Վարդան Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Ազատյան
Դիմանկար
Ծնվել էԴեկտեմբեր 9, 1980
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա
Գիտական աստիճանԱրվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունհայ արվեստաբան, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ և դասախոս
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր և Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի նախագահ

Վարդան Ազատյան (դեկտեմբեր 9, 1980, Երևան, Հայաստան), հայ արվեստաբան, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ և դասախոս։ 2000-ականների սկզբից դասավանդում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2024 թվականից Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն է։ Նա Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնողն է և համահիմնադիրը, վերջին տարիների նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականին նկարիչներ Լևոն Ազատյանի և Թենի Վարդանյանի ընտանիքում։ 1995-97 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում։ 1997-ին ընդունվել Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա։ Ակադեմիայի Գրաֆիկայի բաժինը ավարտել է 2003 թվականին։ Նույն տարում անցել է դասախոսական աշխատանքի՝ հանդիսանալով Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի ասպիրանտ։ 2000-ականներին ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում։ 2002-ից որպես Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) Կերպարվեստի բաժնի ղեկավար և կուրատոր՝ կազմակերպել է անհատական և խմբային ցուցահանդեսներ, 2006-ին ՆՓԱԿ-ի արվեստի պատմության բաժնի ղեկավարն էր և զբաղվում էր հաստատության արխիվի ստեղծմամբ։ Եղել է 2005-ին ստեղծված Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի (AICA) հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը և մինչև 2018 թվականը՝ փոխնախագահը։ 2008-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 19-րդ դարի համաշխարհային արվեստի գերմանական պատմագրությունը և Հայաստանի միջնադարյան արվեստը թեմայով։ 2009-ին համահիմնադրել է Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտը։ 2010-ին դարձել է Գեղարվեստի ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ։ Դասախոսել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում (2014), Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտում (2009-2015), Նիդերլանդական արվեստի ինստիտուտում (2008) և Նյու Յորքի Քոլումբիայի համալսարանում (2008-2009)։ 2010-17 թվականներին եղել է բրիտանական Art and the Public Sphere հանդեսի խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից ArtMargins հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է։ 2014 թվականին համահիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը։ 2021 թվականից ղեկավարում է Ինստիտուտի «Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծը»։ 2024 թվականից Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն է։

Միտքն ու գիտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատյանի հետաքրքրությունները ներառում են արվեստի պատմագրության խնդիրները, ժառանգված ավանդույթը քննական վերանայմամբ իմաստավորելու ձևերը, արդիության գործընթացներն իրենց հակասություններով ըմբռնելու հնարավորությունները։ Արվեստի, պատմության և փիլիսոփայության խաչմերուկում արված նրա ուսումնասիրությունների դիապազոնը ձգվում է հայաստանյան ժամանակակից արվեստի պատմությունից ու հետարդիության շուրջ փիլիսոփայական բանավեճերից, հայության պետականության ըմբռնումներից ու արդիականության փիլիսոփայական քննությունից մինչև 19-րդ դարի գերմանական արվեստի պատմագրություն և Սառը պատերազմի արվեստաբանություն։ Լայնորեն օգտագործելով արևմտյան գիտության և փիլիսոփայության տրամադրած քննադատական գործիքները՝ Ազատյանը միաժամանակ իր պատմաքննական մեթոդը հիմնում է 20-րդ դարասկզբի հայ մտավորական ավանդույթի՝ մասնավորապես Աշոտ Հովհաննիսյանի, Թադևոս Ավդալբեգյանի և այլոց մոտեցումների վրա։

