Սովորել է Լազարյան ճեմարանում, 1889 թ.-ին ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժինը, եղել նույն համալսարանի հայ ուսանողության ընկերության կազմակերպիչներից ու ղեկավարներից։ 1888-1896 թ.-ին Մոսկվայում հրատարակել է «Հանդես գրականական և պատմական» պարբերականը, որտեղ տպագրվել են Միքայել Նալբանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, Արփիար Արփիարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ա. Ծատուրյանի, Գևորգ Բարխուդարյանի, Ե. Շահազիզի և ուրիշների արձակ, չափածո և գրականագիտական աշխատանքներն ու թարգմանությունները։ Իր տպարանում տպագրել է հայ գրողների երկերը, ինչպես նաև «Մարտ» թերթը։ Թարգմանել է Լև Տոլստոյի «Հաջի Մուրադ»-ը, Մաքսիմ Գորկու պատմվածքներից մի քանիսը, Վիպպերի «Հին Արևելքը և Էգեյան կուլտուրան» գիրքը։ 1907 թ. -ին լույս է ընծայել «Անգլիայի պետական կազմը և քաղաքական կուսակցությունները» աշխատությունը։ 1920-ական թթ. մասնակցել է Մոսկվայում արևելյան լեզուներով բառարանների հրատարակության աշխատանքներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։