Դատական լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դատական լուսանկարչություն լուսանկարչության ընդհանուր և հատուկ մեթոդների գիտականորեն մշակված համակարգ, որով քննչական, օպերատիվ հետախուզական և փորձագիտական գործողություններ կատարելիս հետազոտվում և հաստատագրվում են հանցագործության հետքեր և իրեղեն ապացույցներ։ Կիրառվում է դատական լուսանկարչության երկու եղանակ, հաստատագրման և հետազոտման։

Հաստատագրման եղանակով քննչական և օպերատիվ հետախուզական մարմինները լուսանկարում են դեպքի վայրը, կենդանի անձանց, դիակներ, հանցագործության հետքեր, իրեղեն ապացույցներ, ինչպես նաև քննչական առանձին գործողությունների որոշ փուլեր (տեղազննություն, խուզարկություն, քննչական փորձարարություն և այլն)։ Հաստատագրման եղանակը լինում է․ կողմնորոշող (օբյեկտի նկարահանումը շրջապատում), տեսածիրային (առանց շրջապատի), հանգուցային (օբյեկտի կարնոր մասերի նկարահանում), դետալային (օբյեկտի մանրամասների նկարահանում)։ Դատական լուսանկարչությունը օգտագործում է համայնապատկերային, ծավալադիտակային, չափական և այլ եղանակներ։

Հետազոտման եղանակը ընդգրկում է ռենտգենյան, գամմա, ինֆրակարմիր և այլ տիպի ճառագայթներով լուսանկարում և այլն։ Դատական լուսանկարչությունը կատարվում է սովորական, ինչպես նաև հետազոտման նպատակներին հարմարեցված հատուկ ապարատներով։ Դատական լուսանկարչությունյանը զուգահեռ իրագործվում է կինոնկարահանումը։ Դատական լուսանկարչությունը որպես իրեղեն ապացույցների արձանագրում, նախատեսվում է սովետական քրեական դատավարության օրենսդրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 307