Ներգործական սեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս մի այնպիսի գործողություն, որի ժամանակ տրամաբանական սուբյեկտի, քերականական ենթակայի կատարած գործողության համար պահանջվում է ուղիղ խնդիր լրացում (տրամաբանական օբյեկտ)։ Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովաձևով։

Ներգործական սեռի բայերը միշտ ստանում են ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին պատասխանող լրացում, որն էլ հենց ուղիղ խնդիրն է։ Վերջինս դրվում է հայցական հոլովաձևով։

  • Շողիկը սիրում է իր աշխատանքը։
  • Մարիամ բաջին խոհանոցում ճարպի մոմը վառեց և բերավ ներս։ (Շիրվանզադե)
  • Երբ ես տեսնում եմ Ձեզ - Անդարձ անցած մի սեր Սկսում է իր հեզ Հեքիաթները հյուսել։ (Եղիշե Չարենց)

Ներգործական սեռի բայերի մեծ մասը Ե խոնարհման բայեր են։ Ներգործական սեռի բայերի կազմում կան սահմանափակ թվով Ա խոնարհման բայեր (զգալ, կարդալ, տալ և այլն)։

Պատճառական բայերը, որ համապատասխան ածանցի միջոցով կազմվում են ինչպես ներգործական սեռի, այնպես էլ չեզոք սեռի բայերից, ներգործական սեռի բայեր են[1]։ Օրինակ՝ Իմաստուն մարդ եք, դերվիշ, մի խորհուրդ տվեցեք, արդյոք ինչո՞վ կարող ենք վտանգը հեռացնել։ (Րաֆֆի)

Ներգործական սեռի բայերից են կազմվում կրավորական սեռի բայերը։ Վ ածանց ստանալով՝ ներգործական որոշ բայեր կարող են արտահայտել նաև չեզոք սեռի գաղափար[2], օրինակ՝ - Ներս ե՛կ,- հրամայեց Հայրապետը յուր որդուն, ինքը հետ ու հետ քաշվելով։ (Շիրվանզադե)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002
  2. Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 139։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987։
  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959։
  • Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962։