Ազատ ծրագրային ապահովում
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ ծրագրակազմը (free software կամ software libre) այն ծրագրակազմն է, որը կարելի է առանց սահմանափակման օգտագործել, հետազոտել ու ձևափոխել, որը կարելի է պատճենել և տարածել ձևափոխված կամ չձևափոխված վիճակում առանց սահմանափակման կամ նվազագույն սահմանափակմամբ, որի միակ նպատակն է նույն հնարավորությունն ապահովել հետագա օգտվողներին և թույլ չտալ սարքակազմ արտադրողներին զրկելու գործածողներին իրենց սարքակազմը ձևափոխության ենթարկելու հնարավորութունից: Ազատ ծրագրակազմը հիմնականում լինում է անվճար:
Գործնականում` ծրագրակազմն ազատ կերպով տարածելու համար օգտվողը պետք է ստանա նաև ծրագրի` մարդու համար ընթերցելի տարբերակը (ելակետային կոդը)` վերոհիշյալ թույլտվությունը տրամադրող ծանուցման հետ միասին: Ծանուցումը կարող է ունենալ «ազատ ծրագրակազմի արտոնագիր» տեսքը, կամ էլ այնտեղ նշվի, որ ելակետային կոդը տեղադրված է հանրային տիրույթում (public domain):
Ազատ ծրագրակազմի շարժումը 1983 թ. նախաձեռնել է Ռիչարդ Սթոլմանը` համակարգիչ գործածողների «ծրագրակազմային ազատության» պահանջը բավարարելու և նրանց այդ արտոնությունից օգտվելու հնարավորություն տալու նպատակով:[1] 1985 թ. հիմնվել է Ազատ ծրագրակազմի հիմնադրամը` ապահովելու այն կազմակերպական կառույցը, որը, Սթոլմանի իրականացած կանխատեսմամբ` անհրաժեշտ էր լինելու ազատ ծրագրակազմի նրա գաղափարներն առաջ տանելու համար:
1998 թվականից կիրառվում են ազատ ծրագրակազմի այլընտրանքային կանոնները: Առավել տարածված են «ազատ ծրագրակազմի» ("software libre"), «ազատ և բաց աղբյուրի ծրագրակազմի» ("free and open source software" ("FOSS")) and «ազատ, ձրի և բաց աղբյուրի ծրագրակազմի» ("free, libre and open source software" ("FLOSS")) համակարգերը: 2005 թ. հիմնվել է Ազատ ծրագրակազմի իրավական կենտրոնը` FLOSS-ը պաշտպանելու և առաջ տանելու նպատակով:[2] Ազատ ծրագրակազմի հականիշը «արտոնագրված ծրագրակազմ» ("proprietary software") կամ «անազատ ծրագրակազմն» է:
Ազատ ծրագրակազմը, որը կարող է տարածվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով, տարբերվում է «ձրի ծրագրակազմից» ("freeware"), որն իր սահմանմամբ օգտագործման համար վճար չի ենթադրում: Ձրի ծրագրակազմի հեղինակները կամ սեփականատերերը, որպես կանոն, բոլոր այլ իրավունքները վերապահում են ծրագրակազմին: Ձրի ծրագրակազմ գործածողները, ընդհանուր առմամբ, չեն կարող հետազոտել, ձևափոխել կամ վերաբաշխել այն:[3][4]
Քանի որ ազատ ծրագրակազմը կարելի է ազատորեն վերաբաշխել, այն, ընդհանուր առմամբ, մատչելի է փոքր վճարով կամ անվճար: Ազատ ծրագրակազմի բիզնես մոդելները հիմնվում են այնպիսի ավելացված արժեքների վրա, ինչպիսին են աշխատածրագրերը (applications), աջակցումը, վերապատրաստումը, ընտրակայումը (customization), ինտեգրումը կամ արտոնագրումը: Միաժամանակ որոշ բիզնես մոդելներ, որոնք գործ ունեն «արտոնագրված ծրագրակազմի» հետ, անհամատեղելի են ազատ ծրագրակազմի հետ: Այդպիսին են այն մոդելները, որոնց պարագայում գործածողը պետք է վճարի արտոնագրի համար, որպեսզի կարողանա օրինականորեն օգտվել ծրագրակազմից:
Բովանդակություն |
[խմբագրել] Ազատ ծրագրակազմի արտոնագրեր
Բոլոր ազատ ծրագրակազմերի արտոնագրերը պետք է գործածողի համար ապահովեն վերոհիշյալ բոլոր ազատությունները: Սակայն եթե աշխատածրագրերի արտոնագրերը համատեղելի չլինեն, ծրագրերի միավորումը` ելակետային կոդը միախառնելով կամ ուղղակիորեն կապակցելով երկուականները, խնդրահարույց է արտոնագրերի տեխնիկական սահմանափակումների պատճառով: Անուղղակիորեն միմյանց միացված ծրագրերը կարող են խուսափել այս խնդրից: Ազատ ծրագրակազմերի մեծ մասն օգտվում է փոքր թվով արտոնագրերից: Դրանցից առավել տարածված են հետևյալները.
