Jump to content

Մաննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաննե
Ծնվել էՍեպտեմբերի 9, 1996
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ {{{2}}} Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր, վավերագրող
ՊարգևներՀայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակ

Մաննե (իսկական անունը՝ Մանե Բաղդասարյան, սեպտեմբերի 9, 1996, Երևան, Հայաստան), հայ կինոռեժիսոր, վավերագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաննեն ծնվել է 1996 թ. սեպտեմբերի 9-ին Երևանում։ 2014 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետ (Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց), և 2018-ին գերազանցությամբ ավարտել։

Ուսումնառության ընթացքում նկարահանել է երկու ֆիլմ՝ «Ադապտացիա» և «Ճայը»։

«Ադապտացիա» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 20 երկրներում՝ ավելի քան 50 քաղաքներում։ Ստացել է միջազգային և տեղական տասնյակ մրցանակներ։ Ցուցադրվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ։ 2018 թվականին «Ադապտացիա» ֆիլմի համար Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվել է ոսկե շքանշանով՝ ստանալով Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակ[1]։

«Ադապտացիա» ֆիլմին անդրադարձել են ֆրանսիական լեգենդար ամսագիր «Կայիե Դյու Սինեմա»-ն և ռուսական «Իսսկուստվո Կինո»-ն։ «Ադապտացիա»-ն ընդգրկվել է հետևյալ երկրների փառատոներում՝ Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Ղազախստան, Լատվիա, Իտալիա, Վրաստան, Մոլդովա, Թուրքիա, Էստոնիա, Բուլղարիա, Նիգերիա, Բելառուս, Ֆրանսիա, Ռումինիա, Ղրիմ, Հնդկաստան և այլն։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ադապտացիա»-ն ռեժիսորի առաջին ֆիլմն է, կուրսային աշխատանքը, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան։ 21 րոպե տևողությամբ ֆիլմը Երևան քաղաքի դիմանկարն է, որը նկարահանվել է իմպրեսիոնիստական ժանրում։ Մոնտաժային այս ֆիլմը սև ու սպիտակ է։

Ֆիլմը Երևան քաղաքի իմպրեսիոնիստական դիմանկարն է, որտեղ արտացոլված է ժամանակի (2017 թվականի) պատկերը։ Այս ֆիլմի հերոսները ադապտանում են իրենց սեփական խնդիրներին, միապաղաղ կյանքին, սև ու սպիտակ քաղաքին, բարեգործական ճաշարանում տարածվող անհամ ճաշի բույրին ու արտագաղթին, քաղաքի տարբեր անկյունների ամենատարբեր ռիթմերին, անվերջ գնացող տրոլեյբուսին՝ երթևեկող միայնակ ծերերով ու մուրացկաններով։ Այս մարդկանց համախմբողը հավատն է առ Աստված։

«Այս քաղաքում գույները լավ չեն նայվում։ Այն սև ու սպիտակ է։ Նրա մթնոլորտը կինոյից է, կերպարները կինոյից են, շենքերն ու փողոցները կինոյից են․․․Տրամադրություններն այս քաղաքում հիշեցնում են 60-ականների կինոն։ Անգամ երիտասարդությունն ու նորաձևությունը դասական կինոյից են։ Այստեղ մարդիկ չեն շտապում։ Նայում են միմյանց՝ իրենց տեսնելով անցորդների մեջ։ Կարելի է անվերջ հետևել մարդկանց․․․Ամեն օր տեղի ունեցող առօրեական դրվագներում հոսում է մեր կյանքը։ Ամեն պահը մեր կյանքն է, մեր ժամանակը։ Մենք բազմաթիվ տեսարաններ ու դրվագներ ենք ապրում օրվա ընթացքում՝ ամեն պահ ադապտացվում ենք դրանց, և այդ գործընթացը մեզ ստիպում է չզգալ, թե ինչպես արագ է անցնում ժամանակը՝ ինչպես գործարաններում արտադրվող շշերը․․․

