Մակամորձու բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասուն տղամարդու մակամորձի

Մակամորձու բորբոքում, էպիդիդիմիտ, լինում է ոչ առանձնահատուկ, առաջանում է ստաֆիլոկոկերով և ստրեպտոկոկերով ախտահարվելիս, և առանձնահատուկ՝ տուբերկուլոզային (առավել՝ հաճախ), գոնոռեային, բրուցելոզային, սիֆիլիսային։ Հարուցիչները թափանցում են մակամորձու մեջ սերմնատար ծորանով, օրինակ, գործիքային միջամտության դեպքում (միզապարկի կաթետերիզացում, միզապարկադիտում և այլն) կամ արյան միջոցով՝ գրիպի, անգինայի, բրուցելոզի, թոքաբորբի և այլնի ժամանակ։ Մակամորձու բորբոքումը ըստ կլինիկական ընթացքի լինում է սուր և քրոնիկական։ Սուրը զարգանում է բուռն, ամորձիների ախտահարված հատվածում առաջանում են ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի աճուկային և զստափոսային շրջանները։ Մարմնի ջերմությունը բարձրանում է 39-40 °C, մակամորձին մեծանում է, դառնում պինդ, ցավոտ, ամորձու համապատասխան կեսը (երբեմն լրիվ) մեծանում է, մաշկը կորցնում է ծալքավորությունը, դառնում հարթ, գերարյունային։ Քրոնիկական մակամորձու բորբոքման դեպքում ինֆիլտրատը լրիվ չի ներծծվում, պարբերաբար տեղի է ունենում պրոցեսի սրացում, սակայն ցավերը և ջերմային ռեակցիան թույլ են արտահայտվում։ Բուժումը. հիմնական պատճառի վերացում։ Բարդությունները. երկկողմանի մակամորձու բորբոքումից հաճախ առաջանում է անպտղություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 169