Ամեն ինչ անցյալում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեն ինչ անցյալում է
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Մաքսիմով
տարի1889
բարձրություն72 սանտիմետր
լայնություն93,5 սանտիմետր
ստեղծման երկիր Ռուսաստան
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Everything in the past by Vassily Maximov Վիքիպահեստում

«Ամեն ինչ անցյալում է» (ռուս.՝ Всё в прошлом), ռուս նկարիչ Վասիլի Մաքսիմովի նկարը՝ ավարտված 1889 թվականին։ Պատկանում է Տրետյակովյան պատկերասրահին (ինվ. 589)։ Նկարի չափերը՝ 72 × 93,5 սմ [1][2]։

Նկարի ստեղծման գաղափարը նկարչի մեջ առաջացել է 1866 թվականին, երբ նա ապրում էր Տվերի նահանգի Շուբինո գյուղում։ 1880-ական թվականներին նա ապագա կտավի համար նկարել է էտյուդների և էսքիզների շարք[1]։ Նկարի վրա Մաքսիմովն աշխատել է 1888-1889 թվականներին Վոլխով գետի ափին տեղակայված Լյուբշա դաստակերտում, որը 1885 թվականին ժառանգաբար անցել էր կնոջը՝ Լիդիա Ալեքսանդրովնային[3]։

Նկարի աշխատանքներն ավարտվել են 1889 թվականին։ Կտավը ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 17-րդ ցուցահանդեսում, որն անցկացվել էր Պետերբուրգում և Մոսկվայում։ Մաքսիմովի նկարն «ուներ բացառիկ հաջողություններ»[4], քննադատ Վլադիմիր Ստասովը գրել է, որ «այդ թեման հրաշալի է վերցված և հրաշալի է հաղորդված»[5]։ 1889 թվականին նկարը գնել է Պավել Տրետյակովը[1]։

«Ամեն ինչ անցյալում է» նկարից հետո Մաքսիմովն այլևս այդ մակարդակի ստեղծագործություն չի ունեցել։ Իր և իր ընտանիքի համար ապրուստ վաստակելու համար նա բազմիցս կրկնօրինակել է այդ նկարը, որը հանրաճանաչ էր գնորդների շրջանում։ Արվել է նկարի ավելի քան 40 հեղինակային կրկնություն[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականից Վասիլի Մաքսիմովը սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1866 թվականին տեղափոխվել է Տվերի նահանգի Կորչևայի գավառի Շուբինո գյուղ, որտեղ անվանի կոմս Գոլենիշև-Կուտուզովների մոտ աշխատել է որպես նկարչության ուսուցիչ[7][8]։ Նկարչի վրա մեծ տպավորություն են թողել կոմսական դաստակերտի հարուստ կահավորանքը, անցած-գնացած մեծությունների և այն մասին պատմությունները, թե ինչպես է ամեն ինչ անկում ապրում[9]։ Ըստ նրա դստեր՝ Արիադնա Մաքսիմովա-Սկալոզուբովայի՝ հենց այդտեղ՝ Շուբինայում է 1866 թվականին Վասիլի Մաքսիմովի մեջ «… ծագել «Ամեն ինչ անցյալում է» նկարի գաղափարը, որը նա մտահղացել է մոտ 30 տարի»[1]։

Այդտեղ էլ Մաքսիմովը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ պետական խորհրդական (հետագայում՝ գործող պետական խորհրդական) Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Իզմայլովի և նրա կին Նադեժդա Կոնստանտինովնա Իզմայլովայի դուստր Լիդիա Ալեքսանդրովնայի հետ։ Նադեժդա Իզմայլովային էր պատկանում Լյուբշայի ոչ մեծ մի դաստակերտ, որը գտնվում էր Վոլխով գետի ափին (ներկայումս այն վայրը, որտեղ գտնվում էր դաստակերտը, մտնում է Սելցո-Գորկա գյուղի կազմի մեջ)։ Մաքսիմովը, ըստ Լիդիա Ալեքսանդրովնայի մասին նրա հիշողությունների, «սիրել է այդ հմայիչ աղջկան, սիրել է կրքոտ, մաքուր»։ Նրանք ամուսնացել են 1868 թվականի հունվարի 29-ին[9][10]։