Ժամանակակից արվեստ և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականներին նա ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում։ 2002-ից որպես Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) Կերպարվեստի բաժնի ղեկավար և կուրատոր՝ կազմակերպել է արվեստագետներ Ազատ Սարգսյանի, Հովհաննես Մարգարյանի, Դիանա Հակոբյանի, Նարեկ Ավետիսյանի և Կարեն Օհանյանի անհատական ցուցահանդեսները, ինչպես նաև մի քանի այլ խմբային ցուցահանդեսներ։ 2006-ին Ազատյանը ՆՓԱԿ-ի արվեստի պատմության բաժնի ղեկավարն էր և զբաղվում էր հաստատության արխիվի ստեղծմամբ։ Այս աշխատանքի հիման վրա գրված նրա՝ «Հիշողություն և/կամ մոռացություն. պատմականացնելով Հայաստանի ժամանակակից արվեստը» հոդվածը (գրվել է 2006-ին, հրապարակվել՝ 2008-ին)[1] քննում է Հայաստանի ժամանակակից արվեստի պատմագրության խնդիրները և միաժամանակ պատմականացնում ու արձանագրում Հայաստանում ժամանակակից արվեստի պատմության վաղ շրջանի այնպիսի դրվագներ, որոնք այլապես կմնային իբրև բերնեբերան փոխանցվող բանավոր պատմություններ։

Ժամանակակից արվեստի պատմականացման այլ դրվագներ կարելի է համարել նրա «Արվեստագետների համայնքները, հանրային տարածքները և խմբային գործողությունները՝ Հայաստանի ժամանակակից արվեստում» (2007)[2], «Վերակառուցման և նեոլիբերալ պետության միջև. սուբյեկտիվացման հնարավորությունների ու անհնարինությունների մասին Հայաստանի ժամանակակից արվեստում» (2008)[3], «Հայ գիրքը. դրվագներ կարճատեսության հայկական պատմության» (2013)[4] հոդվածները։ Այս շարքում է նաև Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում նրա ավանդած Արդի և ժամանակակից հայ արվեստի պատմության դասընթացը, որն առաջին անգամ համակարգված ձևով ներկայացնում էր Հայաստանում ժամանակակից արվեստի պատմությունը՝ այն չանջատելով հայ արվեստի պատմության ընդհանուր հետագծից։

Պատմության արժեքը վերանայելով իմաստավորելու կարիքը օրակարգային դարձավ արվեստի պատմության Ռևիզոր առցանց ամսագրի համար, որը Գեղարվեստի ակադեմիայի իր գործընկերների և ուսանողների հետ Ազատյանը հիմնադրեց 2006-ին։ 2011-2019 թվականներին Ռևիզորը որպես առանձին սյունակ տեղ գտավ Արտերիա մշակութային-քննադատական առցանց հանդեսում։

Արվեստաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ազատյանը պաշտպանել է թեկնածուական իր ատենախոսությունը ՝ 19-րդ դարի համաշխարհային արվեստի գերմանական պատմագրությունը և Հայաստանի միջնադարյան արվեստը թեմայով։ Այս աշխատանքի հիման վրա 2012-ին հրատարակել է Արվեստաբանություն և ազգայնականություն. միջնադարյան Հայաստանի և Վրաստանի արվեստները 19-20-րդ դդ. Գերմանիայում մենագրությունը[5]։ Գիրքը պատասխանում է երկու հարցի. ինչպես էր մեկնաբանվում հայ արվեստը 19-20-րդ դարերի Գերմանիայում և ինչ դեր են խաղացել այդ մեկնաբանությունները հայերի՝ իրենց իսկ արվեստի ըմբռնումներում։ Այս հարցերի պատասխաններին Ազատյանը հասնում է՝ քննելով համաշխարհային արվեստի պատմության գերմանական նախագիծն իր քաղաքական, փիլիսոփայական և մշակութային լայն ընդգրկմամբ։

