Jump to content

Մազեր (ուժեղացուցիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազեր (այլ կիրառումներ)
Մազերի նմուշը Վաշինգտոնի ամերիկյան պատմության թանգարանում

Մազեր (անգլերեն՝ Maser՝ «Microwave Amplification by Stimulated Emission of Radiation» - «միկրոալիքների ուժեղացում ստիպողական Ճառագայթման միջոցով» արտահայտության բառերի սկզբնատառերից), ռադիոհաճախականությունների տիրույթում ստիպողական առաքման սկզբունքով աշխատող կոհերենտ ճառագայթման աղբյուր կամ ուժեղացուցիչ։

Մազերում որպես բանող նյութ օգտագործվում են ատոմային և մոլեկուլային փնջեր կամ բյուրեղներ։ Ջրածնի կամ ցեզիումի ատոմների փնջով աշխատող Մազերի ստիպողական ճառագայթումը տեղի է ունենում գերնուրբ կառուցվածքի ենթամակարդակների միջև անցումների ժամանակ։ Ցեզիումի Մազերը հնարավորություն է տալիս հաճախականության կայունությունը հասցնել մինչև Δν/νΙΟ13։ Այդ Մազերի ճառագայթման ալիքի պարբերությունը 1967 թվականին ընդունվել է իբրև ժամանակի էտալոն։

Սուտակե Մազերի ստիպողական անցումները տեղի են ունենում Сг+++ իոնների՝ արտաքին մագնիսական դաշտի ազդեցությամբ ճեղքված ենթամակարդակների միջև։ Սուտակե Մազերը կարող է ուժեղացնել մի քանի սանտիմետր երկարության ալիքներ։ Տարածում է գտել նաև ամոնիակի (NH3) մոլեկուլներով աշխատող սարքը, որտեղ օգտագործվում է մոլեկուլի դիպոլային մոմենտի փոփոխությունը, երբ ազոտի ատոմն անցում է կատարում՝ հայտնվելով ջրածնի ատոմների հարթության մյուս կողմում։ Գերբարձր զգայնության շնորհիվ Մազերը անփոխարինելի գործիք է դարձել մոլորակային ռադիոլոկացիայի և ռադիոաստղագիտության բնագավառում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 132
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազեր (ուժեղացուցիչ)» հոդվածին։