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Իզմայլովը մահացել է 1877 թվականին[11], իսկ 1885 թվականին մահացել է Նադեժդա Կոնստանտինովնան, և Մաքսիմովների ընտանիքը նրանից ժառանգություն է ստացել Լյուբշայի դաստակերտը։ Արիադնա Մաքսիմովա-Սկալոզուբովան գրել է․ «Լյուբշան փոքրիկ դաստակերտ է Վոլխովի աջ, զառիվեր ափին։ Հին տուն է թխենուց պատրաստած պատուհաններով։ Լքված մեծ այգին թեքությամբ իջնում է ափի սարերից, շրջապատված է սալաքարերի և ցանկապատների մնացորդներով, այգու ներքևի՝ դարավոր եղևնիների ստվերի տակի խոր ջրհորով, լորու ծառուղիներով, յասամանի, վարդի և ակացիայի, ելակի, կոկռոշի, հաղարջի թփերով»[12][13]։ Այդ դաստակերտի այգին էլ դեկորացիա է ծառայել նկարի համար, որը մտածվել էր շատ տարիներ առաջ, իսկ ազնվական տան նախատիպը եղել է հարևան տունը, որը պատկանում էր կալվածատեր Բոգդանովին։ Այդ տունը պատկերված է էտյուդում, որը, ըստ երևույթին, նկարիչն ստեղծել է 1880-ական թվականներին, իսկ ավելի ուշ եղել է Ա․ Վ․ Մաքսիմով-Սկալոզուբովի հավաքածուի կազմում[14]։

«Ամեն ինչ անցյալում է» նկարի էտյուդ, յուղաներկ, 1880-ական թվականներ

Ապագա նկարի գեղանկարչական առաջին էսքիզն ստեղծվել է 1885 թվականին, իսկ հաջորդ երկու տարիներին Մաքսիմովն զբաղված էր դաստակերտի կարգավորման հարցերով[15][16]։ 1887 թվականին ավարտվեցին սենյակների և արվեստանոցի (այն նույնպես դաստակերտում էր գտնվում) շինարարական աշխատանքները։ Նույն թվականին Մաքսիմովը տոնեց բնակարանամուտը, իսկ շուտով նկարեց այդ սյուժեով նկարը, որն այդպես էլ անվանվեց՝ «Բնակարանամուտ»։ Երևում է, որ այդ նկարի ավարտից հետո նկարիչը ձեռնամուխ է եղել նոր՝ «Ամեն ինչ անցյալում է» կտավի ստեղծմանը, որի վրա աշխատել է 1888 և 1889 թվականներին[3]։ Այդ նկարի համար Մաքսիմովը նկարել է մի շարք բնանկարային էտյուդներ։ Այդ շրջանին վերաբերող բնանկարներից է «Մայրամուտային բնանկարը» (1888), որը գտնվում էր Տրետյակովյան պատկերասրահում, իսկ այնուհետև Թանգարանների պետական հիմնադրամի միջոցով հանձնվել է Զլատոուստի քաղաքային գավառագիտական թանգարանին[17][18]։

1889 թվականի հունվարի 14-ին Պավել Տրետյակովին ուղղված նամակում Մաքսիմովն իր նոր նկարն անվանել է «Մոռացված դաստակերտ», նա գրել է․ «Ուրախությամբ սպասում եմ իմ վրձնի ընկերների այցելությանն իմ խղճուկ արվեստանոց, ինչ-որ բան կասե՞ն իմ «Մոռացված դաստակերտ» նկարի մասին»։ Բայց երեք ամիս հետո՝ 1889 թվականի ապրիլի 8-ին, Տրետյակովին գրած նամակում Մաքսիմովն արդեն օգտագործել է «Ամեն ինչ անցյալում է» անվանումը, և նկարը մինչև օրս էլ այդպես է կոչվում[19]։

