Հիդալգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդալգո (իսպ.՝ hidalgo), մանր և միջին ազնվականության ներկայացուցիչ միջնադարյան Իսպանիայում։

«Հիդալգո» տերմինն առաջացել է 12-րդ դարում, իսկ 13-14-րդ դարերից ցույց է տվել պատկանելությունը ասպետների դասին։ Ռեկոնքիստայի ժամանակաշրջանում Հիդալգոներն եղել են ռազմական կարևոր ուժ։ 15-16-րդ դարերում սնանկացել և աղքատացել են։ Հարստություն ձեռք բերելու նպատակով մասնակցել են նոր հայտնաբերված ամերիկյան հողերի նվաճմանը։ Աղքատացած, սակայն ասպետներին հատուկ դասային նախապաշարումները պահպանած հիդալգոների առկայությունը ֆեոդալական Իսպանիայի անկման ժամանակաշրջանի (16-րդ դարի վերջ-17-րդ դար) հասարակական կյանքի բնորոշ առանձնահատկությունն էր։ Այդ ժամանակաշրջանի հիդալգոյի հավաքական կերպար է նշանավոր Դոն Քիշոտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png