Երևանում ամեն քայլափոխի կարելի է տեսնել միայնակ ծերերի։ Նրանք միայն անվերջ գնացող տրոլեյբուսում չեն։ Այդ տրոլեյբուսն իհարկե ունի իր կանգառը՝ Բարեգործական Ճաշարան․․․ Հացի փշրանքներ ուտող կանայք․․․ դատարկ տարաներ բերող բազմաթիվ մարդիկ... Ինձ համար Երևանը միայն մի պողոտայով չի սահմանափակվում․․. Քաղաքը ծերերն են, որոնք անուշադրության են մատնված, քաղաքը գրողների ակումբն է, մեքենաներն ու շենքերն են, տիկնիկներն են, դատարկված մետրոն է և քաղաքում մնացած մի քանիսը․․․․»[2]:

Ճայը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան։ Այս ֆիլմը նույն ժանրում է արված, ինչ նախորդը։ Այն հիմնված է Անտոն Չեխովի նույնանուն պիեսից հայտնի մոնոլոգի վրա։ Ֆիլմը պատմում է մերօրյա Երկիր մոլորակին սպառնացող վտանգների մասին։ Միջուկային զենքի կիրառումը, գիտական ահռելի մեծ թռիչքները կարող են վերացնել մարդկությանը։

Ֆիլմում որպես դերակատար հանդես է գալիս հեղինակը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Երևանում, Մոսկվա կինոթատրոնում[3]։

Կինոգետները «Ադապտացիա» ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրևիզոյի «Էդերա» կինոփառատոնի կատալոգում Ռաֆաելե Լաձձարունին գրել է.

«Երևան քաղաքը՝ երկրի մայրաքաղաքը, հետազոտվում է իր բաղկացուցիչ տարբեր վայրերում՝ ճամփորդելով և շոշափելով այնտեղ ապրող բազմաթիվ անծանոթ մարդկանց, թափանցելով տարբեր աշխատանքային միջավայրեր, հետապնդելով ադապտացվող առօրյա կյանքի յուրաքանչյուր պահի վրա կենտրոնանալու ցանկությունը, հստակորեն դեպի այն տրամադրությունները, որոնք բնութագրում են մի ընդհանուր գոյություն։

Մաննեն դիտում է շուրջը և քննում «մի մարդու, մի օր, մի քաղաք, մի ռիթմ, անցյալի ու ապագայի մարդկանց՝ համադրելով տպավորիչ դրվագները սպիտակի ու սևի մեջ «հում» զգացողությամբ՝ մոնտաժելով դրանք մոլեգնությամբ և նախնական միտումնավոր աններդաշնակությամբ, և քանի որ խոսող լեզուն իսպառ բացակայում է, նախընտրում է մետրոյի հնչյուններն ուղեկցել Չեթ Բեյքըրի լավ երաժշտությամբ կամ Բիթլզի երգով, Սատիի սգերգով կամ Խաչատրյանի ֆոլկլորիկ մեղեդիով։ Արդյունքը հաճելի կերպով հիշեցնում է 20-30-ական թվականներին եվրոպական ավանգարդում կատարված կինեմատոգրաֆիկ փորձարարությունների որոշակի մի տեսակ»։

Իսկ ռուս կինոգետ Եվգենի Մայզելը «Իսկուսստվո կինո» հանդեսում այս տարվա «Ոսկե ծիրանի» մասին իր հանգամանալից հոդվածում գրել է.

