Շվեյցարացի Ռոբինզոնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարացի Ռոբինզոնը
գերմ.՝ Der Schweizerische Robinson
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրարկածային գրականություն
ՀեղինակJohann David Wyss?
ԵրկիրՇվեյցարիա
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
 The Swiss Family Robinson

«Շվեյցարացի Ռոբինզոնը» (այլ անվանում՝ «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը»), մանուկների համար նախատեսված արկածային վեպ, որ գրվել է շվեյցարացի պաստոր, արձակագիր Յոհան Դևիդ Վիսի կողմից, ավարտին հասցվել ու խմբագրվել նրա որդու՝ Յոհան Ռուդոլֆ Վիսի կողմից և հրատարակվել գերմաներենով «Der schweizerische Robinson» (1812-1827) խորագրով։

Գիրքը պատմում է շվեյցարական ընտանիքի արկածների մասին, որը նավաբեկությունից հետո ստիպված է ապրել ամայի կղզում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն հրատարակություն

Գիրքը գրվել է առաջին դեմքով։ Շվեյցարացիների ընտանիքը, որ կազված է պաստոր հորից (որը պատմում է արկածների մասին), նրա կնոջից, չորս որդիներից՝ Ֆրից (16 տարեկան), Էռնստ (14 տարեկան), Յակոբ/Ջեք (12 տարեկան) և Ֆրանց (9 տարեկան), ինչպես նաև երկու դանիացիներից՝ Թուրոք և Բիլլ, ցանկանում են նոր կյանք սկսել Մոլուքյան կղզիներում։

Ավստրալիա գնալու ճանապարհին նավն ընկնում է փոթորկի մեջ և խորտակվում՝ բախվելով խութի Հնդկական օվկիանոսում։ Նավաբեկության ենթարկվածներն ստիպված են իրենց ընտանի կենդանիների և իրերի մի մասի հետ ափ իջնել արևադարձային ամայի կղզում։ Այնտեղ նրանք սովորում են աշխատել իրենց ունեցած գործիքներով ու կղզում գտած իրերով և օգտագործել դրանք իրենց կենցաղում։ Ընտանիքի անդամները տուն են կառուցում ծառի ճյուղերի վրա, սովորում որսալ ու ձուկ բռնել, պատրաստել տնտեսության մեջ անհրաժեշտ իրեր ձեռքի տակ եղած առարկաներից, պատրաստում են շաքար շաքարեղեգից և փորձում կառուցել նավ, որպեսզի հեռանան կղզուց, վարում են պարզ կյանք, որից ընդհանուր առմամբ գոհ են։

Տասը տարի անց կղզի է ընկնում նույնպես նավաբեկության ենթարկված անգլուհի Ջեննին։ Ռոբինզոնները նրանց ընդունում են իրենց ընտանիք։

Ջոն Գիլբերտի՝ 1851 թվականի ամերիկյան հրատարակության նկարազարդում

Որոշ ժամանակ անց կղզուն է մոտենում բրիտանական նավ։ Ծնողներն իրենց երեխաների մի մասի հետ որոշում են մնալ և ապրել «Նոր Շվեյցարիայում» մինչև մահ։ Ֆրիցն ու Ֆրանցը բաժանվում են Ջեննիից և վերադառնում Եվրոպա։

Ստեղծում և ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ հեղինակին ոգեշնչել է Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գիրքը, բայց Վիսը ցանկացել է գրել դաստիարակչական պատմություն իր երեխաների համար։ Վեպն առաջին անգամ հրատարակվել է գերմաներենով 1812 թվականին, անգլերեն թարգմանվել է երկու տարի անց։ Ոչ ամբողջական տարբերակի առաջին հրատարակությունից հետո, որը թարգմանվել է ֆրանսերեն (հավելումներով) և անգլերեն (նույնպես թեթևակի փոփոխված), Յոհան Ռուդոլֆ Վիսը 1827 թվականին հրատարակել է վերջնական տարբերակը չորս հատորով։ Գիրքն արագ ժողովրդականության է արժանացել նաև գերմանալեզու երկրներից դուրս։

Ժյուլ Վեռնը մանկությունից շատ է սիրել այդ վեպը և բոլոր «ռոբինզոնադաների» շարքում նրան հատկացրել է առաջին տեղը։ Ավելի ուշ Վեռնը որպես «Շվեյցարացի Ռոբինզոնի» շարունակություն գրել է իր «Երկրորդ հայրենիք» վեպը, ապա շարունակել է այդ թեման «Քեռի Ռոբինզոն» (1869-1870), «Ռոբինզոնների դպրոցը» (1882) վեպերում։

Որպես մեծ փորձ ունեցող ծովագնաց՝ անգլիացի գրող Ֆրեդերիկ Մարիետը վրդովված է եղել այն հանգամանքից, որ «Շվեյցարացի Ռոբինզոն» վեպում նավաբեկությունը ներկայացված է որպես ռոմանտիկական արկած, իսկ բնության դերը գրեթե հաշվի չի առնվում[1]։ Այդ պատճառով Մարիետը գրել է մանուկների համար նախատեսված «Մեծ օվկիանոսի» խորտակումը» վեպը՝ որպես պատասխան Վիսի վեպին[2]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը մի քանի անգամ էկրանավորվել է։

  • շուրջ 1900 - Al-Ṭurfa al-Šahiyya fī aḫbār al-ʿAʾila al-Swīsiyya (արաբերեն)
  • 1940 - Swiss Family Robinson
  • 1947 - Swiss Cheese Family Robinson
  • 1960 - Swiss Family Robinson, Ուոլթ Դիսնեյ
  • 1976 - The Swiss Family Robinson
  • 1981 - «Ֆլոնան հրաշքների կղզում» (Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը։ Ֆլոնան Խորհրդավոր կղզում) 50 սերիանոց անիմացիոն ֆիլմ, Nippon Animation ստուդիա (Ճապոնիա)
  • 1998 - The Adventures of Swiss Family Robinson
  • 2002 - Հույսի կղզի (ԱՄՆ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frederick Marryat Masterman Ready, Preface. — 1846. — С. 6.
  2. Gillespie, John Thomas Historical fiction for young readers (grades 4-8): an introduction. — Westport, Conn.: Libraries Unlimited, 2008. — С. 18. — 489 с. — ISBN 9781591586210

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարացի Ռոբինզոնը» հոդվածին։