Ազատյանը նաև ծավալուն աշխատանք է տարել Սառը պատերազմի երկու ճակատների արվեստաբանական մեթոդները քննելու ուղղությամբ։ Այս թեմայով նրա անդրադարձները գտնում ենք դեռևս 2008-ից Գարուն ամսագրում հրապարակված «Նացիոնալ սոցիալիզմը և անգլո-ամերիկյան հետպատերազմյան ձեռնարկների կայացման նախադրյալները. Ստրժիգովսկու Հայաստանը, Շլոսսերի Իտալիան և Գոմբրիխի Շլոսսերը»[6] հոդվածում։ Այնուհետ 2009-ին Սլովակիայի գիությունների ակադեմիայի՝ Human Affairs պարբերականում լույս է տեսնում «Cold-War Twins: Mikhail Alpatov's A Universal History of Arts and Ernst Gombrich's The Story of Art»[7] հոդվածը, 2010-ին Oxford Art Journal-ում՝ «Ernst Gombrich's Politics of Art History: Exile, Cold War and The Story of Art»[8]։ Վերջին հոդվածը հրապարակման շրջանում Oxford Art Journal ամսագրի ամենաընթերցվող հոդվածն էր։ Սառը պատերազմի արվեստաբանության շուրջ 2016-ին նա ելույթներ է ունեցել Մադրիդի Ռեյնա Սոֆիա թանգարանում[9] և Բեյրութի ամերիկյան համալսարանում[10], իսկ 2017-ին Հովհաննիսյան Ինստիտուտում ընթերցել «Արվեստաբանությունը՝ սառը պատերազմի կապիկ» բանախոսությունը։ Արվեստաբանության մեթոդական հիմքերն էր քննում նաև Ազատյանի՝ 2018 թվականին Երևանի Գյոթե կենտրոնում տեղի ունեցած «Ո՞վ է այս Վինքելմանը» երկմաս բանախոսությունը[11]։

2021 թվականին Ազատյանը մասնակցում է ArtMargins ամսագրի հոբելյանական համարում հրապարակված «Art and Scholarship in Moments of Historical Danger»[12] կլոր սեղանին[13]։ Այս առիթով նրա մտորումները վերաճում են «Պատկերը վտանգին հանդիման» երկմաս բանախոսությանը, որը ելնելով արվեստաբանության խնդիրներից քննարկում է հայկական ինքնությանը և Արևմուտքի հետ հայության հարաբերությանն առնչվող առավել լայն քաղաքական և պատմական հարցեր[14]։

2022 թվականին Ազատյանի թարգմանությամբ լույս տեսավ Էրիկա Դոսսի Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ ձեռնարկը։ Հատորում տեղ է գտել նաև նրա՝ «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և Հայաստանը» վերջադիր ուսումնասիրությունը, ուր նա մի կողմից քննում է Դոսսի պատմագրական մեթոդն ինքնին, մյուս կողմից անդրադառնում Ամերիկայի ու ամերիկյան արվեստի մասին  հայաստանյան ընկալումներին[15]։

Խորհրդային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ArtMargins ամսագրում հրապարակված «Disintegrating Progress: Bolshevism, National Modernism, and the Emergence of Contemporary Art Practices in Armenia»[16] հոդվածում Ազատյանը խորհրդային ժառանգությանը մոտենալու հիմնարար հայացք է տրամադրում։ Խորհրդային Միության հեղափոխական նախագիծն այստեղ երևում է իբրև իդեալ, որի քայքայման պատմությունն է ԽՍՀՄ պատմությունը։ Այս հակասական՝ քայքայվող առաջընթացի արդյունքում ի հայտ եկած երևույթ է Ազատյանը դիտում Խրուշչովյան Ձնհալի շրջանում ձևավորված խորհրդային հակասովետական մտավորական այն ընդլայն հարացույցը, որը նա ձևակերպել է որպես «ազգային մոդեռնիզմ»։ Այս հասկացությունն առանձին քննարկվում է 2014-ին հրապարակված համանուն հոդվածում[17]։ Հայաստանի ժամանակակից արվեստի սկզբնավորումը նույնպես, ինչպես հուշում է հոդվածի վերնագիրը, երևում է որպես հեղափոխական այս նախագծի քայքայումից ծնված երևույթ։

Հոդվածում Աշոտ Հովհաննիսյանի և Խորհրդային Հայաստանի առաջին՝ ազգային կոմունիստ ղեկավարների գործունեությունը բանալի է դառնում ըմբռնելու Խորհրդային Միությունը՝ պատմության ստալինյան կեղծումներից անդին։ Խորհրդային 1920-ականների արժեքավոր մեկ այլ քննարկում է տրամադրում նրա՝ 2014 թվականին գրված «Ժամկետն ընդդեմ ժամանակի. քսանականների կորսված մոդեռնիզմը» հոդվածը[18]։

