Jump to content

Նոր պատկերասրահ (Գրաց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունԳրաց
ՎայրԳրաց
Կազմված էBruseum?
Հիմնադրվել է1941[1]
Կայքmuseum-joanneum.at/neue-galerie-graz(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Նոր պատկերասրահ Գրացում[2] (գերմ.՝ Neue Galerie Graz), գեղարվեստական թանգարան Ավստրիայի Գրաց քաղաքում։ Հիմնադրվել է 1941 թվականին, համարվում է «Յոաննեում» թանգարանային համալիրի մի մասը, որը մասնագիտացած է ժամանակակից արվեստում։ Ստեղծվել է «Յոաննեում»-ի «հին» և «նոր» մասերի բաժանման արդյունքում։ Հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը ստեղծված գործեր։ 2011 թվականին, ելնելով ֆինանսական նկատառումներից, այն կազմակերպչականորեն միացվել է տեղի Կունստհաուս թանգարանին, որտեղ պարբերաբար անցկացնում են ցուցահանդեսներ և կոնֆերանսներ։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր պատկերասրահը ստեղծվել է Գրացում 1941 թվականին, երբ «Յոաննեում» թանգարանը, որը հիմնադրվել է 1811 թվականին, բաժանվել է «հին» և « նոր» մասերի։ Վերջինս իր ֆոնդերի մեջ է ընդունել 19-րդ և 20-րդ դարերի աշխատանքները, որոնք գտնվել են Հերբերշտեյնի պալատում (Palais Herberstein) Զակշտրասսե 16 հասցեում։ Քաղաքային պալատի շենքը կառուցվել է բարոկկո ոճով 18-րդ դարի կեսերին ճարտարապետ Յոզեֆ Հյուբերի (1717-1787) նախագծով։ Երբ պալատի գոյությունը վտանգի տակ էր (կազմվել է դրա քանդման նախագիծ), շենքը «փրկել է» պատկերասրահի առաջին տնօրեն Հանս Ռիելը, ով կարողացել է հասնել պալատական ​​համալիրի վերանորոգմանը թանգարանի կարիքների համար։ Նոր պատկերասրահի տնօրեններն են եղել Վալտեր Կոշացկին (այդ պաշտոնը զբաղեցրել է 1956-1962 թվականներին), Թրյուդե Ալդրիանը (1963-1965), Ուիլֆրիդ Սկրայները (1966-1992), Վերներ Ֆենցը (1993-1997), Պետեր Վայբելը (1998) և Քրիստա Շթեյնլեն (Christa Steinle, 1998-2011), մինչև 2011 թվականը Վայբելը եղել է մի շարք խոշոր ցուցահանդեսների գլխավոր համակարգողը։

Ֆինանսական դժվարությունների պատճառով առաջացած «Յոաննեում» թանգարանի վերակառուցմանն ուղղված միջոցառումների շնորհիվ 2011 թվականին Գրացի Նոր պատկերասրահը վարչականորեն միացվել է Կունստհաուսի ժամանակակից արվեստի թանգարանին, որտեղ ստեղծվել է «Moderne und zeitgenössische Kunst» բաժինը և Պետեր Պեերը դարձել է բաժնի ղեկավարը։ Նույն 2011 թվականին պատկերասրահը տեղափոխվել է նոր վայր՝ «Joanneumsviertel» շենքային համալիր։

Հավաքածու և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր պատկերասրահի հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը ստեղծված գործեր. 19-րդ դարի ստեղծագործությունների հավաքածուի հիմքում ընկած է Ավստրիայի արքհերցոգ Յոհան Բապտիստի հավաքածուն, մի շարք նվիրատվություններ պատկերասրահին, ինչպես նաև կայսերական ընտանիքի և տեղական ազնվականության գեղարվեստական ֆոնդերը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքածուի ստեղծման գործունեությունը գրեթե ամբողջությամբ ընդհատվել է (Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո տնտեսական իրավիճակի պատճառով) և միջպատերազմյան ժամանակաշրջանի արվեստը աննշան է ներկայացված հավաքածուում։ Հավաքածուում առկա է Էգոն Շիլեի միայն մեկ աշխատանք և մի քանի գրաֆիկական գործեր, որոնք ստեղծվել են Գուստավ Կլիմտի, Շիլեի և Օսկար Կոկոշկայի կողմից։

