Լիբիայի ճարտարապետություն և կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբիական ճարտարապետություն և կերպարվեստ, Լիբիայի տարածքում պահպանվել են նոր քարի դարի ժայռապատկերներ (փղերի, բիզոնների որսի տեսարաններ, քաղաք Էլ–Ուվեյնաթ), փյունիկյան արվեստի հուշարձաններ (կավե քանդակներ, նախշազարդ խեցեղեն, ապակյա անոթներ, մանյակներ, մ.թ.ա. I հազարամյակ, Լեպտիս–Մագնա), հին հունական, հին հռոմեական և բյուզանդական խճանկարված և քանդակազարդ կառույցների մնացորդներ (Մաբրւաոայի թատրոնը, II–III դդ.), անտիկ կիրառական արվեստի նմուշներ։ Արաբների նվաճումից հետո (VII դ.–VIII դ. սկիզբ) Լիբիայի տարածքում ձևավորվել է արաբա–բերբերական մշակույթը, երևան են եկել քաղաքներ՝ նեղ, ոլորուն փողոցներով, մզկիթներով, մինարեթներով, ներքնաբակեր ունեցող 1–2-հարկանի կավածեփ տներով։ XVIII–XIX դդ. բնորոշ են բազմագմբեթ մզկիթները, որոնք ներքուստ պատված են քանդակազարդերով, որմնանախշերով, բազմագույն մայոլիկայով (Գերնա քաղաքի մզկիթը), հեռավոր շրջաններում մզկիթները կավածեփ, հատակագծում ուղղանկյուն, ամրոցային բնույթի կառույցներ են։ Իտալական տիրապետության շրջանում (1912–43) քաղաքներում ստեղծվել են եվրոպական թաղամասեր։ Անկախության նվաճումից հետո կառուցվում են ժամանակակից դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի և վարչական շենքեր։ Ժողովրդական արվեստի գործերից են վառ երկրաչափական նախշերով գորգերը, դրոշմված կամ ասեղնագործված զարդերով կաշվե իրերը, դրվագված պղնձե անոթները, ոսկերչական առարկաները, արմավենու տերևներից հյուսված խսիրներն ու պայուսակները։