Խորհրդային Միության 1920-ականների՝ մինչստալինյան քաղաքականությունն ու մշակույթը բացահայտելուն է միտված նաև Հովհաննիսյան ինստիտուտի գործունեության մի զգալի մասը։ 2016 թվականին Ինստիտուտը հրատարակում է Աշոտ Հովհաննիսյանի՝ 1913 թվականին Գերմանիայում պաշտպանած Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը ավարտաճառի հայերեն թարգմանությունը՝ Ազատյանի խմբագրությամբ, ծավալուն ծանոթագրություններով և վերջադիր ուսումնասիրությամբ՝ ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն». Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը»[19]։ Բացի այն կարևոր մեթոդաբանական առանձնահատկությունները, որ Հովհաննիսյանի պատմագրությամբ ի հայտ է բերում Ազատյանը (հայոց պատմությունը որպես հակասական ընթացք, կեղծիքի՝ որպես պատմական ճշմարտության փիլիսոփայական ըմբռնումը և այլն), հոդվածը նաև 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի պատմությանը վերաբերող առատ բացահայտումներ է պարունակում։

Հայկական արդիություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լուսավորության և հայերի արդիացման հակասական փորձը Ազատյանի հետաքրքրությունների կենտրոնում է դեռևս նրա ատենախոսությունից։

2018 թվականին Նորա Ներսեսյանի Որբաքաղաքը կապիտալ աշխատության համար գրված առաջաբան-ուսումնասիրության մեջ՝ «Ծնողազուրկ ծննդից հետո. «որբաքաղաքը» խղճահարությունից անդին», Ազատյանը խորամուխ է լինում արդիության շրջանում հայոց կյանքի ամենացավոտ, բայց գրեթե համատարած փորձառության՝ որբության խնդրի մեջ[20]։ Այստեղ որբությունն իր հոգեբանական, սոցիալական, կրոնական, մշակութային չափումներով փիլիսոփայական մտածումի առարկա է դառնում՝ իբրև հայերի արդիացման փորձը հասկանալու կարևոր բանալի։ Հայերի որբական փորձառության մասին մտածելու ճանապարհին է նաև ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած փիլիսոփա, աստվածաբան Միսաք Խոստիկյանի Դավիթ Փիլիսոփան գերմաներեն ավարտաճառին կից հրատարակված «Վկայի» գիտությունն ու գեղագիտությունը. Միսաք Խոստիկյանի կրոնափիլիսոփայությունը» ուսումնասիրությունը[21]։

Հայերի արդիացման փորձերն իրենց լարումներով հետազոտելու կարիքը 2021 թվականին վերաճեց Հայկական արդիությունների ուսումնասիրման հետազոտական նախագծի՝ Ազատյանի գիտական ղեկավարությամբ։ Այն բաղկացած է երկամյա մոդուլներից, որոնցից առաջինը՝ «Բարք և Քաղաքականություն» մեկնարկել է 2021-ին, իսկ երկրորդը՝ «Պետությունը՝ բաղձանքի և կենցաղի միջև»՝ 2023-ին։ 2024 թվականին Ազատյանը Հովհաննիսյան ինստիտուտում ներկայացրեց հայոց արդի պետականության հիմքերի շուրջ իր ուսումնասիրություններից մի հատված՝ «Պետություն և հանրապետություն. Որոգայթ փառաց» բանախոսությամբ։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականությանը, պատմությանը, փիլիսոփայությանը մոտենալու Ազատյանի մեթոդը շատ հաճախ է ներառում արվեստի գործի, պատկերի, ճարտարապետական հորինվածքի քննարկում։ Սա տեսնում ենք թե՛ 2008-ին «Հայ քաղաքական ուտոպիաները» բանախոսությունների շարքի մեջ[22], թե՛ որբության շուրջ քննարկումների մեջ, թե՛ 2022 թվականին «Պատկերը վտանգին հանդիման» վերնագրով նրա ծավալուն բանախոսության մեջ, ընդհուպ մինչև 2024-ին հայերի պետականության առաջին նախագծի՝ Որոգայք Փառացի՝ հայագիտության մեջ շրջադարձային բացահայտումներ պարունակող քննարկման մեջ։ Պատկերի զգայական ազդակներով իրականության հյուսվածքը բացահայտելու այս միտումը, բացի այն, որ խարսխված է իր նկարչական և արվեստաբանական փորձի վրա, նաև հենվում է Դեյվիդ Հյումի՝ իրերի տպավորող ուժի ազդեցությունները բացահայտող փիլիսոփայության վրա։

