Օսոլինեում կամ Օսոլինսկիների անվան ազգային գրադարան (լեհ.՝ Zakład Narodowy im. Ossolińskich (ZNiO), Ossolineum), Լեհաստանի ազգային գրադարան։
1817 թվականին կոմս Յուզեֆ Մաքսիմիլիան Օսոլինսկին Լվովում` Կարմելիտական միաբանության քույրերի նախկին մենաստանում, հիմնադրել է մասնավոր գրադարան, որի ֆոնդերը ներառում էին կոմս Լյուբոմիրսկիների, Սկարբկովների, Սապեգների և մասնավոր այլ հավաքածուներ[1]։ 1827 թվականին գրադարանի հիմքի վրա ստեղծվել է լեհական գիտահետազոտական Օսոլինեում ընկերությունը կամ Օսոլինսկիների ինստիտուտը[2]։ Ավստրո-հունգարական տիրապետության շրջանում Լվովի այս ընկերությունը դարձել է լեհական գիտական կյանքի կենտրոնը։ Մինչև 1939 թվականը ընկերությանը կից գործել են նաև հրատարակչություն ու Լյուբոմիրսկիների թանգարանը։
1939 թվականին, երբ Արևմտյան Ուկրաինան ներառվել է ԽՍՀՄ-ի կազմի մեջ, Օսոլինսկիների ինստիտուտը փակվել է։ 1939 թվականի դեկտեմբերին հաստատության տնօրեն է նշանակվել լեհ կոմունիստ Եժի Բորեյշը։
Ուկրաինայի գերմանական օկուպացիայի ժամանակ (1941-1944) Օսոլինեումի ֆոնդի հիման վրա, որը միավորվել էր Բավորովսկիների գրադարանին, ստեղծվել է Լվովի պետական գրադարանը (գերմ.՝ Staatsbibliothek Lemberg), իսկ հավաքածուի մի մասը տեղափոխվել է Կրակով։ Գրադարանի ղեկավարներն է դարձել Մեչիսլավ Հեմբարովիչը։ Մինչ 1944 թվականի հուլիսին Լվովի՝ խորհրդային զորքերի կողմից ազատագրվելը նա փորձել է ոչնչացումից փրկել Օսոլինեումը։
1946 թվականի հունիս 26-ին Խորհրդային Ուկրաինան հրապարակել է ՈւԽՍՀ կառավարության հրամանագիրը մշակութային արժեքները Լեհաստանին փոխանցելու մասին։ Հրամանագրում նշաված էր, որ ՈւԽՍՀ կառավարությունը, հաշվի առնելով Ուկրաինայի տարածքից լեհ քաղաքացիների հայրենադարձությունը, որոշել է լեհ ժողովրդին հանձնել Լվովի Օսոլինեումի գրապահոցը, «Ռացլավի համայնապատկերը», ականավոր նկարիչների ստեղծագործությունները, թանգարանային բազմաթիվ ցուցանմուշներ, արժեքավոր ձեռագրեր, լեհական ազգային մշակույթի պատմական ու գեղարվեստական այլ արժեքներ։ 1947 թվականին Օսոլինեումի ֆոնդերի 30 %-ը փոխանցվել է Լեհաստանի ժողովրդական հանրապետությանը։ Դա կազմել է մոտ 217.000 միավոր, որոնցով լցվել են երկաթուղային երկու գնացքների վագոններ։ Արդեն նույն թվականի սեպտեմբերին 10.000 հատոր հանձնվել է Մոսկվայի ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի գրադարանին։
Օսոլինեում ինստիտուտի լեհ աշխատակիցների մի մասը հաստատության վերջին տնօրեն Մեչիսլավ Հեմբարովիչի գլխավորությամբ, 1946 թվականին չի մեկնել Լեհաստան, այլ մնացել է աշխատելու Ստեֆանիկի անվան գրադարանում։ Հեմբարովիչը, սակայն, Լվովում մնացել է սոցիալական մեկուսացվածության պայմաններում, քանի որ արևմտաուկրաինական մտավորականության համար անընդունելի ռևանշիստական տեսակետ է ունեցել «պատմականորեն լեհական» Լվովի ու Գալիչինայի հանդեպ[3]։
Լվովի՝ Ստեֆանիկի անվան ազգային գրադարան |
|
Палієнко М., Срібняк І. Інформаційно-джерельний потенціал архівних збірок Національної установи імені Оссолінських у Вроцлаві з історії УНР (колекція 22/53) // Етнічна історія народів Європи. – К., 2018. – Вип.54. – С.127-140. http://ethnic.history.univ.kiev.ua/ua/archive/2018/143/19_палієнко_срібняк.pdf Արխիվացված 2021-12-03 Wayback Machine
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|