iPhuck 10
IPhuck 10 | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Գրվել է | 2017 |
Հրատարակչություն | Էքսմո |
Հրատարակվել է | սեպտեմբերի 26, 2017 |
Նախորդ | Մաթուսաղայի լամպը, կամ Չեկիստների և մասոնների միջև վերջին ճակատամարտը |
Հաջորդ | Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար |
«iPhuck 10», ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի տասնհինգերորդ վեպն է, որը գրվել է 2017 թվականին և լույս է տեսել նույն թվականի սեպտեմբերի 26-ին «Էքսմո» հրատարակչության կողմից։ Այս վեպի համար հեղինակն արժանացել է Անդրեյ Բելիի մրցանակի[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
21-րդ դարի վերջի նկարագրված աշխարհը բաղկացած է Պեյսերի (կամ Շեքի) և նոր Համադաշնության (Միացյալ Նահանգների իրավահաջորդներ) շրջաններից, եվրոպական խալիֆայությունից (իսլամիստների կողմից գրավված Եվրոպայի), Ռուսաստանից և արևելյան գերտերությունից։ Մարդիկ այլևս գրեթե չեն զբաղվում մարմնական սեքսով՝ Զիկա վիրուսի վտանգավոր շտամի և գործընթացի քարոզվող ոչ էթիկական լինելու պատճառով։ Ամենուրեք տարածված է հատուկ սարքերի՝ անդրոգինների և այֆաքերի օգտագործմամբ վիրտուալ սեքսը[2]։
Վեպը պատմում է «ZA-3478/PH0 բիլթ 9.3» համակարգչային ոստիկանագրական ալգորիթմի մասին, որի անունը Պորֆիրի Պետրովիչ է։ Նա հետաքննում է հանցագործությունները և միևնույն ժամանակ վեպ է գրում։
«iPhuck 10»-ը նրա վեպերից մեկի վերնագիրն է, ինչպես նաև այն ժամանակ գոյություն ունեցող ամենաթանկ սեքս-մեքենայի անվանումը։ Վեպի գործողությունը տեղի է ունենում 21-րդ դարի երկրորդ կեսի Ռուսաստանում[3]։
Վեպի գլխավոր հերոսուհին՝ արվեստաբան Մարուխա Չոն (Մարա) սիրահարվում է Պորֆիրիի տասնյոթամյա վերափոխակին և ալգորիթմն օգտագործում է իր նպատակների համար՝ այն ցմահ գնելով ոստիկանության բաժանմունքից[2]։ Մարան և Պորֆիրին զանազան պատրվակներով ստուգում են ժամանակակից արվեստի գործերը, որոնք հաճախ ապօրինի կերպով են ձեռք բերվել։ Հետագայում պարզվում է, որ Մարան, նախկինում մահացած համախոհների թիմի հետ, ստեղծել է արհեստական բանականություն, որն ունակ է գեներացնելու արվեստի գործեր։ Այս ստեղծագործությունների վաճառքը զգալի եկամուտ է բերում Մարային, բայց, միևնույն ժամանակ, կեղծիքի համար բռնվելու մշտական վտանգ կա։
Պորֆիրին ուշ է հայտնաբերում Մարայի իրական մտադրություններն իր նկատմամբ և գործնականում ոչնչացվում է՝ հասցնելով պահպանել իր ալգորիթմի պահուստային օրինակը։ Նրա ծածկագրի կտորները կլանվում են ստեղծված Ժաննա կերպարով արհեստական բանականության կողմից, որին Մարան համարում էր կորսված։
Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականագետ Գալինա Յուզեֆովիչի կարծիքով՝ սա «տարօրինակ, խոր և հուզիչ վեպ է, որը միաձուլում է միտքն ու զգացումը Պելևինի համար (գուցե նաև ամբողջ ռուսական արձակի համար) լրիվ նոր համամասնության մեջ, և հաստատ հեղինակի վերջին տարիների լավագույն տեքստն է, համենայն դեպս, մտավոր առումով ամենագրավիչը[3]»։
Նշվում է նաև սեռական բռնության հետ կապված սյուժեների առատությունը, ինչը հեղինակի համար ավանդական է[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Пелевин стал лауреатом Премии Андрея Белого
- ↑ 2,0 2,1 2,2 Лев Оборин. «О чём новая книга Виктора Пелевина «iPhuck 10»». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 ««iPhuck 10»: лучший роман Виктора Пелевина за десять лет: Рецензия Галины Юзефович — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.