Դեռևս 2003-ին նրա թարգմանությամբ լույս էր տեսել անգլիալեզու դասական փիլիսոփայության կարևոր ներկայացուցչի՝ Դեյվիդ Հյումի Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ հիմնարար աշխատությունը[23]։ Նույն այս ավանդույթին էր պատկանում 2002-ին լույս տեսած Ջորջ Բերկլիի Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների վերաբերյալ  հիմնարար աշխատությունը, որի թարգմանիչը ևս Ազատյանն է[24]։ Հյումի փիլիսոփայությանը նա կրկին անդրադառնում է 2023-ին հրատարակված Հետարդիական կացությունը և նրա քննադատները գրքում տեղ գտած ուսումնասիրության մեջ, որ վերնագրված է «(Հետ)արդիական մտքի մաքառումները և տպավորվող երևակայողը»[25]։

Հանրային մտավորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի քաղաքացիական ապստամբության և Մարտի 1-ի իրադարձությունների ֆոնին Ազատյանը հանդես է եկել «Հայ քաղաքական ուտոպիաները» քառամաս բանախոսությունների շարքով[26]։ Հայոց շրջանում «իրականության պատկեր/ացման նախագծերը» քննարկող այս շարքը ներկայի պատմական քննադատության փորձ կարելի է համարել, ուր մտավորականը պատմականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի գիտությունն ու քաղաքականությունը, նորանկախ Հայաստանի պաշտոնական քաղաքական մշակույթը և դրա հետ հարաբերության մեջ քննարկում ԱԿՏ ավանգարդիստական խմբի արվեստը։

Տարբեր սոցիալական հարցերի համար պայքարող քաղաքացիական խմբերի համար իրենց հետ կատարվածը մտածելու, ներկան իր պատմական խորապատկերի մեջ տեսնելու նման մեկ այլ բանալի դարձավ Մաշտոցի պուրակի պայքարից հետո՝ 2013-ին հրապարակված Ազատյանի՝ «Ազգայինը և հակասությունները» ելույթը[27]։

