Հավաքովի կոնստրուկցիաներ
Հավաքովի կոնստրուկցիաներ, կոնստրուկցիաներ, որոնք հավաքում, մոնտաժում են շինհրապարակում լրացուցիչ մշակում չպահանջող պատրաստի տարրերից։ Հավաքովի կոնստրուկցիաների տարրերը պատրաստում են տարբեր նյութերից (պողպատ, բետոն, երկաթբետոն, փայտ, ասբեստացեմենտ, ալյումինի համաձուլվածքներ, պլաստմասսաներ և այլն)։ Հավաքովի կոնստրուկցիաների օգտագործումը թույլ է տալիս առավել աշխատատար աշխատանքները կատարել տարրերի պատրաստման բարձրարտադրողականություն ունեցող սարքավորումներով հագեցված արդ. ձեռնարկություններում։
Շինհրապարակում հավաքովի կոնստրուկցիաների մոնտաժումը, ինչպես նաև դրանց փոխադրման ժամանակ բեռնման-բեռնաթափման աշխատանքներն իրականացվում են մոնտաժման մեխանիզմներով (ամբարձիչներ, բեռնիչներ)՝ ձեռքի աշխատանքի նվազագույն ծախսումներով, որոնք ապահովում են շինարարության աշխատատարության և արժեքի զգալի նվազում, շենքերի և կառույցների կառուցման ժամկետների կրճատում, աշխատանքների որակի բարձրացում։
Պատրաստի տարրերից հավաքվող կոնստրուկցիաները համապատասխան միացումևերի դեպքում կարող են լինել հավաքովի-քանդովի, որը բավական արդյունավետ է տարբեր նշանակության ժամանակավոր կառույցներ կառուցելիս, հատկապես դժվարամատչելի շրջաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 265)։ |