Ռոլանդ Ղազարյանը ծնվել է 1936 թվականին, Ստեփանավանում։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտը։ 1959-1963 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի հնչյունային օպերատոր, 1963 թվականից՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի հնչյունային ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացում։ 1992 թվականից Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի հնչյունային ռեժիսուրայի առաջին արվեստանոցի ղեկավարն է, 2002 թվականից՝ պրոֆեսոր։ 1999-2004 թվականներին եղել է նույն համալսարանի հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի վարիչը։ 1972 թվականից Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, «Նիկե» ակադեմիայի անդամ։ 2011 թվականին հեղինակել է «Կինոհնչյունագրության գեղագիտություն» հնչյունա-տեսողական կոնտրապունկտի տեսությանը վերաբերող գիրքը[1][2]։