1996թ., էջ 188:

[16] Ս. Հախվերդյան, Գորիս տեղանվան ստուգաբանության շուրջ, Լեզու և լեզվաբանություն, Ե., 2008թ., էջ 47-51:

[17] Նույն տեղում:

[18] Վ. Խաչատրյան, Հայկական տեղանունները սեպագիր աղբյուրներում, Ե., 2012թ., էջ 108:

[19] Նույն տեղում:

[20] Եղած կարծիքներից մեկն էլ այն է, որ այն Կյուփեր բառի փոփոխված ձևն է: Այս մասին տե՛ս մեր «Մի քանի տեղանունների և անունների ստուգաբանության շուրջ»՝ «Կյուփեր» տեղանվան ստուգաբանությունը /տպագրության ընթացքում` «Հայագիտություն. Սյունիք/:

[21] Վերծանությունը տե՛ս Հ. Ղարագյոզյան, Արևելյան Հայաստանի ուրարտական տեղանունները, Լրաբեր հասարակական գիտությունների, № 10 . Ե., 1978թ., էջ 55-76:

[22] Նույն տեղում, էջ 64-65:

[23] Կարծիք կա, որ Ռուսա I-ի գրաված երկրների քանակը 23-ն է:  Ըստ Հ․ Կարագյոզյանի՝  Գորիս տեղանունը առաջին անգամ հիշատակվում է ուրարտական արքա Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.)  արձանագրության 9-րդ տողում՝ «… Գուրիայան երկիրը …»: Սեպագրի ուսումնասիրությամբ և վերծանությամբ զբաղվել են նաև Մեսրոբ արքեպիսկոպոս Սմբատյանցը, Գ․Մելիքիշվիլին, Գ․ Ղափանցյանը և ուրիշներ: Սեպագրի վերծանությունը ամբողջական կարելի է տեսնել նաև  www.sarc.am Սյունիքի հայագիտական հետազոտությունների կոնտրոնի պաշտոնական կայքէջում:

[24] Ն. Դիլբարյան, Հայկական բնականունները, Հայագիտության հարցեր, հանդ. 3, Ե., 2014թ., էջ 152-153:

[25] Ենթադրելի համեմատություն է *g՛hou̯oro>kurune>ձոր?:

[26] Թե ինչ տրամաբանությամբ է «զորեղե բառը  տվյալ դեպքում թարգմանվում «ստորոտ», այդպես էլ չհասկացանք: Թերևս kure «ոտքե բառը կարելի է զուգահեռել «ներքև, ցած, ստորոտ» իմաստներին:

[27] Հ. Կարագյոզյան, Ուրարտական նորահայտ գաղափարագրեր, Լրաբեր, № 2, Ե., 1978թ., էջ 66։ KURGuriaini ձևով նշում է նաև Ն. Հարությունյանը: Տե՛ս  Դիվան ուրարտական սեպագիր արձանագրությունների, Ե., 2001թ., էջ 506:

[28] Յու. Գաբրիելյան, Հայերենը և նախահնդեվրոպկան լեզուն, Ե., 2001թ., էջ 34:

[29] Այս մասին տե՛ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, Ե., 1987թ., էջ 338-341:

[30] Գ. Ջահուկյան, Ուրարտական արձանագրությունների ներածական բանաձևերրի հնարավոր հայկական բնույթի մասին, ՊԲՀ, 2000թ., թիվ 1, էջ 3:

[31] Սյունիքի հայագիտական հանդես, N 7, Ե., 2013թ.:

[32] Այս մասին տե՛ս Է. Աղայան, Բառաքննական և ստուգբանական հետազոտություններ, Ե., 1974, էջ 103:

[33] Հր. Աճառյան, ՀԱԲ, հ. 2, էջ 474:

[34] Տպագրության ընթացքում է` «Հայագիտություն. Սյունիք»:

[35] Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893թ., էջ 261-262:

[36] Լ. Մարգարյան, Հնդեվրոպական արմատները Արցախի տեղանվանական համակարգում, Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողով, 7-9 հոկտեմբերի,  2015թ.,Ե.,  էջ 210:

