Երգ Ռիգի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգ Ռիգի մասին
Rígsþula
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Կերպար(ներ)Հեյմդալ
Հրատարակված էCodex Wormianus?
Հրատարակման տարեթիվմինչև X- XIII դարեր
Թվային տարբերակnorroen.info/src/edda/rig/
 Rígsþula Վիքիպահեստում

Երգ Ռիգի մասին (իսլ.՝ Rígsþula), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը, որը մեզ հասել է Դանիայի թագավորական գրադարանում պահվող «Վորմիանուսի կոդեքս» ("Codex Wormianus Am 242 fol.") անվամբ ձեռագրից։ Մեկնիչներից ոմանց կարծիքով այն գրառվել է «Աբագ Էդդա» անվանյալ մագաղաթյա ձեռագերի հավաքածուից զատ, Հյուսիսային Իսլանդիայում 1350 թվականին։ Ձեռագիրը հաճախակի ընդհատվում է, իսկ վերջին հատվածն ընդհանրապես անհետացել է՝ անպատասխան թողնելով թազմաթիվ հարցեր։ «Երգ Ռիգի մասին» առասպելը շատ հետազոտողների կողմից ենթարկվել է տարաբնույթ մեկնաբանությունների։ Rígsþula վերնագրից բացի հայտնի է նաև նրա մեկ այլ անվանում՝ Rígsmál։ Ռիգ բառը որոշ ուսումնասիրողներ, բխեցնելով կելտերեն «ri» բառից, թարգմանում են որպես թագավոր, արքա։ Այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել նաև սանսկրիտի «ռաջա», լատիներենի «ռեքս», գերմաներենի «ռայխ» նույնիմաստ բառերի հետ։ Տարաբնույթ կարծիքներ են հնչում նաև Ռիգի և Հեյմդալար աստծո նմանության մասին, չնայած նրան, որ երգում միանշանակ Ռիգն ու մարդկային ցեղերի ստեղծման ակունքում կանգնած պայծառափայլ ասը նույնատիպ գործառույթներ են իրականացնում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգ Ռիգի մասին» առասպելում նկարագրվում է մարդկային երեք դասակարգերի՝ «յարլ» իշխանների, «բոնդ» կալվածատերերի և «ծրել» ստրուկների առաջացումը։ Երգում սոցիալական տարբեր հարթություններում կանգնած խավերը ներկայացվում են իրենց կենցաղին հատուկ՝ երբեմն չափազանց ճշգրիտ նկարագրություններով։ Նկարագրվում են այնպիսի մանրամասնություններ, ինչպիսիք են խոհանոցն ու դրա պարագաները, տան կահավորանքը, յուրաքանչյուր դասին բնորոշ հանդերձանքն ու զարդարանքը։ Կարծիք է ստեղծվում, որ նա, ով կանգնած է այս առասպելի ստեղծման ակունքում, օժտված է եղել գոթերի լայնարձակ երկրի փայլուն իմացությամբ, նրա յուրաքանչյուր մասում ապրող ցեղախմբերի խառնվածքով, հյուսիսում է հայտնվել՝ անցնելով կելտական կղզիներով ու ժամանել է քրիստոնեության հետ միասին և որպես վերջաբան կնքադրվել է դանիական թագավորների կողմից 960 թվականից քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու որոշումով։ «Երգ Ռիգի մասին» առասպելը ճակատագրի բերումով ավարտվում է Կոն, «Konungr» անունով երիտասարդ թագավորի արշավանքով դեպի Դան ու Դանպր երկիր (Dan, Danþr)՝ շատ մեկնաբանների կողմից ընկալվելով որպես ակնարկ Դանիայի արքայական տան մասին։ Փաստորեն, կարևորագույն ձեռագրերն ընդհատվում են Դանիան բնորոշող անուններով, բոլոր կարևորագույն ձեռագրերը պահվում են Դանիայում, քրիստոնեության մուտքը Սկանդինավյա տեղի է ունենում նախ Դանիայում և բազմաթիվ մեկնիչների մղում դեպի Դանիա այս էդդայական հանգույցը քանդելու համար։ Երգում պատմվում է, թե ինչպես աստվածներից Ռիգը, շրջում էր կանաչ ու դալար ճանապարհներով, երբ տեսնում է մի տնակ։ Ներս մտնելով, նա տեսնում է օջախի մոտ նստած ծերունի ամուսինների՝ Այինին ու Էդդային։ Տանտիկինը՝ պառավ Էդդան, վեր է կենում և հաց ու հորթի միս է բերում հյուրի համար։ Ապա Ռիգը սկսում է խրատներ տալ նրանց, որը տևում է երեք օր ու գիշեր։ Ռիգի հեռանալուց ինն ամիս անց Էդդան զավակ է ունենում, որին անվանում են Ծրել (հին իսլանդերենում նշանակում է ստրուկ)։ Ծրելը մեծանում է և ամեն օր ցախ է կրում իրենց տուն։ Մի օր էլ նրանց բակ է մտնում Թիր անունով մի աղջիկ։ Ծրելն ու Թիլը միասին տուն են մտնում և այդուհետ միասին ապրում։ Նրանք ունենում են տասներկու տղա և ինը աղջիկ։ Երիտասարդ ամուսինները ցանկապատ են կառուցում, իրենց արտերը պարարտացնում, խոզերին կերակրում և այծերին արածեցնում։