1959 թվականին «Joanneum Art Prize» մրցանակի ստեղծմամբ և Շտայրիայում նկարչական միջազգային շաբաթների անցկացմամբ (1966–1992) պատկերասրահի հավաքածուի ստեղծման գործունեությունը զգալիորեն ընդլայնվել է և միջազգայնացել։ Հավաքածուն պարունակում է 1970-ականներին ստեղծված ստեղծագործությունների մի ամբողջ շարք (ներառյալ կոնցեպտուալ արվեստի ստեղծագործությունները)։ Թանգարանային հավաքածուների համալրմանը նպաստել է նաև «Trigon Biennale» բիենալեն, որը տեղի է ունեցել 1963-1995 թվականներին՝ ներառելով Ֆլյուքսուս շարժման և հեփփինգ ձևերի աշխատանքներ։

21-րդ դարում պատկերասրահը իր «մշակութային առաքելություն»-ն է համարում ցուցահանդեսների և սիմպոզիումների միջոցով հանրությանը տեղեկացնել ժամանակակից արվեստի նոր միտումների մասին, պատկերասրահի ղեկավարությանը հետաքրքրում է իրավիճակը տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում։ Պատկերասրահի ղեկավարությունը չի սահմանափակում ժամանակակից արվեստը միայն գեղանկարչությամբ ներկայացնելով, այլ հավաքում և ցուցադրում է «գեղարվեստական ​​արտահայտման բոլոր միջոցները», ինչպիսիք են, քանդակը, լուսանկարչությունը, վիդեոարվեստը և կինոարվեստը, ինստալյացիաները և ճարտարապետական ​​գործերը։ Պատկերասրահի ցուցահանդեսային ծրագրի մաս են կազմում նաև երիտասարդ նկարիչները՝ հայտնի հեղինակների հետ միասին՝ Ֆելիքս Գոնսալես-Տորրեսը, Ռուդոլֆ Ստինգելը (Ստինգել), Պիպիլոտի Ռիստը, Սիլվի Ֆլերին, Ուիլյամ Քենթրիջը և Օլաֆուր Էլիասսոնը պատկերասրահում ունեցել են իրենց անհատական ​​ցուցահանդեսները, նախքան լայն ճանաչում ձեռք բերելը։

2002 թվականից տարածաշրջանային (Շտիրիա) նկարիչները, որոնց աշխատանքներն արդեն միջազգային ճանաչում ունեն, Գրացում անցկացնում են հետահայաց անհատական ​​ցուցահանդեսներ, նրանց թվում են Էրվին Վուրմը և Գյունտեր Բրուսը։ «Artist in Residence» հատուկ ծրագիրը երեք ժամանակակից նկարիչների հնարավորություն է տալիս մեկ տարի ապրել և աշխատել Գրացում, այնուհետև ներկայացնել իրենց աշխատանքները լայն հանրությանը։ 2013 թվականին պատկերասրահում անկացվել են Վիլհելմ Տյոնիի աշխատանքների ցուցահանդեսը «Wilhelm Thöny. Im Sog der Moderne», ավստրիացի նկարիչ Վոլֆգանգ Հոլլեգան (ծն.՝ 1929) 2015-2016 թվականներին տեղի հանրությանն է ներկայացրել իր աշխատանքները՝ «Die Natur ist innen. Der Maler Wolfgang Hollegha» ցուցադրության շրջանակներում։ Նոր պատկերասրահի կողմից մի շարք ցուցահանդեսներ են կազմակերպվել Հերբերշտեյն ամրոցի հետ համագործակցությամբ, որն իր տարածքն է տրամադրել ցուցահանդեսների և կրթական միջոցառումների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.museum-joanneum.at/en/neue-galerie-graz/about-us
  2. Изобразительное искусство - библиографическая информация. — Российская государственная библиотека, 2010. — С. 64, 129. — 414 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Universalmuseum Joanneum: Public Institution». artfacts.net (անգլերեն). Berlin: ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր պատկերասրահ (Գրաց)» հոդվածին։