[37] Այսպես, օրինակ, Հադրութի շրջանի բնականուններում ձոր եզրով բաղադրված բնականունները  թվով 6-ն են /Ձորագյուղ, Բանաձոր, Խանձաձոր, Ծամձոր, Մարիամաձոր, Ուխտաձոր/, իսկ Քաշաթաղի շրջանում` 9-ը /Բերձոր, Աղաձոր, Մեղվաձոր, Դրախտաձոր, Ուխտաձոր, Իշխանաձոր, Ծոբաձոր, Ձորափ, Աղբրաձոր/, ընդ որում վերջիններս/բացի Բերձորից/ նոր բնականուններ են` վերանվանումներ:

[38] J. Pokorny, Indogermanisches etymologisches Wörterbuch, 2, B.M., 1959, p 45-47:

[39] Սակայն այստեղ խնդիր է առաջանում *g-ից հայերեն ձ անցման առումով։ Թերևս *g-ի քմայնացումից կունենային ծ:

[40] Նույն տեղում, p. 393:

[41] Նույն տեղում, p. 338, 393:

[42] Գ. Ջահուկյան, Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, 1970թ., էջ 14:

[43] Նույն տեղում, էջ 110:

[44] Հ.-ե. տառադարձումները հիմնականում դրված են հեղինակների օրինակով:

[45] Նկատված են նաև զուգահեռները հուն. χῶρος/χώρα, թոխ. Բ kāre (այս մասին տե՛ս H.Martirosyan,  Etymological dictionary of the Armenian inherited lexicon, p. 468-439):

[46]H.Martirosyan,  Etymological dictionary of the Armenian inherited lexicon, p. 438-439:

[47] Տե՛ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն /նախագրային շրջան/, 1987թ.,էջ 431:

[48] Գ. Ջահուկյանը նշում է, որ ուրարտերենում տեղագրական բառերի մեջ գ-ի փոխարեն պետք է ունենար վ /տե՛ս Գ. Ջահուկյան, Ուրարտերենը և հայերենը, Ե., 1988թ., էջ 161/, սակայն հետագայում պարզ դարձավ, որ «ոչ բոլոր հայկական տեղանուններն են, որոնք Գեղարքունիքի նման այն ժամանակ բառասկզբում ունեցել են վ (Ուելիկունի)» /տե՛ս Վ. Խաչատրյան, Հայկական տեղանունները սեպագիր աղբյուրներում, էջ /:

[49] Այս մասին տե՛ս Г. Джаукян, Урартский и индоевропейские языки, Е., 1963г., ст. 98.

[50] Տե՛ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, էջ 428:

[51] Տե՛ս H. Martirosyan, Etymological dictionary of the Armenian inherited lexicon, p. 439.

[52] Հարկ է նշել, որ հայերենի ձոր արմատին զուգահեռ քիչ չեն նաև դարա պարսկական արմատով տեղանունները՝ Ուչդարա, Ղալադարա և այլն:

[53] ՆՀԲ, հ. 2, էջ 160:

[54] Ph. Probet, A. Willi, Laws and Rules in Indo-European, New York, 2012, p. 138.

[55] Տե՛ս Г. Джаукян, Урартский и индоевропейские языки, եզրակացություններ բաժնում, էջ 142, և նույն հեղինակի ՀԼՊ, էջ 431:

[56] Այս մասին կարելի է տեսնել Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառը, Ե., 1975թ., էջ 59, Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Ե., 2013թ., էջ 8: Գորիսի շրջանի միայն Շինուհայր գյուղի խոսվածքում, որքան էլ զարմանալի, պահպանված է նաև հակառակ երևույթը՝ փոր-փուր, փօղ-փուղ և այլն /տե՛ս Ալ, Մարգարյան, Գորիսի բարբառը, էջ 53/:

[57] Այս մասին մանրամասն տե՛ս H. Martirosyan, Etymological dictionary of the Armenian inherited lexicon, p. 739-740.