Ռիգը նահապետների խրճիթում։

Իսկ աստված Ռիգը շարունակելով իր ճամփան, ևս մեկ տնակ էր նկատել ու մտել ներս։ Այնտեղ ապրում էին ամուսիններ Աֆին և Ամման։ Տանտեր Աֆին կարպետ գործելու դազգահ էր տաշում փայտից, իսկ տանտիրուհի Ամման աշխատում էր ճախարակով։ Ամման ևս հյուրին բերում է հաց և հորթի եփած միս։ Ապա նրանց ևս Ռիգը խրատներ է տալիս այս ծերունի ամուսիններին էլ ու հեռանում, որից ինն ամիս անց Ամման ևս ունենում է մի զավակ։ Նրան անվանում են Կարլ (հին իսլանդերենում նշանակում է հողագործ)։ Երբ Կարլը մեծանում է, սկսում է խնամել ցլերին, արոր ու գութան է պատրաստում, ապա փայտից տուն է կառուցում։ Նրա համար հարսնացու են բերում, որի անունը Սնոր էր (նշանակում է հարսնացու)։ Նրանք ամուսնանում են, մատանիներ փոխանակում և ապրում հաշտ ու խաղաղ։ Կարլն ու Սնորին ունենում են տասը որդի, որոնց անունները առնչվում է երկրագործության հետ։ Նրանցից սերվում է ազատ հողագործների դասը։

Ռիգը Աֆինի ու Ամմայի տնից հեռանալով, էլի էր շարունակել իր ճամփան և նկատել էր ևս մեկ տուն։ Ներս մտնելով նա տեսնում է հայացքներով իրար միաձուլված տանտերերին՝ Ֆաթիրին ու Մոթիրին։ Ֆաթիրը նետեր էր տաշում, ապա աղեղ պատրաստում, իսկ տանտիրուհի Մոթիրը իր ձեռքերն էր խնամում և հարդարում հագուստը։ Հյուրին Մոթիրը պատվում է ճոխ սեղանով։ Երեք օր ու գիշեր Ռիգը նրանց ևս խրատներ է տալիս, իսկ նրա հեռանալուց ինն ամիս անց տանտիրուհին զավակ է ունենում, որին կոչում են Յարլ (հին իսլանդերենում նշանակում է իշխան, ազնվածին)։ Յարլը մեծանում է որպես հուժկու ռազմիկ։ Երբ նա արդեն հասունացել էր, կրկին գալիս է Ռիգը և նրան ռունագրեր գրել ու կարդալ է սովորեցնում։ Դրանից հետո Յարլն ամուսնանում է հարևան երկրի արքայադուստր Էռնայի հետ (նշանակում է ընդունակ)։ Նրանք ունենում են տասներկու որդի։ Նրանք նույնպես իրենց հոր նման քաջ մարտիկներ էին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգ Ռիգի մասին» հոդվածին։