«Նման զգացումներով՝ թարմության, երիտասարդության, մաքրության, ազատության, հավասարության և նույնիսկ մասամբ եղբայրության, ներծծված է Երևանի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի շրջանավարտ Մաննեի (նույն ինքը՝ Մանե Բաղդասարյան) «Ադապտացիան»։ Այս ֆիլմը մտել է «Ոսկե ծիրանի» ավանդական ծրագիր՝ «Հայկական համայնապատկեր» (համադրող՝ Արծվի Բախչինյան), որն ի մի է բերում նոր հայկական կինոն, վերջին երկու տարիների կինոարտադրությունը։ Մեր առջև իրական քաղաքային սիմֆոնիա է՝ քսան րոպե տևողությամբ սև-սպիտակ հիմն ժամանակակից Երևանին ու նրա բնակիչներին։

Ֆրանսիական լեգենդար ամսագրի գործընկերն «Ադապտացիան» սահմանել է որպես Վերտովի և Փելեշյանի միջև գտնվող մի երևույթ։ Այդ կոորդինատները կարելի է ընդունել՝ հաշվի առնելով, որ Մաննեի համար նույնպես սկզբունքորեն կարևոր է ռիթմը, սակայն պետք է ընդգծել, որ ի տարբերություն Վերտովի, Փելեշյանի և, ասենք, Վալտեր Ռութմանի («Բեռլին. մեծ քաղաքի սիմֆոնիա»)՝ Մաննեի հայացքը մոտիկ է և նուրբ իր կերպարների հանդեպ, ուստիև ավելի շատ հիշեցնում է Էժեն Դեսլավին (Եվգենի Սլաբչենկո) և նրա «Մոնպառնասը» (1929)։ Մեկ այլ հեռավոր, բայց ոչ ավելորդ վկայակոչում՝ Հարություն Խաչատրյանի «Կոնդը» (1987)՝ նվիրված վերակառուցման ժամանակվա Երևանի համանուն անբարեկարգ թաղամասին, որը ողջ խորհրդային տարիներին գրեթե անհաղորդ է մնացել սոցիալիստական արդիականացման գործընթացին։ Ինչպես և «Կոնդը», «Ադապտացիան» ներկայացնում է մեզ առտնին, անշուք Երևանը։ Քննադատական պաթոսն էկրանին հայտնվում է ենթագրերով՝ «ՄԱՐԴ», «ՕՐ», «ՔԱՂԱՔ», «ՌԻԹՄ», «ՃԱՇԱՐԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՂ ԱՆՀԱՄ ՃԱՇԻ ԲՈՒՅՐ», «ԱՐՏԱԳԱՂԹ, ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՐԴԻԿ», «ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»։ Այնուամենայնիվ, շուտով այս ահազանգող տագնապը տեղը զիջում է բազմազանության մեջ նրա նորմատիվ տարրալուծմանը։

Մաննեն քաջատեղյակ է վաթսունականների ոճի էֆեկտին՝ ծնված նրա սև-սպիտակ պատկերից, այդ պատճառով ուղեկցում է այն հստակ երաժշտական ռետրո-մեկնաբանություններով, որոնք պատկերի հետ մտնում են սրամիտ փոխկանչի մեջ. համաչափ դասական ջազ՝ դյուրասահ սոլոյով, վաթսունականների առաջին կեսի ռոքնռոլային, դեռևս շատ անմեղ «Բիթլզ», ապա դասագրքային «Էլիզեն»՝ կատարված քսիլոֆոնով, որը զուգորդվում է մանկության հետ։ Այդ ակնթարթորեն ճանաչելի և անվերջանալիորեն տնական, օրոր ասող երաժշտության ներքո մենք անշտապ ճոճվում ենք հին տրոլեյբուսում, որտեղ անմիջապես չենք ճանաչում ժամանակի մեքենան, ուսումնասիրում ենք նրա զանազան ուղևորներին։ Ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք փողոցում, արտադրության մեջ, վարսավիրանոցում, ճաշարանում, հանրային սննդի խոհանոցում, տեսնում ենք անգործների ու աշխատողների, բավարարվածների ու իրենց մտքերը թաքցնողների, անհոգների ու աղքատների, որպեսզի հետո նորից արթնանանք ծանոթ տրոլեյբուսում։

