Մասնակից:Հասցեագրված Սպիտակ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չիչխանավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչխանավանք

Չիչխանավանքը ՀՀ  Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 7 կմ արևմուտք, Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում գտնվող հայ առաքելական եկեղեցի է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչխանավանքը ՀՀ  Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 7 կմ արևմուտք, Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում է։ Ժամանակին տեղի եկեղեցու շուրջը տարածվել է համանուն բնակատեղին, որի բնակչությունը տեղահանվել է XVIII դարի 40-ական թվականներին: Բնակատեղին տարածվում էր Չիչխանավանքի շուրջը, բայց այժմ ամբողջապես ավերակ է և տարածքը վերածվել է վարելահողերի, իսկ նախկին տնատեղիներից  փոսերի տեսքով մնում են միայն աննշան հետքեր:

Պատմական բազմաթիվ հուշարձանների նման Չիչխանավանքը ևս անցել է բազում փորձություններով: Ժամանակին դիմակայել է 1319 թվականի Անիի կործանիչ երկրաշարժին, սակայն ավերակի է վերածվել նախ՝ 1926թ. Գյումրու , ապա՝ 1988 թ. Սպիտակի ահարկու ցնցումների ժամանակ: Վերջինի արդյունքում եկեղեցին հիմնահատակ ավերվեց:

Չիչխանավանքը ուխտատեղի է եղել ինչպես տեղաբնիկների, այնպես էլ տարածաշրջանի հավատացյալների համար,և ուխտագնացների երթն այստեղ գրեթե չի դադարել: Շիրակի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ ու համագյուղացիների ջանքերով 1989թ. փլատակներից մաքրվել է եկեղեցու սրահը, ներքուստ բացվել են պատերը՝ հնարավորություն ստեղծել աղոթասերներին մուտք գործելու կիսականգուն եկեղեցին:

2008թ. «Երկիր և մշակույթ» բարեգործական կազմակերպության տարեկան ժողովի նիստում քննարկվեց Չիչխանավանքի վերականգնման հարցը: 2008թ. ամռանը մեկնարկեցին  նաև հուշարձանի պեղման աշխատանքները, որոնք իրականացնում էր ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը:

Ավելի քան 6 տարի տևած հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում փլատակներից և հողից մաքրվեց եկեղեցին, ամբողջությամբ բացվեց  հարակից տարածքը , ուսումնասիրվեցին եկեղեցու գոյությանը վերաբերող մշակութային շերտերը:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչխանավանքը պատկանում է վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ, խաչաձև, փոքր եկեղեցիների տեսակին (VI-VII դարեր): Հուշարձանը պատմական Նիգ և Տաշիր գավառների բնական սահմանագիծ հանդիսացող Բազումի լեռնաշղթայի հարավային ստորոտում է, Շիրակամուտ գյուղի տարածքում:

Չիչխանավանքը պատկանում է վաղ միջնադարյան եկեղեցաշինության մեջ լայն տարածում գտած խաչաձև, կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպին։ Հոգևոր կառույցների այս տեսակը հայկական ճարտարապետության՝ ինքնատիպ դրսևորումներից է` հատակագծային, ծավալատարածական տարբերակված բազմաթիվ լուծումներով: Ներքուստ և արտաքուստ խաչաձև` «ազատ խաչ» տիպի այս հուշարձաններն ստորաբաժանվում են միախորան, եռախորան և քառախորան տարբերակների։ Չիչխանավանքը պատկանում է միախորան եկեղեցիների տեսակին։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններով փաստվեց, որ կառույցն իր գոյության ընթացքում վերականգնվել է մեկ անգամ: Ըստ տեղաբնակների՝ դա տեղի է ունեցել Գյումրու 1926 թ. երկրաշարժից հետո, 1930-ական թվականներին գյուղացիների նախաձեռնությամբ և միջոցներով։ Հուշարձանի վերակառուցված հատվածներում շաղախի և քարի մշակման ուսումնասիրությունը վկայեց, որ վերականգնումը կատարվել է XX դարասկզբին: Հայկական ճարտարապետության տեսաբան Մ. Հասրաթյանը իր կարծիքը հաստատող որևէ աղբյուր չնշելով` եկեղեցու նորոգումը վերագրում է ուշ միջնադարին:

Եկեղեցու վերակառուցումը կատարվել է ոչ մասնագիտորեն, անտեսվել են հուշարձանի վերականգնման ընդունված նորմերը և ուղեկցվել մի ճարտարապետական լուրջ սխալներով։ Մասնավորապես, վերականգնված հատվածների արտաքին եզրագիծը չի համընկնում հնի հետ` վերջինի պատերի համեմատաբար բարակ լինելու պատճառով։ Քարերի ընտրության հարցում նույնպես ցուցաբերվել է սխալ մոտեցում` օգտագործելով անմշակ կամ կիսամշակ սև տուֆ:

Ի տարբերություն հին կառույցի, որի խորանն արտաքուստ ուղղանկյունաձև է, վերակառուցված մասն արտաքինից շարվել է կիսաշրջանաձև, ինչի մասին նշում է նաև 1940-ական թվականներին եկեղեցին հետազոտած Հ. Եղիազարյանը:

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչխանավանքի պեղումները մեկնարկել են 2008 թ. շարունակվել մինչև 2014 թվականը (բացի 2013 թվականից)։ Ըստ առաջադրված խնդիրների և աշխատանքների բնույթի` հետազոտությունների ամբողջ ընթացքը կարելի է բաժանել երկու մեծ ժամանակափուլերի` 2008-2009 և 2010-2014 թվականներններ:

