Քաջահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջահավ
Քաջահավ
Քաջահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Իբիսներ (Threskiornithidae)
Ցեղ Plegadis
Տեսակ Քաջահավ (P. falcinellus)
Միջազգային անվանում
Plegadis falcinellus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Քաջահավ (լատին․՝ Plegadis falcinellus), իբիսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Plegadis falcinellus

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 55-65 սմ է, թևերի բացվածքը՝ 80-95 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1, 5 կգ։ Ջրաճահճային թռչուն է։ Փետրածածկը մուգ շիկակարմիր-դարչնագույն է՝ կանաչ-մանուշակագույն մետաղական փայլով։ Կտուցը (աղեղնանման) և ոտքերը երկար են։ Երիտասարդը խամրած է, գլխին, պարանոցին կան բաց գույնի մանր պտեր։ Թռչում է վիզն առաջ ձգած, ոտքերը հետ տարածած, հաճախ՝ խմբերով, երամներով և առանձին զույգերով։ Կեր է որոնում տիղմում և ծանծաղուտում։ Բնակվում է արհեստական ու բնական լճերում, ջրավազաններում (եղեգնուտներով)։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է որդերով, միջատներով և խեցգետնակերպերով։

Բույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գաղութային է՝ մի շարք տառեղների, փոքր ձկնկուլի, ճահճային մկնաճուռակի և տարգալակտուցի համակեցությամբ (թվաքանակով գերազանցում է նշված տեսակներին՝ բացառությամբ փոքր ձկնկուլի)։ Բույնը հարթակ է՝ եղեգնուտում կամ ծառերի վրա. կառուցում են էգը և արուն։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի առաջին կեսից հունիսի վերջը։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 52 մմ տրամագծով մուգ կապտականաչավուն 4-5 ձու։ Թխսակալում է մայիսից՝ 21 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 30 օրականում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջահավը տարածված էր և բնադրում էր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում, 2003-2004 թվականներին գաղութային բնադրման օջախներ են հայտնաբերվել նաև Արմաշի ձկնաբուծական տնտեսություններում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայի հյուսիսային շրջաններում, Եվրոպայում և Կովկասում, Փոքր և Միջին Ասիայում, Հարավարևմտյան Ասիայի երկրներում և Ավստրալիայում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետացող տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Սպառնացող վտանգներից է Գիլլի լճի և Սևանա լիճը շրջապատող ջրաճահճային տեղամասերի չորացումը, բնադրավայրերում եղեգնուտների այրումը և որսագողությունը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջահավ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։