1895 թվականի դեկտեմբերի 5-ին նկարիչ Իլյա Օստրոուխովին հասցեագրված նամակում Մաքսիմովն այսպես է պատմել այդ նկարի ստեղծման մասին․ «Տունը և ամբողջ բնապատկերն ավելի վաղ եմ ստեղծել, քան մշակել եմ կերպարները, որոնց վրա ես երկար եմ մտածել և գլխի եմ ընկել միայն նկարի վրա աշխատելիս՝ մշակելով նրա անկյունները։ Բոլոր զգեստները և բոլոր պարագաներն իմ պահեստում էին, որպես իմ զոքանչի՝ քառասնական թվականների պչրուհի-պրոֆեսորի ժառանգություն»[20][21]։

«Ամեն ինչ անցյալում է» նկարն ավարտել է 1889 թվականին, և այն ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 17-րդ ցուցահանդեսում, որն տեղի է ունեցել Պետերբուրգում և Մոսկվայում։ Նույն թվականին էլ այն հեղինակից գնել է Պավել Տրետյակովը[1]։

«Ամեն ինչ անցյալում է» նկարն ավարտելուց հետո Մաքսիմովն ստիպված է եղել բազմիցս այն վերանկարել, որպեսզի հոգա իր և ընտանիքի հոգսերը։ Նկարը հեղինակի կողմից վերանկարվել է ավելի քան 40 անգամ[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պլանում պատկերված է 2 տարեց կին՝ կալվածատիրուհին և նրա մտերիմ աղախինը։ Նրանք նստած են կողաշենքի շեմին, իսկ հիմնական դաստակերտի հիմնական շենքը գտնվում է հետին պլանում՝ անմխիթար վիճակում, մեխված պատուհաններով։ Նրա շուրջը չորացած ծառեր են, իսկ այնտեղ, որտեղ ինչ-որ ժամանակ եղել են ջարդոտված ծաղկաթմբեր, ընկած են չորուկների կույտեր։ Կողաշենքի մոտ ծաղկել են յասամանի թփերը, որոնց ստվերում էլ այդ գարնանային արևոտ օրը նստած են կալվածատիրուհին ու աղախինը[22]։

Կալվածատիրուհին բազկաթոռին նստած է մտահոգ հայացքով, կիսափակ աչքերով։ Նրա վայելուչ կեցվածքում նկատելի է ազնվազարմ խառնվածք, որը պահպանվել է՝ չնայած նրա զառամյալ տարիքին։ Նրա գլխին ձյունասպիտակ շորագլխարկ է, ձեռքերին՝ թանկագին քարով ոսկե մատանիներ, նա հագած է ժապավենակապերով զարդարված զգեստ[23] և թավշե թիկնոց՝ մորթով զարդարված[22]։ Իջեցված ձեռքին պահել է կոթավոր ակնոց։ Ոտքերի տակ դրված է բարձ, որի կողքին տեղավորված է սպանիել շունը[24]։ Էսքիզի հետ համեմատած՝ նկարում կալվածատիրուհու կերպարը դարձել է ավելի բարդ։ Երևում է՝ նա ինչ-որ բան է հիշում իր անցյալից։ «Նա լիովին գիտակցում է իր նախկին արժանապատվությունը։ Մեր առջև է երբեմնի տիրահզոր և դաժան կալվածատիրուհին»։ Կալվածատիրուհու դերում կեցվածք է ընդունել նրա հարս Վառվարան (իր եղբայր Ալեքսեյի կինը)[20]։

Լքված տունը
Ծեր կալվածատիրուհին
Աղախինը
«Ամեն ինչ անցյալում է» նկարի հատվածներ

Աղախինը նստած է ոտնատեղին՝ ինքնաեռի կողքին։ Նկարիչը նրան պատկերել է ինչպես հասարակ ծեր գեղջկուհու։ Նա հագին ունի գույնզգույն կիսաշրջազգեստ և կոֆտա, որի վրայից կապել է մուգ գոգնոց։ Գլխին ատլասե թաշկինակ է։ Նա հիմա էլ չի դադարում աշխատել․ կենտրոնացած գուլպա է գործում[22]։

