Վարդանանց ասպետներ, եղբայրության սկզբունքների վրա հիմնված կազմակերպություն։ Ստեղծվել է 1916 թվականի մայիսի 27-ին, Ֆիլադելֆիայում։ Հիմնադիրներ՝ Բաբկեն եպսիսկոպոս Կյուլեսերյան, Կարապետ Մանավյան, Խաչատուր Պեննեյան, Մարտիրոս Անանիկյան, Հարություն Տատուրյան և ուրիշներ։ Նպատակն է բարոյական և նյութական աջակցություն ցույց տալ Հայ եկեղեցուն, մշակութային, կրթական, մարզական և բարեգործական հաստատություններին, ինչպես նաև շնորհալի անձանց, պահպանել և հարստացնել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Կազմակերպությունը հայրենիքում իր հանգանակած միջոցներով զբաղվում է դպրոցների նորոգմամբ ու բարեկարգմամբ, ֆինանսական օգնություն ցույց տալիս Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և ճարտարագիտական համալսարանների բարձր առաջադիմությամբ և անապահով մի խումբ ուսանողների։ Ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ի 16 նահանգներում։ Գործում է նաև կազմակերպության տիկնանց հիմնահարցերով զբաղվող Վարդանանց դուստրեր մասնաճյուղը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։