- GNU հանրային արտոնագիր (GNU General Public License)
- GNU նվազ հանրային արտոնագիր (GNU Lesser General Public License)
- BSD արտոնագիր (BSD License)
- Mozilla հանրային արտոնագիր (Mozilla Public License)
- MIT արտոնագիր (MIT License)
- Apache արտոնագիր (Apache License)
Ազատ ծրագրակազմի հիմնադրամը (ԱԾՀ) և Բաց աղբյուրների նախաձեռնությունը (ԲԱՆ) հրապարակում են այն արտոնագրերի ցուցակը, որոնք, նրանց կարծիքով, համապատասխանում են ազատ ծրագրակազմի և բաց աղբյուրի նրանց սեփական սահմանմանը:
ԱԾՀ ցուցակը համապարփակ չէ, կարող են լինել ազատ արտոնագրեր, որոնց մասին ԱԾՀ-ն չի լսել կամ բավականաչափ չի կարևորել: Ուստի կարող են լինել ազատ, սակայն ԱԾՀ ցուցակից դուրս մնացած արտոնագրեր: Մինչդեռ ԲԱՆ ցուցակը համապարփակ է: Նրանք ընդգրկում են այն արտոնագրերը, որոնք ներկայացված, քննարկված և հաստատված են: Հաստատման այս ձևական գործընթացով է սահմանվում արտոնագրի բաց աղբյուր լինելը: Այսպիսով, հնարավոր չէ, որ արտոնագիրը լինի բաց աղբյուրի տեսակի և ընդգրկված չլինի ԲԱՆ-ի հաստատած ցուցակում:
Բացի այս երկու կազմակերպություններից, ոմանց կարծիքով, Դեբիան նախագիծը նույնպես օգտակար խորհուրդներ է տալիս այն մասին, թե արդյոք այս կամ այն արտոնագիր համապատասխանում է Դեբիանի ազատ ծրագրակազմի ուղենիշներին (Debian Free Software Guidelines): Դեբիանը հավանության արժանացած արտոնագրերի ցուցակ չի հրապարակում, ուստի նրա կարծիքն իմանալու համար անհրաժեշտ է պարզել, թե նրանք ինչ ծրագրակազմեր են ընդգրկել ծրագրակազմերի իրենց արխիվում: Այդ նյութերն ամփոփված են Debian-ի ցանցակայքում:[5]
Սակայն հազվադեպ է լինում, որ հայտարարվի, թե որևէ արտոնագիր համատեղելի է ԱԾՀ չափանիշներին, իսկ ԲԱՆ-ի չափանիշներին` ոչ, և հակառակը (միակ բացառությունը Նեթսքեյփի Հանրական Արտոնագրի կիրառած Մոզիլա-ի վաղ տարբերակներն էին), ուստի այս եզրերի հստակ սահմանումները վիճաբանությունների նյութ չեն դարձել:
[խմբագրել] Թույլատրող և copyleft արտոնագրեր
ԱԾՀ-ն հետևյալ կերպ է դասակարգում արտոնագրերը.
- Հանրային տիրույթի ծրագրակազմեր (Public domain software) – հեղինակային իրավունքի ժամկետն անցել է, աշխատանքը հեղինակային իրավունք չի ստացել, կամ էլ հեղինակը հրաժարվել է հեղինակային իրավունքից: Քանի որ հանրային տիրույթի ծրագրակազմերը հեղինակային իրավունքի պաշտպանություն չունեն, դրանք կարող են հեշտությամբ ներառվել ցանկացած աշխատանքի մեջ` արտոնագրված թե ազատ:
- Թույլատրող արտոնագրերը նաև կոչվում են BSD-ոճի արտոնագրեր, քանի որ դրանք չափազանց լայնորեն են կիրառվում BSD օպերացիոն համակարգերի ծրագրակազմերում: Հեղինակն ունի հեղինակային իրավունք, որը վերաբերում է միայն երաշխիքներից հրաժարվելուն և ձևափոխված աշխատանքների պատշաճ կիրառում պահանջելուն: Թույլ է տալիս վերաբաշխում և ցանկացած ձևափոխում, նույնիսկ` արտոնագրային:
- Copyleft արտոնագրեր, որոնցից ամենակարևորը GNU հանրային արտոնագիրն է: Հեղինակը պահպանում է հեղինակային իրավունքը և թույլ է տալիս վերաբաշխում և ձևափոխություն` պայմանով, որ դրանք բոլորն էլ արտոնագրված լինեն նույն արտոնագրի պայմաններով: Ուրիշների կատարած հավելումներն ու ձևափոխումները նույնպես պետք է արտոնագրվեն նույն copyleft արտոնագրի պայմաններով, երբ դրանք վերաբաշխվում են նախնական արտոնագրված արտադրանքի մի մասի հետ միասին:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ GNU նախագծի սկզբնական հայտարարություն (անգլերեն).
- ↑ Ծրագրակազմի Ազատության Օրենքի Կենտրոն (անգլերեն).
- ↑ (2004) Բաց Կոդով Ծրագրակազմի Օրենք (անգլերեն). Artech House, 4. ISBN 9781580537193.
- ↑ (1999) Օրինական պատերազմները, որոնք ձևավորեցին համակարգչային արդյունաբերությունը (անգլերեն). Greenwood Publishing Group, 175. ISBN 9781567201789.
- ↑ Դեբիան -- Արտոնագրի տեղեկություն (անգլերեն).