Թռչունների ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թռչունների ժանտախտ (Pestis avium), սուր վարակիչ հիվանդությունների անվանում, միավորում է թռչունների եվրոպական կամ դասական ժանտախտը և ասիական կամ կեղծ ժանտախտը։

  • Թռչունների դասական ժանտախտը (թռչունների գրիպ) բնորոշվում է ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթի բորբոքա–մեռուկային ախտահարումով, դեգեներատիվ փոփոխություններով և հավերի ընտանիքի բոլոր տարիքի թռչունների անկման բարձր տոկոսով։ Հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, իսկ սպորատիկ ձևով՝ Եվրոպայում։ Պատճառում է տնտեսական մեծ վնաս։

Հարուցիչը օրթոմիքսովիրուսների խմբի վիրուսն (A գրիպ) է։ Հիվանդանում են հավերը, խայտահավերը, հնդկահավերը, փասիանները, սիրամարգերը, ինչպես նաև բադերը և սագերը, վայրի թռչուններից՝ ճնճղուկը, թութակը, կաքավը ևն։ Ունի համաճարակային բնույթ։ Վարակի հարուցիչների աղբյուրը հիվանդ թռչուններն են, իսկ փոխանցման գործոնները՝ վարակված կերը, ջուրը, խնամքի առարկաները։ Վիրուսի թափանցման ուղիներն են բերանի և քթի խոռոչները, ակնաթաղանթը և կոյանոցը։ Գաղտնի շրջանը 1–3 օր է։ Թռչունները թորշոմում են, դառնում քնկոտ, նկատվում է քթից և բերանից լորձահոսություն, լուծ, 1–3 օր հետո 80–90 %–ը սատկում է։ Ախտորոշում են էպիզոոտոլոգիական, կլինիկական, ախտաբանա–անատոմիական և լաբորատոր հետազոտության տվյալներով։ Կանխարգելման նպատակով թռչնանոցներն ախտահանում են, արգելում կողմնակի մարդկանց մուտքը, կիրառում զոո–հիգիենիկ կանոններ, անապահով տնտեսություններում՝ կարանտին, հիվանդ և կասկածելի թռչունների, դրանցից ստացված մթերքի ոչնչացում ևն։ Կարանտինը հանվում է հիվանդության վերջին դեպքից 4 շաբաթ հետո։

  • Ասիական կամ կեղծ ժանտախտ (Նյուքասլի հիվանդություն), հայտնաբերված է Եվրոպայում, ԱՄՆ–ում, Ավստրալիայում և Ասիայի մի շարք երկրներում։ Ռուսաստանում արձանագրված է 1944-ին։ Հիվանդության հարուցիչը պարամիքսովիրուսների խմբի վիրուսն է։ Հիվանդության ընթացքը, կլինիկական նշանները և ախտանատոմիական փոփոխությունները շատ նման են եվրոպական ժանտախտին։ Կանխարգելման միջոցառումները նույնն են, ինչ եվրոպական ժանտախտինը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 280