Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդ (Նինա) Միքայելի Ալիխանյան[2] (սեպտեմբերի 8, 1896(1896-09-08)[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - մայիսի 3, 1977(1977-05-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, երգչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956)։
Նվարդ Ալիխանյանը ծնվել է 1896 թվականին, Տրապիզոնում։ 1896 թվականին ընտանիքով տեղափոխվել են Բաթում։ Հետագայում ձայնը մշակել է Թիֆլիսում, երգել Կոմիտասի երգչախմբում, 1916 թվականին երաժշտական կոմեդիայի խմբում խաղացել մի շարք դերեր (Անուշ՝ «Անուշ», ըստ Թումանյանի), 1919-1920 թվականներին հանդես եկել Վահրամ Փափազյանի դրամատիկական, 1924-1927 թվականներին՝ Դոնի Ռոստովի հայկական և Ռուսաստանի երաժշտական խմբերում։ 1922 թվականին Երևանում հանդես է եկել Անուշի դերերգի կատարմամբ՝ Շարա Տալյանի (Սարո) հետ։ 1927 թվականից եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի, ապա՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի[3]։
- Սիլվա՝ «Սիլվա»
- Օդետա՝ «Բայադերա»
- Ներա՝ «Հրո քրմուհի»
- Շողիկ՝ «Ուշ լինի-նուշ լինի»
- Մագդաղինե՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
- Մաթո՝ Գ. Սունդուկյանի «Բաղնիսի բոխչան»
- Նազլու՝ «Կարինե»
- Պայծառ՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
- Խաթուն՝ «Մեծ հարսանիք»
- Չիպրա՝ «Գնչուների բարոն»
- Պարասյա՝ «Տրեմբիտ»
- Օլիվիա՝ «Տասնմեկ անհայտներ»
- Թոփչիբաշես՝ «Կապկազ թամաշա»