«Ադապտացիան» արմատական լինելու հավակնություն չունի. չնայած գորովանքի բացակայությանը և զգալի ուշադրությանը դեպի սոցիալական և գոյաբանական լուրջ խնդիրները (աղքատություն, անտնություն, ծերություն, մահ)՝ այնտեղ կարող է անգամ աչքի ընկնել հայտնի զիջողականությունը։ Այս գեղագիտական զիջողականությունն իր հերթին կարող է բացատրել պարգևների այն տարափը, որն «Ադապտացիան» հավաքում ու շարունակում է հավաքել ուսանողական կինոփառատոներում։ Նաև այն, որ կինոնկարն ընտրվել է մասնավորապես մի այնպիսի պահպանողական կինոֆորումի կողմից, ինչպիսին է «Ոսկե ասպետ» ուղղափառ կինոփառատոնը։ Այնուամենայնիվ, այս կարծես աներևակայելի իմպրեսիոնիստական ուրվանկարի ոչ պարտադիր լինելը թվացյալ է։ Այստեղ քմահաճույքը վայելչագրական ճշգրտություն է, որը ձգտում է գրավել Երևանի իրականությունը։ Խցիկի ցնցումը, դիտանկյունների փոփոխությունները, մոնտաժային սոսնձումները (որ ստիպում են հիշել 16 միլիմետրանոց ֆիլմերի լավագույն օրինակներն իրենց անկրկնելի աուրատիզմով) ջղաձիգ են ոչ թե հեղինակային քմահաճույքի պատճառով, այլ քանի որ դա է թելադրում ռիթմը, որն էկրանին ադապտացնում է քաղաքի և քաղաքային իրականության ոգին ու զգացումը՝ քաջ ծանոթ, բայց միևնույն ժամանակ հիանալի և անհասանելի»[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ․՝ Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակ

2018 թ․՝ Տարվա լավագույն ուսանող, պարգևատրում Հայաստանի Կրթության և գիտության նախարարի կողմից

2018 թ․՝ Լավագույն վավերագրական ֆիլմ, Յարոսլավլ, Ռուսաստան

2018 թ․՝ Ժյուրիի հատուկ մրցանակ, Ալանիա, Թուրքիա

2018 թ․՝ Լավագույն վավերագրական ֆիլմ, Ոսկե Ժան-Լյուկ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

2018 թ․՝ Հատուկ հիշատակում, Տրևիզո, Իտալիա

2017 թ․՝ Լավագույն մոնտաժ, Չինաստան, Սուցիան[5]

2017 թ․՝ Լավագույն վավերագրական ֆիլմ, Մոսկվա, Ռուսաստան[6]

2017 թ.՝ Լավագույն դեբյուտ, Մոսկվա, Ռուսաստան[7]

2017 թ․՝ Լավագույն հայկական ֆիլմ, Երևան, Հայաստան

2018 թ.՝ Լավագույն վավերագրական ֆիլմ, Պավլոդար, Ղազախստան[8]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադապտացիա, 2017
  • Ճայը, 2019
  • Շապիտո, 2020

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարպետը և Մարգարիտան (մոնոներկայացում, ռեժ.՝ Արարատ Գրիգորյան)
  • Ճայը (ֆիլմ, մարմնավորել է կին տիեզերագնացի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանե Բաղդասարյան - Պողոսյան մրցանակ
  2. ՄԱՄՈՒԼ.am (2017 թ․ օգոստոսի 24). «Ադապտացիա (ֆիլմ) Մանե». mamul.am. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  3. ««Հայաստանը, մեր տունն է»․ Դիպլոմային աշխատանքների հրավառություն». Kinoashkharh. 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  4. ««Золотой Абрикос» 2018. Мокрые дела». Искусство кино (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  5. LLC, Helix Consulting. «Հայ ռեժիսորը Երևանի մասին պատմող ֆիլմով հաղթել է չինական կինոփառատոնում - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  6. Երևանի սիմվոլները և ապրելակերպը ևս մեկ անգամ էկրան բարձրացան. «Ադապտացիա» ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում։
  7. «Лауреаты XIV Международного благотворительного кинофестиваля «Лучезарный Ангел»» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  8. «В Павлодаре прошел I Международный кинофестиваль «Ертіс Cinema»». brod.kz. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]