Հին դաշնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին դաշնագիր

Հին դաշնագիր (իսլ.՝ Gamli sáttmáli), համաձայնագիր, ըստ որի Իսլանդիան անցնում է Նորվեգական թագավորության իշխանության տակ։ Այն կնքվել է 1262-1264 թվականներին իսլանդացիների և Նորվեգիայի թագավոր Հակոն IV Ծերի միջև։

13-րդ դարի առաջին կեսին՝ հայտնի որպես Ստուրլունգների դարաշրջան, իսլանդական ժողովրդական իշխանությունը ճգնաժամի մեջ էր, և քաղաքացիական հակամարտությունների պատճառով երկիրը մասնատված էր։ Չկարողանալով հաղթել միմյանց իշխանության համար պայքարում, իսլանդացի գոդիները դիմեցին Նորվեգիայի թագավորին, և 1258 թվականին նա նշանակեց նրանցից մեկին՝ Գիցուր Թորվալդսոնին որպես Իսլանդայի յարլ և կղզում նրա ներկայացուցիչ։ Գիցուրին չհաջողվեց գրավել ամբողջ կղզին, բայց դիմադրության հանդիպեց, իսկ Հակոն Ծերը, չվստահելով այդ մարդուն, 1260-ականների սկզբին ուղարկեց իր էմիսարներին Իսլանդիա[1]։

1262-1264 թվականներին տեղի ունեցած տեղական պետական ժողովների ժամանակ Նորվեգիայի ներկայացուցիչները իսլանդացիներին որպես անվերջանալի քաղաքացիական պատերազմի ելք առաջարկեցին անցնել իրենց թագավորի իշխանության ներքո։ Կղզու հարավային և հյուսիսային մասերի բնակիչները երդում տվեցին Հակոնին, որը հետագայում կոչվեց «Հին դաշնագիր»։ Շուտով նմանատիպ պայմանագրեր կնքվեցին մնացած բնակիչների հետ[1]։

Այդ առաջարկով իսլանդացիները թագավորին ճանաչում էին որպես իրենց ինքնշխանի, պարտավորվում էին վճարել հարկերը, իսկ թագավորը պատասխանատու էր կղզում խաղաղության և կարգուկանոնի համար։ Նա անմիջապես վերացրեց գոդորդներին, յարլի պաշտոնը կորցրեց իր կարևորությունը, իսկ Գիցուրի մահից հետո նրան իրավահաջորդ չնշանակեցին։ Առանձին հոդվածներ սահմանում էին Նորվեգիայում իսլանդացիների սեփականության և ժառանգության իրավունքները, ինչպես նաև առևտրի պայմանները, քանի որ Իսլանդիան մեծապես կախված էր ներմուծումից[2]։

Իսլանդիան դարձավ Նորվեգական թագավորության ինքնավար մասը, և առաջին տասնամյակներում թագավորները փորձում էին հարգել այս ինքնավարությունը։ Մագնուս VI Լագաբեթեն 1271 թվականին ներկայացրեց «Երկաթե կողմը» (իսլ.՝ Járnsíða) օրենքների նորվեգական ժողովածուն, սակայն բնակչության դժգոհության պատճառով համաձայնվեց հետ վերցնել այն։ 1280 թվականին իսլանդացիներին առաջարկվեց «Ջոնի գիրքը», որի մեջ պահպանվել էին հին իսլանդական օրենքների դրույթներից շատերը՝ «Գորշ սագը», և որոշ դիմադրությունից հետո 1281 թվականի Ալտինգում բնակիչները ընդունեցին այն[1]։

Հին դաշնագրի պայմաններից մեկը այն էր, որ իսլանդացիները օրինական իրավունք ունեին այն լուծարելու, եթե Նորվեգիան խախտի իր պարտավորությունները։ Հետագայում՝ մինչև 19-րդ դարը, Իսլանդիայի անկախության կողմնակիցները վկայակոչում էին պայմանագրի այս հոդվածը՝ հակասություններ ունենալով դանիական իշխանությունների հետ, որոնք կղզին համարում էին իրենց գաղութ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Байок. 1262—1264: Договор с норвежским конунгом и конец эпохи народовластия
  2. 2,0 2,1 Хьяульмарссон, с. 63

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Байок Дж. Л. 1262—1264։ Договор с норвежским конунгом и конец эпохи народовластия / Исландия эпохи викингов. — М.։ Corpus, Астрель, 2012. — ISBN 978-5-271-41157-1
  • Хьяульмарссон Й. Р. История Исландии. — М.։ Весь мир, 2003. — ISBN 5-7777-0201-5