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո լույս տեսավ Ազատյանի Ովքեր արեցին հեղափոխությունը գրքույկը, որը հեղափոխության սուբյեկտների մշակութային փիլիսոփայական քննությամբ բացահայտում է հայերի հեղափոխականության աղբյուրներն ու ձևերը[28]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2000-ականների սկիզբը գեղանկարներով և նորամիջոց աշխատանքներով մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ այդ թվում «Քաղաքական և կրոնական ուտոպիաներ» միջազգային ցուցահանդեսին (Հայ արտ Երևան, 2001), ինչպես նաև նույն թվականին տեղի ունեցած Գյումրու միջազգային բիենալեին։ Նրա՝ հիշատակության արժանի աշխատանքներից է 2001 թվականի «Անվերնգիր (աղբահան)» ֆոտոռեալիստական կտավը, ինչպես նաև Ջեյմս Ջոյսի Յուլիսեսի մոտիվներով արված նկարաշարը (2003)։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հետարդիական կացությունը և նրա քննադատները, Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ (192 էջ))։ Կազմող, ներածության, ծանոթագրությունների և վերջադիր ուսումնասիրության հեղինակ, 2023։
  2. Էրիկա Դոսս, Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ (Երևան։ Էյվա արվեստների հիմնադրամ (400 էջ))։ Թարգմանիչ, ծանոթագրությունների և վերջադիր ուսումնասիրության հեղինակ, 2022։
  3. Միսաք Խոստիկյան, Դավիթ փիլիսոփան / David der Philosoph, Ներքին գրոց մատենաշար (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ (552 էջ))։ Կազմող, ընդհանուր խմբագիր և վերջադիր ուսումնասիրության հեղինակ, 2020։
  4. Վաչե Սարգսյան, Ակեղդամա․ անկրկնելի պատմություն, հ․ 1 (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ (464 էջ))։ Ընդհանուր խմբագիր, 2019։
  5. Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը / Israel Ory und die armenische Befreiungsidee (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ (760 էջ))։ Կազմող, ընդհանուր խմբագիր և վերջադիր ուսումնասիրության հեղինակ, 2016։
  6. Հանրային ոլորտի և հասարակայնության միջև (Երևան։ Ուտոպիանա և Հովհաննիսյան ինստիտուտ (228 էջ))։ Կազմող, ընդհանուր խմբագիր, ներածության և վերջադիր ուսումնասիրության հեղինակ, 2015։
  7. Արվեստաբանություն և ազգայնականություն. միջնադարյան Հայաստանի և Վրաստանի արվեստները 19-20-րդ դդ. Գերմանիայում  (Երևան։ Ակտուալ արվեստ (392 էջ))։ Մենագրություն, 2012։
  8. Cultural Memory: Reformations of the Past in the Present, and the Present in the Past (Plymouth: University of Plymouth Press (192 էջ))։ Խմբագիր՝ Մալքոլմ Մայլզի հետ, 2010։
  9. Հանրային ոլորտ. վիճարկման և վերըմբռնման միջև (Երևան։ Անկյունաքար (255 էջ))։ Կազմող, խմբագիր և ծանոթագրությունների հեղինակ, 2007։
  10. Դեյվիդ Հյում, Հետազոտություն մարդկային   ըմբռնողության վերաբերյալ (Երևան։ Տիգրան Մեծ (312 էջ))։ Թարգմանիչ, ներածության և ծանոթագրությունների հեղինակ, 2003։
  11. Ջորջ  Բերկլի, Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների վերաբերյալ (Երևան։ Անկյունաքար (176 էջ))։ Թարգմանիչ, ներածության և ծանոթագրությունների հեղինակ, 2002։