Նկարիչը հմտորեն ցույց է տալիս սոցիալական տարբեր խավերին պատկանող երկու կանանց հակադրությունը, որոնք ներկայացնում են հին գյուղի տարբեր դասակարգեր[22]։ Մասնավորապես, այդ հակադրությունն ընդգծված է բաժակներով, որոնցով նրանք թեյ են խմում․ կալվածատիրուհու համար ճենապակե, ոսկեզօծ նուրբ բաժակ և աղախնի համար մեծ բաժակ, որը դրված է նրա կողքին՝ սանդուղքի վրա[24]։

Նկարի էսքիզներ և կրկնօրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել է նկարի ամենավաղ գրաֆիկական էսքիզներից մեկը՝ թվագրված 1868 թվականին․ այն գտնվում է Մոսկվայի մասնավոր հավաքածուում։ Իվանովոյի մարզային գեղարվեստական թանգարանի հավաքածուի մեջ է 1888 թվականի գեղանկարչական էսքիզը, որը նկարված է յուղաներկով։ Գեղանկարչական և գրաֆիկական մի քանի էսքիզներ գտնվում են Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում։ Բացի դա, այդ նկարի որոշ էսքիզներ կան մասնավոր հավաքածուների մեջ, որոնք նախկինում պատկանել են Ա․ Վ․ Մաքսիմով-Սկալոզուբովին (Տյումենի մարզի Սամարովո գյուղ)[25]։

«Ամեն ինչ անցյալում է» նկարի էսքիզ, յուղաներկ, 1885

Արվեստագետ Ալեքսեյ Լեոնովի՝ Վասիլի Մաքսիմովի ստեղծագործությանը նվիրված մենագրության մեջ հիշատակվում է 1885 թվականի էսքիզը, որը 1895 թվականին Մաքսիմովն ուղարկել էր նկարիչ Իլյա Օստրոուխովին։ 1895 թվականի դեկտեմբերի 5-ին Օստրոուխովին ուղարկված նամակում Մաքսիմովը գրել է․ «Գինը քեզ համար նշանակված է 25 ռուբլի, բայց եթե այն քեզ պետք չլինի, դուր չգա, այն վաճառիր ավելի թանկ, ինչի համար ես քեզ շնորհակալություն կհայտնեմ, բայց, ի՛մ ընկեր, ինձ համար հաճելի կլինի, եթե դու այն քեզ մոտ պահես, քանի որ սա միակ էսքիզն է, որով պատկերել եմ իմ նկարը»։ Հետագայում այդ էսքիզն Իլյա Օստրոուխովի հավաքածուից տեղափոխվեց Տրետյակովյան պատկերասրահ[20]։ Սակայն, համաձայն Տրետյակովյան պատկերասրահի քարտագրացուցակի, նրա հավաքածուում չկա այդ նկարի գեղանկարչական ոչ մի էսքիզ, նշված չէ Իվանովոյի թանգարանի էսքիզի հետ հնարավոր որևէ կապ[25]։

Կան «Ամեն ինչ անցյալում է» նկարի մի շարք հեղինակային համանուն կրկնօրինակներ։ Դրանցից մեկը, որ նկարվել է 1890-ական թվականներին, պատկանում է Բելառուսի ազգային արվեստի թանգարանի հավաքածուին։ Տրետյակովյան պետական պատկերասրահում կա թղթի վրա սեպիայով նկարված կրկնօրինակ նկար։ Այնտեղ է գտնվում նաև նկարի փոքրացված կրկնօրինակը (1900, ստվարաթուղթ, յուղաներկ, 27 × 35,5 սմ , ինվ. Ժ-1752), որը 1973 թվականին տրվել է Մոսկվա քաղաքի Օկտյաբրսկի շրջանի ֆինվարչության կողմից (հնարավոր է, որ ավելի վաղ այն գտնվել է Ալեքսեյ Լանգովոյի հավաքածուում)[25]։ Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում նույնպես կա «Ամեն ինչ անցյալում է» նկարի հեղինակային կրկնօրինակ, որը բնօրինակի կեսով չափ է (1890-ական թվականներ, ստվարաթուղթ, յուղաներկ, 37,5 × 45,9 սմ , ինվ. Ժ-12061, 2000 թվականին նվիրել են պետերբուրգցի կոլեկցիոներներ Յակով Ռժևսկին և Իոսիֆ Ռժևսկին)[26]։ Բացի դրանից, նկարի հեղինակային կրկնօրինակներ կան Արխանգելսկի կերպարվեստի թանգարանում (1904, նրբատախտակ, յուղաներկ, 35,5 × 47,5 սմ , ինվ. Ժ-1445)[27], Կիսլովոդսկում նկարիչ Նոկոլայ Յարոշենկոյի թանգարան-դաստակերտում(ինվ. Ժ-244)[28] և այլ հավաքածուներում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Վլադիմիր Ստասովը 1889 թվականին «Մեր պերեդվիժնիկներն այսօր» հոդվածում բարձր է գնահատել «Ամեն ինչ անցյալում է» նկարը։ Ըստ նրա՝ այդ կտավը «ներկայացնում է նրա [Մաքսիմովի] գործունեության պատմության մեջ աենաէական մասը», և այն դարձել է նկարչի առավել նշանակալի ձեռքբերումը 1875 թվականին «Կախարդի ժամանունը գյուղական հարսանիք» նկարը պատկերելու ժամանակներից հետո[29]։ Քննարկելով նկարի թեման՝ «իր կյանքի վերջին տարիներն ապրող ծեր կալվածատիրուհի, որը մեկնվել է այգու բազկաթոռի վրա և որին տանջում են անցյալի հիշողությունները», Ստասովը նշում է, որ «այդ թեման հրաշալի է վերցված և հրաշալի է հաղորդված»[5]։ Այդ նկարից ստացած տպավորությունների վրա հիմնվելով՝ Ստասովը եկել է հետևյալ եզրակացության․ «Մաքսիմովը չի մարել և չի անհետացել։ Նրա մեջ դեռ կա ռուսական կյանքի բարի զգացողության պաշար։ Նա, հավանաբար, դեռ շատ լավ բաներ է անում։ Նույնիսկ նրա երանգավորումն ստացել է կենդանություն և նրբագեղություն»[30]։

Նկարիչ Յակով Մինչենկովն իր «Հիշողություններ պերեդվիժնիկների մասին» աշխատության մեջ այսպես է գրել Մաքսիմովի մասին[31]

Հասարակության մեջ առավել հանրաճանաչ է նրա «Ամեն ինչ անցյալում է» նկարը։ Եվ պետք է համաձայնվել, որ նկարը խորապես վերապրված է և հաղորդում է որոշակի դարաշրջանը։ Մարող ծեր կալվածատիրուհու միջոցով, որն իր վերջին օրերն է ապրում աղքատ գյուղացիական միջավայրում, հիանալի արտահայտված են նախկին ընդարձակ և շքեղ կալվածատիրոջ կյանքի մասին հիշողությունները… Ցավոք, այդ նկարը Բասիլի Մաքսիմովիչի ստեղծագործության կարապի երգն է։

