Ֆլորենս Հորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենս Հորներ
անգլ.՝ Florence Sally Horner
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1937(1937-04-16)
ԾննդավայրՔեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 18, 1952(1952-08-18) (15 տարեկան)
Մահվան վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Ֆլորենս Սալի Հորներ (ապրիլի 16, 1937(1937-04-16), Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ - օգոստոսի 18, 1952(1952-08-18), Նյու Ջերսի, ԱՄՆ), աղջիկ, որը 1948 թվականին առևանգվել է սերիական բռնարար Ֆրենկ Լա Սալի կողմից։ Հորների առևանգումը, գերությունը և բազմաթիվ բռնաբարությունները նրան դարձրել են Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտայի» գլխավոր հերոսուհու նախատիպը[1]։

Առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի մարտին 10-ամյա Հորները փորձել է 5 ցենտ արժողությամբ նոթատետր գողանալ Վուլվորտից Նյու Ջերսի նահանգի Կամդեն քաղաքում։ Այս գողությունը պետք է նրա համար «մուտքի տոմս» դառնար «թույն» համադասարանցիների բացառիկ շրջանակում հայտնվելու համար, որտեղ նա հանդգնաբար ձգտում էր հայտնվել[1]։ 50-ամյա մեխանիկ Ֆրենկ Լա Սալը (արդեն մի քանի անգամ դատապարտված բռնաբարության և անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողությունների համար[1]) բռնել է նրան և ասել, որ ՀԴԲ գործակալ է և սպառնացել է նրան ուղարկել ուղղիչ գաղութ, եթե իրենք պարբերաբար չհանդիպեն։

1948 թվականի հունիսին Լա Սալն առևանգել է Հորներին։ Նա հրահանգել է աղջկան ասել մորը, որ այդ տղամարդն իր երկու դպրոցական ընկերների հայրն է, և նրան հրավիրել են ընտանեկան հանգստի Ջերսիի ափում։ Լա Սալն աղջկա հետ 21 ամիս անցկացրել է ԱՄՆ տարբեր նահանգներում։ Լա Սալի դեմ առաջադրված մեղադրանքների համաձայն՝ հենց այդ ժամանակահատվածում նա բազմիցս բռնաբարել է աղջկան։ Տեխասի նահանգի Դալասի դպրոց հաճախելիս Հորները այդ ամենի մասին կիսվել է ընկերոջ հետ։ Ավելի ուշ նա փախել է Լա Սալից և զանգահարել իր քրոջ տուն՝ խնդրելով նրան Հետաքննությունների դաշնային բյուրո կանչել։ 1950 թվականի մարտի 22-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում ձերբակալվելիս Լա Սալը հայտարարել է, որ ինքը Ֆլորենսի հայրն է։ Սակայն Նյու Ջերսիի իշխանությունները հաստատել են, որ Հորների հայրը մահացել է 7 տարի առաջ։ Լա Սալը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման[1]՝ Մանի օրենքին համապատասխան։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորները մահացել է 1952 թվականի օգոստոսի 18-ին Նյու Ջերսիի Վուդբայնի մոտ տեղի ունեցած ավտովթարից[2]։ Ինչպես հայտնել է Ասսոշեյթեդ պրեսը 1952 թվականի օգոստոսի 20-ին․ «Նյու Ջերսի նահանգի Քեմդեն քաղաքից 15-ամյա Ֆլորենս Սալի Հորները, որը մի քանի տարի առաջ 21 ամիս անցկացրել է միջին տարիքի պեդոֆիլ հանցագործի գերության մեջ, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, երբ մեքենան, որում նա գտնվել է, բախվել է կայանված բեռնատարի հետնամասին»[3]։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Ալեքսանդր Դոլինինը 2005 թվականին ենթադրել է, որ Ֆրենկ Լա Սալը և Ֆլորենս Սալի Հորները Վլադիմիր Նաբոկովի հեղինակած «Լոլիտա» վեպի հերոսներ Հումբերտ Հումբերտի և Դոլորես «Լոլիտա» Հեյզի իրական նախատիպերն էին[4]։ Սառա Վայնմանի «Իսկական Լոլիտա» գրքում նույնպես նշվել է, որ Հորների պատմությունը ոգեշնչել է Լոլիտային[5][6]։ Նաբոկովը բացահայտ նշել է Հորների դեպքը «Լոլիտայի» 2-րդ մասի 33-րդ գլխում․ «Գուցե ես արեցի՞ Դոլիի հետ այն, ինչ արել էր հիսնամյա մեխանիկ Ֆրենկ Լա Սալը տասմեկամյա Սալի Հորների հետ 1948 թվականին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Александр Кан (2018 թ․ սեպտեմբերի 28). «"Настоящая Лолита": реальный случай, повлиявший на знаменитый роман Набокова». bbc.com.
  2. Weinman, Sarah (2018 թ․ սեպտեմբերի 6). «The Last Days of the Real Lolita: What happened after Sally Horner, whose story helped inspire the novel, returned home». The Cut.
  3. Dolinin, Alexander. «What Happened to Sally Horner?». libraries.psu.ed. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  4. Dowell, Ben (2005 թ․ սեպտեմբերի 11). «1940s Sex Kidnap Inspired Lolita». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. McAlpin, Heller (2018 թ․ սեպտեմբերի 11). «'The Real Lolita' Investigates The True Crime Story Of Sally Horner». NPR.
  6. Waldman, Katy (2018 թ․ սեպտեմբերի 17). «The Salacious Non-Mystery of "The Real Lolita"». The New Yorker.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]