Խայթող բջիջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խայթող բջիջներ, նեմատոցիտներ, աղեխորշավորների մեծ մասի ծածկող էպիթելում, ինչպես նաև էնտոդերմում գտնվող հատուկ բջիջներ, որոնք հարձակման և պաշտպանության միջոց են։ Ունեն բարակ, խիտինային կազմությամբ ձվաձև կամ երկարավուն պատիճ, որի խոռոչը լցված է թունավոր հեղուկով։ Այստեղ է գտնվում նաև պարուրաձև ոլորված թելիկը։ Կորիզը տեղադրված է բջջի հիմքում, իսկ արտաքին մակերևույթում կա զգայուն ելուստ՝ կնիդոցիլ, որին հպվելիս խայթող բջիջներն անմիջապես գրգռվում են, թելիկը խոռոչից դուրս է թռչում և խայթում։ Աղեխորշավորների խայթող բջիջները տեղադրված են մարմնի ամբողջ մակերևույթում, ավելի շատ խտացած են շոշափուկների և բերանի շուրջը։ Խայթոցից հետո բջիջները մահանում են, իսկ դրանց տեղում կամ կողքին նորերն են զարգանում։ Խայթող բջիջների ազդեցությունից այրվածքներ են առաջանում, մանր (երբեմն նաև խոշոր) կենդանիները մահանում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png