Jump to content

Վահան Արծրունի (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Արծրունի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Արծրունի
Ծնվել էհունիսի 10 (22), 1857[1][2]
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 29, 1947(1947-07-29)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա[1] և Փարիզի համալսարան (1885)[1]
Մասնագիտությունբժիշկ, անատոմ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1936)
ԱշխատավայրԱռողջապահիկ թերթ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ծնողներհայր՝ Մարգար Արծրունի
Պարգևներ

Վահան Մարգարի Արծրունի (հունիսի 10 (22), 1857[1][2], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 29, 1947(1947-07-29)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), կազմախոս, առողջաբան, ականջակոկորդաբույժ։ Հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ և ԵրԲԻ հիմնադիրներից։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Վահան Արծրունու բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության և կրթության սկզբնավորման գործում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունինի ծնվել է 1857 թվականի հունիսի 10-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։
Մինչև 8-րդ դասարանը սկզբնական կրթություն է ստացել Թիֆլիսի Առաջին գիմնազիայում[3]։ Քաղաքական ընդհատակյա աշխատանքներին մասնակցելու պատճառով հեռացվել է գիմնազիայից և զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու իրավունքից։ 1880 թվականին մեկնել է Ֆրանսիա, 5 տարի անց ավարտել Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների գծով և ընտրվել քիթ-կոկորդ-ականջաբանների ընկերության թղթանդամ։

1889 թվականին Արծրունին վերադարձել է Թիֆլիս և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ, միաժամանակ աշխատել քաղաքային բուժարանում որպես քիթ-կոկորդի և ականջի հիվանդությունների բժիշկ, ըստ որում՝ աղքատ հիվանդներին բուժել է անվճար։ 1892-1893 թվականներին նա խոլերայի համաճարակի դեմ մղվող պայքարի ակտիվ կազմակերպիչներից էր։ Թիֆլիսում հրատարակել է շուրջ 30 բժշկական գիտահանրամատչելի գրքույկներ («Հիպնոտիզմ», մաս 1-2, 1892-1895, «Ամուսնություն», 1901, «Նորածին երեխաների հիվանդությունները», 1903), ինչպես նաև խոլերայի, ժանտախտի, բնական ծաղկի, վեներական և այլ վարակիչ հիվանդությունների մասին բրոշյուրները։ Արծրունին 1902-1905 թվականներին իր միջոցներով հրատարակել է նաև «Առողջապահիկ թերթ» հանդեսը։

Հայկական դպրոցներում մտցրել է հիգիենայի դասավանդում։ Նա ուսումնասիրել է նաև ֆիզիկական դաստիարակության գիտական հիմունքները։ «Դպրոցական առողջապահություն» (1895) գրքում նա գրել է, որ դպրոցական հիգիենայում ամենակարևորը ֆիզիկական կրթությունն է։ Մարմնամարզական գործիքների վրա կատարվող վարժությունները Արծրունին համարել է անբավարար (ուսագոտու մկանները միակողմանի զարգացնելու պատճառով)։ Ըստ Արծրունու, աճող օրգանիզմի բնականոն զարգացմանն օժանդակող լավագույն միջոցը խաղերն են։ Նա խաղերը բաժանել է 2 ենթախմբի՝ աթլետիկական (ժամանակակից հասկացողությամբ՝ սպորտային՝ ֆուտբոլ, թենիս) և ազատ (շարժական)։ Վահան Արծրունին խաղերի թվին էր դասում նաև զինվորական և կրթական վարժությունները։ Նրա ջանքերով հայկական դպրոցներում առաջին անգամ սահմանվեց դպրոցական բժշկի հաստիքը և սովորողների առողջական վիճակի մշտական բժշկական հսկողությունը։

1918-1920 տարիներին Հայաստանի Հանրապետութեան Լուսաւորութեան նախարարութիւնում պաշտօնավարել է իբրև Բժշկա-առողջապահական բաժնի Վարիչ։ «Յառաջ» օրաթերթի 14 Մայիս 1920 համարում ստորագրած է երեք յաջորդական յոդվածներ՝ «Վահագնութիւնը Սկաուտիզմը» խորագրով։

Քաղաքացիական պատերագմի տարիներին Վահան Արծրունին Պյատիգորսկում կարմիրբանակայինների համար ստեղծված թիվ 15 վարակիչ հիվանդությունների հոսպիտալի գլխավոր բժիշկն էր։ 1920 թվականին նա Թիֆլիսի զինվորական հոսպիտալում աշխատել է որպես խորհրդատու և փորձագետ, եղել է Հայաստանի Կարմիր խաչի ընկերության վարչության փոխնախագահ, հետադայում՝ նախագահ։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել որպես քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների մասնագետ։

Վահան Արծրունու հուշատախտակը Երևանում

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մի խումբ առաջավոր հայ բժիշկների հետ ձեռնամուխ է եղել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը։ Ապա 1922 թվականին հիմնադրել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը և ղեկավարել մինչև իր մահը։ Ինչպես նաև Երևանի բժշկական ինստիտուտում հիմնադրել է անատոմիայի թանգարան, որն այժմ կոչվում է նրա անվամբ։

Գրել է նորմալ անատոմիայի հայերեն առաջին դասագիրքը («Մարդակազմություն», 1923, ապակետիպ)։ Գիտական ասպարեզում նրա ամենամեծ ծառայությունը ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների մշակումը և բառարանի հրատարակումն է (1924)։ 1926 թվականին Վ.Արծրունուն շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1936 թվականին նա ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։ Երկարամյա գիտա-հասարակական գործունեության համար 1943 թվականին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և «Աշխատանքային արիության համար» մեդալով։

Վախճանվել է 1947 թվականի հուլիսի 29-ին Երևանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարսադանյան Ռ․ Ս․ - Հայ բժշկագիտության պատմությունից, Երևան, 1958։
  • Оганесян Л․ А․, История медицины в Армении, ч․ 4, Е․, 1947․
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Արծրունի (բժիշկ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 75