Տրիոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրիոդ (< հուն՝ τρι-երեք (բարդ բառերում) և (էլեկտր) ոդ), էլեկարոնային լամպ, որն ունի 3 էլեկտրոդ՝ ջերմաէլեկտրոնային կաթոդ (ուղղակի կամ անուղղակի շիկացման), կառավարող ցանց և անոդ։ Տրիոդի գյուտը (1906) պատկանում է ամերիկացի ռադիոինժեներ Լի դը Ֆորեստին (De Forest, 1873-1961)։ Սկզբում տրիոդ օգտագործվել է միայն որպես ընդունիչ-ուժեղարար լամպ։ 1913 թվականին գերմանացի գիտնական Ա․ Մեյսները պարզել է, որ տրիոդ կարելի է օգտագործել նաև որպես գեներատորային լամպ։ Պարզագույն տրիոդում դժվարահալ մետաղից (Ni, Mo կամ Та) պատրաստված գլանաձև անոդի ներսում տեղադրված է նույն նյութից պատրաստված պարուրաձև ցանցը։ Անոդի և ցանցի ընդհանուր առանցքով տեղադրված է վոլֆրամե կաթոդը։ Կիրառության նպատակից կախված՝ արդի տրիոդների կառուցվածքն ու պարամետրերը խիստ բազմազան են։ Օրինակ, էլեկտրական տատանումների ուժեղարարների սկզբնական աստիճաններում և լարման կայունարարներում օգտագործվող ընդունիչ-ուժեղարար տրիոդներն ունեն ուժեղացման մեծ գործակից (30-100), իսկ ուժեղացման ելքի կասկադներում և հոսանքի կայունարարներում կիրառվում են, այսպես կոչված, ձախ ցանցային բնութագծով տրիոդներ, որոնք ունեն ուժեղացման փոքր գործակից (4-10) և անոդային ցրման համեմատաբար մեծ հզորություն (մինչև 20 վտ)։ Ընդունիչ–ուժեղարար տրիոդները հաճախ լինում են համակցված՝ միևնույն անոթում տեղավորում են էլեկտրոդների երկու (կամ ավելի) համակարգեր (այդպիսին են կրկնակի տրիոդները, դիոդ-տրիոդները, տրիոդ-պենաոդները և այլն)։ Տարածված են կոշտ ու ճկուն արտանցիչներով մանրակերտ տրիոդները և նուվիստորները։ 1 Գհց-ից ավելի հաճախականությունների տիրույթում աշխատող տրիոդներն արտադրվում են մետաղախեցեղեն ձևավորմամբ՝ հարթ էլեկտրոդների և օղակաձև արտանցիչների համակարգով։ Գեներատորային և մոդուլյատորային տրիոդներն արտադրվում են անոդային ցրման տարբեր թույլատրելի հզորություններով (և, հետևաբար, տարբեր օգտակար հզորություններով)։ Իմպուլսային ռեժիմում աշխատելու համար նախատեսված տրիոդները բնութագրվում են կաթոդի իմպուլսային բարձր էմիսիոն ունակությամբ և մեծ օգտակար (իմպուլսային) հզորությամբ (մի քանի հարյուր կվտ)՝ անոդային ցրման աննշան միջին հզորության դեպքում։ Կիսահաղորդչային էլեկտրոնիկայի զարգացման հետ տրիոդները շատ բնագավառներում փոխարինվում են կիսահաղորդչային սարքերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Տրիոդ» հոդվածից (հ․ 12, էջ 104 )։