Նախքան պեղումների սկսելը, Չիչխանավանքից տեսանելի էին միայն վերակառուցված եկեղեցու ներքին հատվածները:Հին եկեղեցու մանրամասները և պատերի արտաքին ճակատներն ամբողջությամբ ծածկված էին հողով: Ելնելով դրանից, եկեղեցու վերականգնման մեկնարկած պեղումների հիմնական խնդիրներից էր պարզել հուշարձան սկզբնական տեսքը. մանրամասները, հստակեցնել թվագրությունը ճարտարապետական կերպարը։ Աշխատանքների արդյունքում ի հայտ եկա պեղածո նյութի, ճարտարապետական մանրամասների, ծավալատարածական հորինվածքի ուսումնասիրության հիման վրա հնարավոր դարձավ առավել ճշգրիտ կազմել եկեղեցու վերականգման նախագիծ:

Հուշարձանի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված` հնագիտական հետազոտությունների սխալ երկրորդ փուլում հիմնականում՝ իրականացվեցին պեղվող տարածքի ընդլայնման, բացված գերեզմանոցային կառույցների հեռացման աշխատանքներ:

2008-2009 թթ. պեղումների մեկնարկից առաջ եկեղեցու ներսը և հարակից տարածքը մաքրվեց՝ առատ բուսականությունից ինչի արդյունքում առավել տեսանելի դարձան ներքին կառուցվածքի մանրամասները։ Վերականգնման ժամանակ եկեղեցու հյուսիսային խաչաթևում կառուցվել էր վերնամասում կամարաձև ավարտվող մկրտության ավազանը, իսկ խորանի հյուսիսային և հարավային որմերում` բացվել ուղղանկյուն մեկական խորշ։ Սկզբնական հատակից պահպանվել էին միայն սալահատակի մնացորդներ. պեղումների միջոցին հատակը՝ հիմնականում մոտ 30 սմ հողի լիցք էր։

Եկեղեցու շուրջն սկզբում առանձնացվեց պեղման ենթակա տարածքը՝ կառույցի հյուսիսային, արևելյան և արևմտյան պատերից 5 մ հեռավորությամբ։ Հարավային մասում՝ մոտ 3 մ հեռավորությամբ, արևելքից-արևմուտք անցնում է ոռոգման ջրի առուն, հյուսիսային մասում` Գոգարան գյուղ տանող ճանապարհը, արևելյան մասն ամբողջությամբ ծածկված էր հողով և փարթամ բուսականությամբ։

Եկեղեցու արևելյան և արևմտյան հատվածներում մոտ 1մ խորությունից սկսեցին ի հայտ գալ հիմնահողային թաղումներ: Դրանց համար՝ որպես ծածկասալեր էին օգտագործվել և՛ անմշակ, և՛ սրբատաշ, խոշոր բազալտ քարեր։ Հետագա պեղումներով հնարավոր եղավ փաստել, որ թեք տեղանքի պատճառով Չիչխանավանքին շրջապատող հողաշերտն արագ բարձրացել է, քանի որ եկեղեցին և համաժամանակյա գերեզմանոցային կառույցները տարբեր խորություններում են:

Չիչխանավանքի հնագիտական ուսումնասիրությունների երկրորդ փուլն ընթացավ 2010-2012, 2014 թվականներին, որին, այս անգամ, մասնակցեցին նաև «Երկիր և մշակույթ» կազմակերպության կամավորները Ֆրանսիայից, Բելգիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, ՀՀ-ից և ԼՂՀ-ից։ Հիմնական նպատակն էր ավարտել եկեղեցու շրջակա գերեզմանոցի պեղումները, ընդարձակել պեղվու տարածքը՝ հրապարակ նախապատրաստելով շինաշխատանքների համար:

Արշավախմբի գլխավոր խնդիրներից էին.

1. Ընդարձակելով պեղավայրի հյուսիսային և հարավային սահմանները՝ հնարավորինս հստակեցնել գերեզմանոցի սփռվածությունը։

2. Հիմնապատվանդանն ամբողջությամբ բացելով՝ պեղել և հեռացնել եկեղեցու հարավային և արևելյան պատերի տակ առկա գերեզմանները։

3. Մարդաբանական նյութի ուսումնասիրման նպատակով՝ ձեռքբերել նմուշներ:

Նախորդ տարիներին խորը փոսի նմանվող պեղավայրից ջրահեռացում իրականացնելու համար նախատեսվում էր հյուսիսային և արևմտյան մասերում կառուցել հենապատեր։ 2008-2009 թթ. եկեղեցու հյուսիսային հատվածում բացվել էին մի շարք սալարկղային և քարակղային թաղումներ, ջրապատնեշներ: Գերեզմաններից մի քանիսը մինչև 1,8 մ բարձրությամբ հողի շերտի տակ էին, ինչն անհրաժեշտություն էր առաջացրել պեղավայրը կրկին ընդարձակել դեպի հյուսիս` պարզելու գերեզմանոցի հյուսիսային սահմանը միաժամանակ՝ տարածք ապահովել կառուցվելիք հենապատի համար։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրառումն իրականացվել է «Հասցեագրված Սպիտակ» ծրագրի շրջանակներում:
  • «Հասցեագրված Սպիտակ» ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ, Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արման Նալբանդյան, Տիգրան Ալեքսանյան, Դիանա Միրիջանյան, «Չիչխանավանք», Երևան, 2015:
  • Շիրակամուտի վարչական կենտրոն: