Ռեգբին Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեգբին Հայաստանում, սպորտի զարգացող տեսակ Հայաստանում։ Ռեգբիի զարգացմամբ զբաղվում է Հայաստանի ռեգբիի ֆեդերացիան, որը հիմնադրվել է 2000 թվականին և 2002 թվականին դարձել Եվրոպայի ռեգբիի կազմակերպության ասոցիատիվ անդամ։ Հայաստանի ռեգբիի ազգային հավաքականը 2014 թվականից չի հաշվառվում Աշխարհի ռեգբիի վարկանիշային ցանկում, քանի որ պասիվության պատճառով նույն տարվա նոյեմբերին ֆեդերացիայի անդամակցությունը դադարեցվել է[1]։ Վերջին տվյալներով 2013 թվականի օգոստոսին արձանագրվել է 48-րդ տեղը IRB-ի վարկանիշային աղյուսակում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Հայաստանում ռեգբին զարգացած չի եղել և այստեղ է եկել հարևան Վրաստանից։ 1950-ական թվականներին հայկական ծագմամբ ֆրանսիացի Ժակ Ասպեկյանը ռեգբին բերեց Խորհրդային Վրաստան և Հայաստան, և 1965 թվականին Երևանում կայացան ռեգբիի առաջին հանդիպումները։ Երևանում ստեղծվեցին «Դինամո», «Սպարտակ», «Աշխատանք» և «Բուերվեստնիկ» ակումբները, ինչպես նաև համալսարանական մի շարք թիմեր[3]։ ԽՍՀՄ ռեգբիի առաջնության1966/1967 մրցաշրջանում հանդես եկավ Հայաստանի ԽՍՀ-ի ամենահայտնի ակումբը՝ երևանյան «Դինամո»-ն, որի հիման վրա ձևավորվեց ՀԽՍՀ հավաքականը։ Ալեքսանդր Գրիգորյանցը դարձավ ռեգբիի ԽՍՀՄ սպորտի վարպետներից մեկը[4]։

1972 թվականից սկսած՝ ԽՍՀՄ առաջնությունում հանդես եկավ երևանյան «Սպարտակ»-ը, որը հասավ մինչև ԽՍՀՄ գավաթի քառորդ եզրափակիչ։ Վերակառուցման ժամանակաշրջանի քաղաքական և տնտեսական ծանր հետևանքների, ինչպես նաև Արցախյան ազատամարտի և Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ռեգբին դադարեց զարգանալ երկրում գրեթե 10 տարի։

Անկախության դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին՝ Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի հիմնադրումից հետո, ռեգբին վերադարձավ Հայաստան։ 2002 թվականին ֆեդերացիայի նախագահ դարձավ երևանյան «Սպարտակ»-ի նախկին խաղացող Գագիկ Պանիկյանը, որը սկսեց զարգացնել ռեգբին ամբողջ երկրում[5]։ Նույն տարում Հայաստանը դարձավ Եվրոպայի ռեգբիի անդամ, և երկրում շուտով հայտնվեցին ռեգբիի հավաքականներ՝ 15 և 7, որոնց հիմնական մասը կազմում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում ծնվածները, այլև բնիկ ֆրանսիացիներ[6]։ Վերջիններս մեծ ներդրում ունեցան հավաքականի կերպարում[7][8]։

2004 թվականին Հայաստանի հավաքականը Եվրոպայի գավաթում հաղթանակներ տարավ Նորվեգիայի և Իսրայելի նկատմամբ, հանդիպումներ անցկացրեց Ֆինլանդիայի, Բոսնիայի և Ադրբեջանի դեմ[9]։ Մինչև 2006 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի հավաքականը պարտություններ չունեցավ, մինչև որ Վիեննայում 16։29 հաշվով պարտվեց Շվեյցարիային։ Այդ տարի Հայաստանի հավաքականը խաղում էր Եվրոպայի գավաթի C խմբում[10]։ Թիմը ղեկավարում էին նախկինում արտերկրում բնակվող Մարկ Աբանոզյանը և Լորան Հայրապետյանը, որոնք հայերեն չէին խոսում։ Հայրապետյանը բնիկ ֆրանսիացի էր և ֆրանսիական մի շարք ակումբների խաղացող, որոնց շարքում առանձնանում է «Stade Français Paris» ակումբը։ Հայրապետյանի ղեկավարությամբ նոր ձևաչափով Հայաստանի հավաքականը հայտնվեց Եվրոպայի գավաթի 3-րդ բաժնի Ա խմբում՝ խաղալով Անդորրայի և Սերբիայի թիմերի դեմ։ Հավաքականի խաղերը նշանավորվեցին մի քանի կարևոր հաղթանակներով և անսպասելի պարտություններով[11]։

2012 թվականի դրությամբ երկրում կար երեք հավաքական՝ «Արարատ», «Արտաշատ» և «Ուռենի»[3], սակայն փաստացիորեն Հայաստանի ռեգբիի առաջնություն տեղի չունեցավ։ 2014 թվականից Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի ռեգբիին դադարեցվեց ֆեդերացիայի և հավաքականի պասիվության պատճառով[1], իսկ երկու տարի առաջ խաղերին չներկայանալու պատճառով հավաքականը կրել էր տեխնիկական պարտություններ[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «World Rugby gives Cyprus warm welcome but Armenia and Greece the cold shoulder». ASOIF. 2014 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Регби Армении на 48 месте в мире (ռուս.)
  3. 3,0 3,1 «Robert Melkonyan: Reviving the traditions of Armenian rugby». Azad-Hye. 2012 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  4. РЕГБИ в Большой советской энциклопедии, БСЭ (ռուս.)
  5. «Waiting for the support of the fans». Yerkir Weekly. 2005 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Maxime Rouquié (2010 թ․ հուլիսի 30). «Hayastan le pays imaginaire - Arménie». www.lerugbynistere.fr. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  7. Krikor Amirzayan (2012 թ․ մարտի 24). «L'Arménie se prépare aux championnats d'Europe de rugby». www.armenews.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Franck Lorrain, réalisateur de "Hayastan, le pays imaginaire"» (ֆրանսերեն). www.radioarmenie.com. 2011 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)
  9. Армения - Азербайджан, Регби (ռուս.)
  10. Հայ ռեգբիստների առավելությունն ակնհայտ էր
  11. регби в Армении
  12. Регби. Сборная Армении засчитано второе техническое поражение Արխիվացված 2018-11-04 Wayback Machine (ռուս.)