Պերճ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1913 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1977 (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Պերճ Երեմի Գևորգյան (նոյեմբերի 7, 1913, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերճ Գևորգյանը ծնվել է հին Երևանի Սուլթանսկի պերեուլոկ կոչվող նեղլիկ փողոցի (հետագայում Եկմալյան) N 8 տանը, 1913 թվականի նոյեմբերի 7-ին։ Երեմ Գևորգյանի բազմանդամ ընտանիքի վերջին՝ վեցերորդ զավակն էր։ 1922-1929 թվականներին սովորել է Երևանի N 5 յոթնամյա դպրոցում։ 1928 թվականի ձմռան կեսերին վեցերորդ դասարանցի 14-ամյա Պերճը մորաքրոջ տղայի հետ առաջին անգամ թատրոն գնաց։ Իսկական թատրոնի մասին դեռ գաղափար չուներ։ Թեև դպրոցում աշակերտական ներկայացումներ տեսել էր, երբեմն նաև մասնակցել ուսուցիչների ղեկավարությամբ կազմակերպված թատերախաղերին։ Այդ օրը թատրոնում Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Սյուզան Գարագաշին, Բագրատ Մուրադյանը և այլ հայտնի դերասաններ խաղում էին «Խաթաբալա» ներկայացումը։ Այս ներկայացումը Պերճ Գևորգյանի համար եղավ ճակատագրական։ Այդ օրվանից տարվեց թատրոնով։ Դրանից հետո շատ էր տեսել թատրոններ, սակայն առաջինը՝ «Խաթաբալան» նրա համար ուրիշ էր։
Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո նա արդեն սովորում էր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, որն այդ տարիներին գտնվում էր Ամիրյան փողոցի վրա։ Լավ էր սովորում։ Սիրում էր պատմությունը, բնագիտությունը, մաթեմատիկան․․․ բայց ամենից շատ նրան հրապուրում էին մայրենի լեզուն ու գրականությունը։
1933 թվականից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1941-1944 թվականներին՝ Նոր Բայազետի, Վաղարշապատի թատրոնների դերասան, 1944 թվականից կրկին աշխատել է ԵՊՀԹ-ում[1][2]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է դրամատիկական և բնութագրական դերեր։
- Օթարյան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Սարգիս՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Օրգոն՝ Մոլիերի «Տարտյուֆ»
- Թիզբե՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նվագախմբի տղաները», 1960[3]
- «Ում է ժպտում կյանքը», 1957
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստամբոլցյան Գ., Պերճ Գևորգյան, Ե., 1976:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Պերճ Գևորգյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Геворкян Перч Еремович