Հոդվածներ, ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «(Հետ)արդիական մտքի մաքառումները և տպավորվող երևակայողը», ըստ՝ Հետարդիական կացությունը և նրա քննադատները (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ), էջ 118-182, 2023։
  2. «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և Հայաստանը», ըստ՝ Էրիկա Դոսս, Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ (Երևան։ Էյվա արվեստների հիմնադրամ, էջ 357-392, 2022։
  3. «Toward a Dilemmatic Archive:Historicizing Contemporary Art in Armenia», ըստ՝ Beate Söntgen և Ruben Julia Voss (խմբ․), Why Art Criticism: A Reader (Berlin: Hatje Cantz), էջ 326-337, 2022։
  4. «Art and Scholarship in Moments of Historical Danger», ArtMargins, պր․ 10, թիվ 3, էջ 161-168, 2021։
  5. ««Վկայի» գիտությունն ու գեղագիտությունը․ Միսաք Խոստիկյանի կրոնափիլիսոփայությունը», ըստ՝ Միսաք Խոստիկյան, Դավիթ փիլիսոփան / David der Philosoph (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ), էջ 439-484, 2020։
  6. «Հետամնաց, ապազգային, ձախ․ «3-րդ հարկի» քննադատությունները», Երկխոսությունն իբրև անելիք․ 3-րդ հարկի հայտը և այժմեականությունը 30 տարի անց (Երևան։ Գաֆէսճեան արվեստի կենտրոն), էջ 30-39, 2020։
  7. ««Ծնողազուրկ ծննդից հետո»․ «Որբաքաղաքը» խղճահարությունից անդին», ըստ՝ Նորա Ն․ Ներսեսյան, Որբաքաղաքը․ նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ», Ալեքսանդրապոլ/Լենինական, 1919-1931 (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ),  էջ 12-23, 2018։
  8. ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»․ Աշոտ Հովհաննիսյանի գործուն պատմագիտությունը», տե՛ս Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը / Israel Ory und die armenische Befreiungsidee (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ), էջ 567-709, 2016։
  9. «National Modernism», ըստ՝ Georg Schöllhammer and Ruben Arevshatyan (խմբ․), Sweet Sixties. Specters and Spirits of a Parallel Avant-Garde (Berlin, New York: Sternberg Press, 2014), pp. 107-120. Առցանց հայերեն հրատարակությունը տե՛ս «Ազգային մոդեռնիզմը», Արտերիա, ըստ՝ http://arteria.am/hy/1391417651, 2014։
  10. «Հայ գիրքը․ դրվագներ կարճատեսության հայկական պատմության», ըստ՝ Երբ գիրքը գտնում է նկարչին, ցուց․ կատ․ (Երևան։ Հովհաննես Թումանյանի թանգարան), էջ 107-125։ Առցանց հրատարակությունը, Արտերիա, ըստ՝ http://arteria.am/hy/1509102904, 2013։
  11. «Disintegrating Progress: Bolshevism, National Modernism, and the Emergence of Contemporary Art Practices in Armenia», ARTMargins, պր. 1, թիվ. 1, էջ 62-87, 2012։
  12. «An Unofficial Timeline of Socialist and Post-Socialist Performance», ըստ՝ Amelia Jones and Adrian Heathfield (խմբ.), Perform, Repeat, Record: Live Art in History (Bristol, Chicago։ Intellect, 2012), էջ 219-229։ Անժելա Հարությունյանի և այլոց համահեղինակությամբ, 2012։
  13. «Ernst Gombrich’s Politics of Art History: Exile, Cold War and The Story of Art», Oxford Art Journal, պր․ 33, թիվ 2, էջ 127-141, 2010։
  14. «Dreams, Histories and Technologies of Contemporary Art in Armenia», ըստ՝ Monica Degen and Malcolm Miles (խմբ․), Culture and Agency: Contemporary Culture and Urban Change (Plymouth: University of Plymouth Press), էջ 132-141, 2010։
  15. «Cold-War Twins: Mikhail Alpatov’s A Universal History of Arts and Ernst Gombrich’s The Story of Art», Human Affairs, Slovak Academy of Sciences, պր. 13, թիվ. 3, էջ 289-296, 2009։
  16. «On the Ruins of Soviet Past: Religion, Nationalism and Artistic Avant-Gardes in Armenia”, Springerin, պր․ 14, թիվ 4, էջ 38-41, 2008։
  17. «Art Communities, Public Spaces, and Collective Actions in Armenian Contemporary Art», ըստ՝ Mel Jordan, Malcolm Miles (խմբ․), Art and Theory After Socialism (Bristol: Intellect), էջ 43-53, 2008։
  18. «Վերակառուցման և նեոլիբերալ պետության միջև. գեղարվեստական սուբյեկտիվացման դինամիկաների շուրջ՝ Հայաստանի ժամանակակից արվեստում ուժաբանության շուրջ», տե՛ս D’Arménie, Le Quartier, Centre d’art contemporain de Quimper, Quimper (ֆրանսերեն և հայերեն), էջ 47-56, 137-146։ Առցանց հրապարակումը տե՛ս http://arteria.am/hy/1328187975, 2008։
