Էրեբունու որմնանկարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրեբունու որմնանկարներ,առանձնանում են իրենց կատարման բարձր վարպետությամբ,գծանկարչությամբ, պայծառ գույների ներդաշնակությամբ։ Վանի թագավորությունում որմնանկարչությունը զարգացման բարձր մակարդակի վրա է եղել։

Որմնանկարչությունը Վանի թագավորությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորությունում որմնանկարչությունը զարգացման բարձր մակարդակի վրա է եղել։ Էրեբունուց, Կարմիր բլուրից, ինչպես նաև ուրարտական այլ հուշարձաններից հայտնաբերվել են որմնանկարների բեկորներ, որոնք, ժամանակին զարդարել են ինչպես աշխարհիկ, այնպես էլ պաշտամունքային բնույթի շինությունները։ Որմնանկարների պաշտամունքային թեմաներում կարելի է տեսնել աստվածների թափոր, սրբազան կենդանիներ, կենաց ծառ, իսկ աշխարհիկ մոտիվներում՝ որսի տեսարաններ, անասնապահության, երկրագործության պատկերներ և այլն։ Ընդարձակ հորինվածքներից մեզ են հասել որմնանկարների աննշան հատվածներ, սակայն, հիմք ընդունելով բաղկացուցիչ տարրերի կրկնության սկզբունքը՝ հնարավոր է լինում վերականգնել նրանց նախնական տեսքը։

Որմնանկարների գունավորման սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնազարդերի նշագրումները շրջանակների կամ գծերի ձևով կատարվել են քանոնով և կարկինով, որից հետո գծագրված մակերեսներին կարմիր ներկով ներգծվել են նկարների ուրվագծերը, որոնք ծածկվել են զանազան գույներով։ Էրեբունու որմնանկարները տարբերվում են մյուսներից ոչ միայն իրենց գծանկարչությամբ, այլև պայծառ գույների ներդաշնակությամբ։ Որմնանկարների երանգավորման հիմնական գույները կապույտն ու կարմիրն էին, սակայն օգտագործում էին նաև երկնագույն, կանաչ, դեղնակարմիր, սև գույնի՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական ներկեր։ Սպիտակ ներկը ստանում էին գիպսից, սևը՝ ածխից, կարմիրը՝ երկաթի օքսիդից։ Ներկեր էին պատրաստում նաև պղնձից, անագից, կապարից և այլ նյութերից[1]։

Էրեբունի թանգարանում ցուցադրվող որմնանկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձառյուծի պատկերով որմնանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Urartian Fresco06

Ուրարտական թագավորների որսի կենդանիները բազմազան են։ Այս առումով ուշագրավ է Էրեբունի ամրոցի պալատական հատվածի պեղումներից հայտնաբերված վազքի մեջ գտնվող ընձառյուծի պատկերով որմնանկարի բեկորը։ Այստեղ, խիստ արտահայտված ընձառյուծը պատկերված է բարձրացրած գլխով և վեր տնկած պոչով։ Որմնանկարում երևում է նաև վայրի ցլի գլուխ[2]։

«Նժույգը որսից հետո» որմնանկարի հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Urartian Fresco07

Ուրարտական արվեստի թեմատիկայում մեծ տեղ է գրավել ձին, որի մասին վկայում են պեղումներից հայտնաբերված տարբեր իրերի պատկերաշարերը, ինչպես նաև, ժամանակին Էրեբունի ամրոցը զարդարող ձիու պատկերով մի բացառիկ որմնանկարը։ Սև նժույգը գտնվում է սրընթաց շարժման մեջ, պարզ ընդգծված է առջևի բարակ, երկար ոտքերը։ Նժույգի վրայից իջեցվել է թամբը կամ մարտակառքի լծասարքը[3]։

Գութան քաշող եզների որմնանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագործական թեմատիկայի շրջանակում հետաքրքրական է Էրեբունի ամրոցի պալատական հատվածից հայտնաբերված զույգ եզների պատկերումով որմնանկարը։ Ի տարբերություն արտահայտիչ պատկերված եզների, որմնանկարում պատկերված մարդու ուրվագիծը գրեթե չի երևում։ Լավ է պահպանվել մարդու հագուստը՝ կարճ թևքերով վերնազգեստը։

Էրեբունի հնավայրից հայտնաբերված որմնանկարների բեկորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուլերի և առյուծների պատկերներով որմնանկարների բեկոր- Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Էրեբունի ամրոցից 1961 թվականին հայտնաբերված առյուծների և ցուլերի պատկերումով որմնանկարի բեկորը։ Այստեղ երևում են նաև աշտարակներ, զարդանկարներ, սրբազան ծառեր, աստվածներ։ Էրեբունի ամրոցից հայտնաբերվել են նաև որմնանկարների բեկորներ, որոնք պատկերացում են տալիս ժամանակաշրջանի անասնապահության, երկրագործության, ինչպես նաև որսից հետո տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոստանդին Հովհաննիսյան, Էրեբունիի որմնանկարները, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1973
  2. Երևանի Քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Կատալոգ, «Էրեբունի» թանգարանի ցուցադրության իրերի, Երևան, 2017
  3. Оганесян К. Л., Крепость Эребуни, Е., 1980