Ապրած և չապրած տարիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրած և չապրած տարիներ
ՀեղինակՎարդգես Պետրոսյան
Ժանրվիպակ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Լևոն
Ստեղծման տարեթիվ1967-1968
ԵրկիրՀայաստան
ՎիքիքաղվածքԱպրած և չապրած տարիներ

«Ապրած և չապրած տարիներ», Վարդգես Պետրոսյանի վիպակը, որը գրել է 1967-1968 թվականներին[1]։ Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։

Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին։ Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։

Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է։ Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։ Լևոնի համադասարանցիներից միայն չորսն են գալիս նրա կազմակերպած հերթական հանդիպմանը։ Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սերոբը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, որն իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ, Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին և ուրիշներին։

Նրանք բոլորն էլ ունեն ընտանիք, աշխատանք, ընկերներ, հոգսեր, նպատակներ, հանդիպում են ընկերների հետ, ուտում, խմում։ Սակայն հարց է. ապրու՞մ են արդյոք․

«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները»։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները։ Հազիվ թե։ Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան։
  • Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են։
  • Փակեց աչքերը։ Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում։ Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի։
  • Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր։ Երբեք մութ չի լինում։ Մութը հնարել են մարդիկ։ Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար։ Մութ չկա։
  • Առհասարակ եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը։ Ինչ հետաքրքիր բան կստացվեր, կողք կողքի, իրար հետևից` ինչ տարբեր բաներ կլինեին։ Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են։ Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում։ Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում։ Մարդկանց միջև տարբերությունները դրանից են։
  • Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով։
  • Փորձեց հիշել մանկությունը։ Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը։ Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը։
  • Ամենից հաճախ նա վախենում Էր անհեթեթ մտքերից, դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում։
  • Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես։ Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են։
  • Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին։
  • Բոլորն էլ կարոտում են բնական վիճակների, ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևանալը։
  • Խմել և քնել - երկուսն էլ փախուստ են կյանքից։ Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը։
  • Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել։
  • Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ։ Չզգալ` այսինքն չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսալ։ Սարսափելի կլիներ։ Ով գիտե, շատ կենդանիներ գուցե և մտածում են, օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ։
  • Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել։ Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է։
  • Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու։
  • Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն։
  • Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել։
  • Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները։
  • Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել` ինչքան ուզես։ Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել. ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով։
  • Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը։ Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով։
  • Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի։ Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել։ Կյանքում՝ մարդիկ կարող են։
  • Մարդկանց թվում է, թե լավ գիտեն իրենց հարազատներին։
  • Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ։
  • Դդումն է հասունանում, մարդը ծերանում է։
  • Երևի այնքան էլ բարի բան չէ` հիշեցնել կորցրածը։
  • Ուզում էր, որ երկարի ճամփան, բայց ճամփան զսպանակ չի, որ ձգես։
  • Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները։ Ուրիշ ոչինչ։
  • Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի։ Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը։ Կամաց-կամաց։ Կամ արագ։
  • Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը։ Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ։
  • Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից։ Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաև նստում է, կռանում, թավալվում։ Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ, ինքն իր դեմ, ճեղքվելու` ինչպես ատոմի միջուկը։
  • Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել։ Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից։ Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները։
  • Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ։ Վաղը կարող է ուշ լինել։
  • Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից։
  • Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա։
  • Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում։
  • Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները։ Լուցկու այրված հատիկը կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են։ Ու մի օր էլ` կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով։
  • Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է։ Հենց գտավ, ուրեմն, նա չի։ ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ապրած և չապրած տարիներ». Գրքասեր (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]