Լիզարդ Փոինթի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզարդ Փոինթի ճակատամարտ
Թվական1637 թվական
Մասն էՈւթսունամյա պատերազմ
ՎայրԼիզարդ հրվանդան (Մեծ Բրիտանիա)
Արդյունքիսպանացիների հաղթանակ
Հակառակորդներ
Միացյալ պրովինցիաների հանրապետություն Իսպանիա
Հրամանատարներ
անհայտ Միգել դե Օռնա
Կողմերի ուժեր
6 ռազական նավ
44 առևտրային նավ[1]
6 գալեոն
2 ֆրեգատ[1]
Ռազմական կորուստներ
3 ռազմանավ խորտակվել է[1]
3 ռազմանավ գրավվել է
14 առևտրային նավ գրավվել է[2]
չկան
Ընդհանուր կորուստներ

Լիզարդ Փոինթի ճակատամարտ, ծովային ճակատամարտ, որ տեղի է ունեցել Կոռնուոլ կղզու (Մեծ Բրիտանիա) ափերի մոտ 1637 թվականին Ութսունամյա պատերազմի շրջանակներում։ Կռվի նախօրեին իսպանական ծովակալ Միգել դե Օռնան՝ Ֆլանդրիական նավատորմի հրամանատարը, գրավել է անգլո-հոլանդական կարևոր առևտրական քարավան, որ բաղկացած էր 44 նավերից ու նրանց ուղեկցող ևս 6 նավերից, և բարեհաջող կերպով վերադարձել իր բազան Դյունկերկում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1636 թվականի սկզբին Իսպանիայում ծառայող ֆլամանդացի փորձառու ծովակալ Յակոբ Կոլերտը՝ Ֆլանդրիական նավատորմի հրամանատարը, ջախջախվել է հոլանդական նավատորմի կողմից, որի հրամանատարն էր կապիտան Յոհան Էվերտսենը[3]։ Գալեոնն ու նավատորմի ևս մեկ նավ խորտակվել են Դիեպի մոտ, իսկ ծովակալը գերի է վերցվել 200 զինվորների հետ միասին[4]։ Գերիների փոխանակումից հետո Կոլերտն ազատ է արձակվել, սակայն շուտով մահացել է հիվանդությունից Լա Կորունյայում[4]։ Այդ ժամանակ նրան փոխարինել է նավառացի Միգել դե Օռնան։ Վերջինս նույնպես եղել է փորձառու հրամանատար և ոչնչացրել թշնամու երեք խոշոր պահականավախումբ երկու տարուց էլ քիչ ժամանակում[5]։

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգել դե Օռնան Դյունկերկից դուրս է եկել փետրվարի 18-ին՝ գլխավորելով հին գալեոնից ու երկու ֆրեգատներից կազմված նավատորմը։ Նրա խնդիրն էր հարձակվել հոլանդական ձկնորսական նավատորմի և առևտրական ուղիների վրա։ Նրա հրամանատարներն էին բասկ Անտոնիո դե Անսիոնդոն, ֆլամանդացիներ Մարկուս վան Օբենը ու Կոռնելիս Մեյնեն և կաստիլիացիներ Անտոնիո Դիասն ու Սալվադոր Ռոդրիգեսը[1]։ Առևտրական նավի գրավումից հետո, գտնվելով Կալեի ափային հրետամարտկոցների կրակի տակ, իսպանական նավատորմը հատել է Լա Մանշը։ Կոռնուոլի ափերի մոտ՝ Լիզարդ հրվանդանի մոտ, հայտնաբերվել է անգլո-հոլանդական պահականավախումբ՝ կազմված 28 հոլանդական և 16 անգլիական առևտրական նավերից հոլանդական վեց ռազմական նավերի ուղեկցությամբ։ Իսպանական ռազմական նավերն առանց հապաղման հարձակման են անցել։

Իսպանական հրետանու կրակի շնորհիվ հոլանդական հրամանատարական նավը բոլորովին շարքից դուրս է եկել[1]։ Անտոնիո Դիասի նավը կատարել է նավաճանկում և գրավել նրա դրոշը, սակայն հարձակումը վերջնական արդյունքում հետ է մղվել։ Երկրորդ փորձը, որ կատարվել է հրամանատարական նավից, տևել է կես ժամ, սակայն կրկին ավարտվել է անհաջողությամբ։ Միայն երրորդ փորձից է հաջողվել վերջնականապես գրավել հոլանդական ֆլագմանը[6]։ Առևտրական նավերն օգտագործել են իրենց հրետանին, որպեսզի օգնեն իրենց ուղեկցող նավերին, սակայն հաջողություն չեն ունեցել. նրանցից երեքը խորտակվել են։ Մյուս երկուսը հանձնվել են և գերի վերցվել[6]։ Նավախմբի նավերը ցրվել են ու փորձել առանձին-առանձին հեռանալ՝ օգտվելով վրա հասած մթությունից։ Այնուամենայնիվ, նրանցից տասնչորսն ի վերջո հայտնվել են իսպանացիների ձեռքում և տարվել Դյունկերկ[6]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռնան վերադարձել է Դյունկերկ 17 ավարառված նավերի ուղեկցությամբ, որ բեռնված էին զինամթերքով ու հումքով[6]։ Ճանապարհին նա խուսափել է ծովակալ Ֆիլիպս վան Դորպի հոլանդական նավատորմից, որն ուղարկվել էր իսպանական նավախումբը գրավելու հանձնարարությամբ[6]։ Դորպը փորձել է արգելափակել իսպանական նավատորմը նավահանգստում, սակայն չի հասցրել, և Օռնան կարողացել է շարունակել իր ուղին առանց խոչընդոտների։ Հուլիսին նա դարանակալել է Բորդոյից եկող հոլանդական երկու պահականավախմբերի՝ գրավելով 12 նավ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fernández Duro p. 409
  2. 2,0 2,1 Stradling p. 88
  3. Fernández Duro p. 408
  4. 4,0 4,1 Stradling p. 87
  5. Laughton/Anderson/Perrin p. 265
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Fernández Duro p. 410

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.)Stradling, R. A. (2004). The Armada of Flanders: Spanish Maritime Policy and European War, 1568—1668. Cambridge University Press ISBN 978-0-521-52512-1
  • (իսպ.)Fernández Duro, Cesáreo (1898). Armada española desde la Unión de los Reinos de Castilla y de León. Vol. IV. Madrid: Est. tipográfico «Sucesores de Rivadeneyra».
  • (անգլ.)Laughton, Leonard George Carr; Anderson, Roger Charles; Perrin, William Gordon (2001). Mariner’s mirror: wherein may be discovered his art, craft & mystery after the manner of their use in all ages and among all nations. Vol. 87. Society for Nautical Research.