Jump to content

Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանաքար
Ստեղծում1790
Երկիր Սերբիա
ԲնակավայրՆովի Սադ
 Nadgrobni spomenik porodice Čanadi Վիքիպահեստում

Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար, տեղադրվել է 1790 թվականին Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Որպես մշակութային հուշարձան ներկայացնում է անշարժ մշակութային արժեք (համար՝ SK 1531)[1]։

Գտնվելու վայր և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Նովի Սադ քաղաքի կենտրոնում՝ Միխայիլ Պուպինի բուլվարի և Ժողովրդաական հերոսների փողոցի անկյունում, այն վայրի մոտ, որտեղ գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը քանդվել է 1963 թվականին։ Այն կառուցվել է Բուդապեշտի կառավարիչների խորհրդի հավանությամբ, քանի որ քաղաքի իշխանությունները դեմ էին դրա կառուցմանը։ Հուշարձանը նախկինում գտնվել է եկեղեցու դարպասի մոտ։ Հաշվի առնելով, որ եկեղեցին քանդվել է, իսկ գերեզմանատունը՝ ավերվել, այս գերեզմանաքարը քաղաքի տարածքում գտնվող բնօրինակ հայկական միակ հուշարձանն է, որը վկայում է Նովի Սադում հայերի կյանքի մասին։ Հուշարձանը կանգնեցրել է հայկական եկեղեցու և համայնքի մեծ բարերար Սիմեոն Մելիք Չենազին՝ իր հանգուցյալ կնոջ՝ Ֆրանցիսկա Կլարա Տոմանովիչ Բեռնյակովիչի, նրանց դստեր՝ Անա Մարիա Կլարայի հիշատակին[1]։

Հայկական եկեղեցու համայնքի շենքի և եկեղեցու դարպասի տեղում նոր շենք կառուցելու պատճառով հուշարձանը տեղափոխվել է մի քանի տասնյակ մետր այն կողմ։ Սկզբում կառուցվել է նոր դամբարան, որտեղ տեղափոխվել են Չենազիների ընտանիքի անդամների մասունքները, ինչպես նաև նոր շենքի հիմքը փորելու ժամանակ հայտնաբերված գերեզմանների մասունքները[2]։

Ոսկորների պեղումները, որոնք իրականացվել են 2008-2016 թվականներին, ինչպես նաև դամբարանի կառուցումն իրականացրել են Մշակույթի հուշարձանների պահպանության քաղաքային ինստիտուտի փորձագետները[2]։

Գերեզմանում ընդամենը թաղվել են հայ համայնքի 91 անդամի ոսկորները, ինչպես նաև Չենազիների ընտանիքի անդամների ոսկորները։ Կմախքները տեղադրվել են 37 արկղերի մեջ՝ ժամանակակից հնագիտական եղանակով, ԴՆԹ գրառումներով[2]։

Մինչ դամբարանի վերևում հուշարձանը տեղադրելը, բուն դամբարանը և դրանում պահվող աճյունները 2019 թվականի սեպտեմբերին օծել է Նովի Սադի Մարիամ Աստվածածնի եկեղեցու հռոմեական կաթոլիկ հովիվը։ Այս կերպ Նովի Սադը հարգել է 18-19-րդ դարերի ընթացքում քաղաքի պատմության մեջ մեծ հետք թողած հայերի հիշատակը[2]։

Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանաքարը, ինչպես նաև Չենազիների ընտանիքի դամբարանը, անհայտ քարագործի աշխատանք է, որը պատրաստված է վարդագույն քարից՝ 150x150x220 սմ չափսերով խորանարդի տեսքով։ Խորանարդի հորիզոնական նիստի եզրով դասավորված են վեց սիմետրիկ սպիտակ մարմարե գանգեր, որոնց վրա դրված է 100x100x21 սմ չափսերով վարդագույն մարմարե սալաքար։ Այդ սալաքարի վրա կենտրոնում դրված են սպիտակ մարմարից կերտված միաձուլված չորս սրտերի բարձրաքանդակներ, որոնց բարձրությունը 65 սմ է։ Սրտերին արված է «Անբաժանելի» մակագրությունը։ Խորանարդների կողքերին փորագրված տեքստերը և սրտերի զարդարուն տառերով արված գրությունները հին գերմաներենով են։ Հուշարձանի շուրջը հողի մեջ թաղված մարմարե բլոկների շարք է, որը տեսանելի է միայն վերևից՝ 202x30 սմ չափսերով[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Надгробни споменик Арменске породице Ченази у Новом Саду». Завод за заштиту споменика културе Града Новог Сада. Վերցված է 1. 6. 2020-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Кости новосадских јермена у новој гробници». Новости. Վերցված է 13. 6. 2022-ին.
  3. Лазић, Љиљана (2014.). Јерменска црква у Новом Саду (PDF). Нови Сад: Музеј града Новог Сада. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29. 09. 2020-ին. Վերցված է 1. 6. 2020-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար» հոդվածին։