Առակներ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առակներ (Առակաց գիրք), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գիրք: Գիրքն իր ներկայիս տեսքով կազմվել է Եզեկիա թագավորի օրոք: Իմաստալից ասույթների և ուսուցող. խրատների ժողովածու է, որի մեծ մասը մակագրված է Սողոմոնի, իսկ մնացյալը՝ այլ իմաստունների անուններով: Արծարծված են բազում արդիական թեմաներ՝ արդարություն, հիմարություն, ամբարշտություն, հարստություն, աղքատություն, ծուլություն, նենգություն, կաշառք ևն: Առանձնակի գեղեցկությամբ շարադրված է իմաստության (գլ. 8, որի 22–31 համարներում եկեղեցու հայրերը տեսնում էին Սուրբ Երրորդության երկրորդ անձին) և առաքինի կնոջ գովքը (31.10–31): Հիմն. բովանդակությունը Տիրոջ օրենքն է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմություն, օրենքի իմացությունը մտքի հարստություն է» (9.10): Ըստ եբրայական ավանդության, մինչև Սողոմոնը ոչ ոք պատշաճորեն չէր հասկանում օրենքը:

Առակաց գրքից է Մեսրոպ Մաշտոցը կատարել հայերեն գրերով առաջին թարգմանությունը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակներ 1.2):

Արտաքին հղումներ [խմբագրել]