Նկարիչ և արվեստագետ Ալեքսանդր Զամոշկինը նշել է, որ ««Ամեն ինչ անցյալում է» (1889) նովելի թեման՝ հետռեֆորմյան Ռուսաստանի կյանքի պայմաններում «ազնվական օջախի» քայքայումը, Մաքսիմովի կողմից ներկայացված է մեծ վարպետությամբ»[21]։ Արվեստագետ Ալեքսեյ Լեոնովը գրել է, որ Մաքսիմովի նկարը «ունեցել է բացառիկ հաջողություններ»։ Ըստ նրա՝ նկարիչը «ստեղծել է սոցիալական խորը իմաստով և գեղարվեստական մեծ արտահայտչականությամբ կտավ», որը դարձել է «անցած հետռեֆորմյան Ռուսաստանի խորհրդանիշը»[4]։ Համաձայն արվեստագետ Մարգարիտա Չիժմակի խոսքերի՝ «Ամեն ինչ անցյալում է» նկարը ստեղծման պահից սկսած չի կորցրել իր հմայքը, և այն «Տրետյակովյան պատկերասրահի սրահներում դյութիչ «պատմությամբ» ներկայացնում է կալվածատիրական Ռուսաստանն իր հերոսներով, կացութաձևով ու բարքերով»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 422
  2. «Максимов Василий Максимович — Все в прошлом». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 28.12.2016-ին.
  3. 3,0 3,1 А. И. Леонов, 1951, էջ 275—276
  4. 4,0 4,1 А. И. Леонов, 1951, էջ 282
  5. 5,0 5,1 В. В. Стасов, 1954, էջ 17—18
  6. 6,0 6,1 Р. П. Алдонина, 2007
  7. Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 418
  8. Искусство. Современная иллюстрированная энциклопедия, т. 3, 2007, էջ 54—55
  9. 9,0 9,1 М. С. Чижмак, 2015, էջ 74
  10. В. Максимов. 50 художников, 2011, էջ 4—5
  11. Петербургский некрополь, под ред. В. И. Саитова, СПб., 1912—1913, т. 2, с. 259
  12. А. И. Леонов, 1951, էջ 271
  13. 13,0 13,1 М. С. Чижмак, 2015, էջ 75
  14. А. И. Леонов, 1951, էջ 272
  15. А. К. Лазуко, 1982, էջ 65
  16. В. Максимов. 50 художников, 2011, էջ 18
  17. А. И. Леонов, 1951, էջ 277
  18. «Живопись» (HTML). Златоустовский городской краеведческий музей, zlatmuseum.ru. Վերցված է 15.01.2017-ին.
  19. А. И. Леонов, 1951, էջ 276
  20. 20,0 20,1 20,2 А. И. Леонов, 1951, էջ 278
  21. 21,0 21,1 А. И. Замошкин, 1950, էջ 29
  22. 22,0 22,1 22,2 22,3 А. И. Леонов, 1951, էջ 280
  23. М. С. Чижмак, 2015, էջ 73
  24. 24,0 24,1 В. Максимов. 50 художников, 2011, էջ 19
  25. 25,0 25,1 25,2 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 423
  26. Каталог ГРМ, т. 6, 2016, էջ 146
  27. «Максимов В. М. (1844—1911) Всё в прошлом. 1904. Авторское повторение одноименной картины 1889 года (ГТГ)». Архангельский музей изобразительных искусств.
  28. «Все в прошлом — В. М. Максимов» (HTML). www.museum.ru. Վերցված է 30.12.2016-ին.
  29. В. В. Стасов, 1954, էջ 17
  30. В. В. Стасов, 1954, էջ 18
  31. Я. Д. Минченков, 1965

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алдонина Р. П. Василий Максимов. — М.: Белый город, 2007. — 48 с. — (Мастера живописи). — ISBN 978-5-7793-1220-2
  • Замошкин А. И. В. М. Максимов. — М.: Издательство Государственной Третьяковской галереи, 1950. — 32 с. — (Очерки по истории русской живописи второй половины XIX века).
  • Лазуко А. К. Василий Максимов. — Л.: Художник РСФСР, 1982. — 80 с. — (Массовая библиотека по искусству).
  • Леонов А. И. Василий Максимов. Жизнь и творчество. — М.: Искусство, 1951. — 347 с.
  • Минченков Я. Д. Воспоминания о передвижниках. — Л.: Художник РСФСР, 1965. — 360 с.
  • Стасов В. В. Статьи и заметки, публиковавшиеся в газетах и не вошедшие в книжные издания. — М.: Издательство Академии художеств СССР, 1954. — Т. 2.
  • Чижмак М. С. Дивная повесть о минувшем. Картина В. М. Максимова «Всё в прошлом» // Русское искусство. — 2015. — № 2. — С. 72—75.
  • В. Максимов. — М.: Де Агостини, 2011. — Т. 47. — 32 с. — (50 художников — шедевры русской живописи).
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  • Государственный Русский музей — каталог собрания / Г. Н. Голдовский, В. А. Леняшин. — СПб.: Palace Editions, 2016. — Т. 6: Живопись второй половины XIX века (К—М). — 176 с. — ISBN 978-5-93332-565-9
  • Искусство. Современная иллюстрированная энциклопедия / А. П. Горкин (гл. ред.). — М.: Росмэн, 2007. — Т. 3 (Л—П). — 296 с. — ISBN 978-5-353-02798-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]