  19. «Նացիոնալ սոցիալիզմը եւ անգլո-ամերիկյան հետպատերազմյան ձեռնարկների կայացման նախադրյալները. Ստրժիգովսկու Հայաստանը, Շլոսսերի Իտալիան և Գոմբրիխի Շլոսսերը», Գարուն, թիվ 1, էջ 66-81, 2008։
  20. «Հիշողություն և/կամ մոռացություն. պատմականացնելով Հայաստանի ժամանակակից արվեստը», Ակտուալ արվեստ, թիվ 6, էջ 50-65, 2008։
  21. «Արվեստի պատմության մասին», Գարուն, թիվ 9-10, էջ 27-32, 2005։
  22. «Die gegenwärtige armenische Kunst, Fotografie und nicht nur…», Utopia (Berlin: IFA), էջ 8-15, 2005։
  23. «Հեգելը համաշխարհային արվեստի խորհրդային և արևմտյան պաշտոնական պատմագրության ակունքում», Գարուն, թիվ 9, էջ 86-91, 2004։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հիշողություն և/կամ մոռացություն. պատմականացնելով Հայաստանի ժամանակակից արվեստը», Ակտուալ արվեստ, 2008, թիվ 6, էջ 50-65։
  2. Ըստ՝ Հանրային ոլորտ. վիճարկման և վերըմբռնման միջև (Երևան։ Անկյանաքար, 2007) էջ 189-211
  3. Ըստ՝ D'Arménie, Le Quartier, Centre d'art contemporain de Quimper, Quimper (ֆրանսերեն և հայերեն), էջ 47-56, 137-146։
  4. Ըստ՝ Երբ գիրքը գտնում է նկարչին (Երևան։ Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013), էջ 107-125։
  5. Արվեստաբանություն և ազգայնականություն. միջնադարյան Հայաստանի և Վրաստանի արվեստները 19-20-րդ դդ. Գերմանիայում (Երևան։ Ակտուալ արվեստ, 2012)։ Գրքի մասին հեղինակի հարցազրույցը տե՛ս https://www.youtube.com/watch?v=2M1KoEL6liw&t=22s
  6. Գարուն, 2008, թիվ 1, էջ 66-81։
  7. Human Affairs, Slovak Academy of Sciences, պր. 13, թիվ 3, էջ 289-296։
  8. Oxford Art Journal, պր. 33, թիվ 2, էջ 127-141։
  9. https://www.museoreinasofia.es/en/multimedia/vardan-azatyan-art-history-ape-cold-war-case-hw-janson
  10. https://faahaub.wordpress.com/2016/04/09/upcoming-lecture-vardan-azatyan/
  11. Մաս I (28 նոյեմբեր, 2018 թ.) https://www.youtube.com/watch?v=yBAJo3VTEd4&t=2542s, մաս II (4 դեկտեմբեր, 2018 թ.) https://www.youtube.com/watch?v=7ugI1ubj7Hc&t=23s
  12. https://direct.mit.edu/artm/article/10/3/159/109490/Art-and-Scholarship-in-Moments-of-Historical
  13. Ըստ՝ ARTMargins, 2021, պր. 10,  թիվ 3, էջ 159–190։
  14. Մաս I՝ «Պատմության հրեշտակը և իշխանության անգղը», մաս II՝ «Պատկեր և երևակայություն», https://www.youtube.com/watch?v=4T6utTDJBbY&t=288s ։
  15. Ըստ՝ Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ (Երևան։ Էյվա արվեստաների հիմնադրամ, 2022), էջ 357-392։ Այս թեմայով հեղինակի բանախոսությունը՝ https://www.youtube.com/watch?v=hNsz-j9M_eU ։
  16. ARTMargins, 2021, պր. 1, թիվ 1, էջ 62-87։
  17. «National Modernism», ըստ՝ Georg Schöllhammer, Ruben Arevshatyan (խմբ.) Sweet Sixties. Specters and Spirits of a Parallel Avant-Garde (Berlin, New York: Sternberg Press, 2014), էջ 107-120։
  18. Տե՛ս https://zot.am/vardanazatyan/
  19. Ըստ՝  Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը / Israel Ory und die armenische Befreiungsidee (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709։
  20. Ըստ՝ Նորա Ն․ Ներսեսյան, Որբաքաղաքը․ նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ», Ալեքսանդրապոլ/Լենինական, 1919-1931 (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2018), էջ 12-23։
  21. Միսաք Խոստիկյան, Դավիթ փիլիսոփան / David der Philosoph (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2020), էջ 439-484։
  22. Տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=Hq_S267pC90&t=266s ։
  23. Դեյվիդ Հյում, Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ (Երևան։ Տիգրան Մեծ, 2003)։
  24. Ջորջ Բերկլի, Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների վերաբերյալ (Երևան։ Տիգրան Մեծ, 2002)
  25. Ըստ՝ Հետարդիական կացությունը և նրա քննադատները (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2023), էջ 119-182։
  26. Տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=Hq_S267pC90&t=266s ։
  27. https://www.youtube.com/watch?v=hspv39ROM98&t=1745s
  28. Ովքեր արեցին հեղափոխությունը (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2018)։