Կիչանի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիչանի անապատ

Կիչանի անապատ, հուշարձան, որը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից 1․5 կմ արևմուտք։ Այն, ըստ տեղի վիմական արձանագրության, հայտնի է նաև «Խութավանք» անվամբ։ Տեղացիները այն կոչում են «Անահիտին տոն»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից, գավթից, միաբանների խցերից, իսկ հենց վանքի մերձակայքում և վանքից հարավ-աևևմուտք ձգվում է մի ընդարձակ գերեզմանատուն։ Մի խաչքարի վրա պահպանվել են համալիրի ամենահին արձանագրության հետքերը, որը թվագրվում է 1191 թվականին։ Փաստացի սա միակ արձանագրությունը չէ, քանի որ վանքի տարբեր մասերում գտնվել են 10-ից ավելի արձանագրություններ, որոնք հետագայում հրատարակվել են։ Համալիրի հարավ-արևելյան թևում գլխավոր եկեղեցու մուտքն է։ Այն ունի ընդարձակ սրահ, միանավ կառուցվածք։ Եկեղեցին ունի գեղեցիկ զարդաքանդակներով չորս պատուհան, իսկ ներսում կան խորշեր ու վեց պատուհան։ Եկեղեցին հիմնադրվել է 18-րդ դարում, սակայն մերձակայքում գտնվող հուշարձանների արձանագրությունները վերագրվում են 12-13-րդ դարերին։ Սա հուշում է, որ եկեղեցին կառուցվել է այլ եկեղեցու ավերակների կամ հին պատմական հնավայրի վրա։ Երկրորդ եկեղեցին գտնվում է վանական համալիրի հյուսիս-արևելյան թևի վրա։ 18-րդ դարում վերակառուցված այս եկեղեցին ունի թաղակապ դահլիճի հորինվածք։ Այս երկու եկեղեցիների միջև գտնվում է գավիթը, ընդարձակ սրահը, որը ներկայումս ավերված է։ Վանքի երրորդ եկեղեցին տեղակայված է համալիրի հարավային մասում՝ մի առանձնացված տեղում։ Եկեղեցին գրեթե ամբողջովին պահպանվել է։ Այն կառուցված է կրաքարերով, որոշ տեղերում օգտագործված են սրբատաշ ու կիսամշակ քարեր։ Հարավ-արևելյան կողմից ունի մեկ մուտք, իսկ հարավից բացվում է պատուհան։ Եկեղեցին վերագրվում է 18-րդ դարին։ Կիչանի վանական համալիրը հատկանշական դեր է խաղացել Արցախի պատմության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բարսեղյան, Անահիտ (2011). Արցախի վանքերը. Ստեփանակերտ. էջ 27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)