Jump to content

Հնչեշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտովսկ (այլ կիրառումներ)
Քաղաք
Հնչեշտ
Hînceşti
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
ՄարզՀնչեշտ
ՔաղաքապետԱլեքսանդր Բոտնար
Առաջին հիշատակումօգոստոսի 17, 1522
Մակերես9,13 կմ²
Բնակչություն16,8 հազար մարդ (2010)
Ազգային կազմՄոլդովացիներ, ռուսներ, ռումինացիներ
Կրոնական կազմՈւղղափառություն
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+373 269 (միջազգային), 269 (ազգային)
Փոստային դասիչMD-3401
Ավտոմոբիլային կոդHN
Պաշտոնական կայքhincesti.md (մոլդովերեն)
Հնչեշտ (Մոլդովա)##
Հնչեշտ (Մոլդովա)

Հնչեշտ (մոլդ.՝ Hîncești, նախկինում՝ Կոտովսկ (1940-1990)), քաղաք Մոլդովայում, Քիշնևից 36 կմ հեռավորության վրա, Կոգիլնիկ գետի ափին։ Բնակչությունը 16, 8 հզ։

1790-ից Հնչեշտում եղել է հայկական գաղութ (մինչև 1930-ական թթ.)։ 1787-91-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքիայից, Բուլղարիայից ու Ռումինիայից բազմաթիվ հայեր գաղթել են (1790-ին) Մոլդովա և հաստատվել Հնչեշտում, Լահովիշտեա, Ստելնիչ և այլ գյուղաղական կալվածքներում, որոնք 1816-ին գնել էր Մանուկ Բեյ Միրզայանը։ Ծրագրելով Հնչեշտում կառուցել Ալեքսանդրապոլ քաղաքը, Մանուկ Բեյն աջակցել է գաղթականներին, խրախուսել գյուղատնտեսությունը, առևտուրն ու արհեստները, կառուցել զանազան շենքեր, հայերի և մոլդովացիների համար առանձին եկեղեցիներ (1816, փայտաշեն) ևն։ 1817-ին, Մանուկ Բեյի մահից հետո, գործը դանդաղել է, սակայն արդեն XIX դարի կեսին Հնչեշը դարձել է քաղաք և Բեսարաբիայի հայկական նշանակալի կենտրոն։ Հրավիրվել են հայ գործիչներ, որոնք խթանել են մշակութային կյանքը. բացվել է հայկական տարրական դպրոց (Մսեր Մսերյանի տանը), գրվել են գրական, պատմական երկեր, հավաքվել հայկական ձեռագրեր ևն։ Հայկական համայնքի գործերը վարել է հայկական թաղական խորհուրդը։ Աճել է հայ բնակչության թիվը։ Մանուկ Բեյի գործունեությունը շարունակել է որդին՝ Հովհաննես-Մուրադ Մանուկ Բեյ Միրզայանը (1816-93)։ Նրա կառույցներից ուշագրավ են որսորդական պալատը, Միրզայանների եռահարկ պալատը (1861, այժմ՝ շինարարական տեխնիկում), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1870-72, չի պահպանվել), որը, ըստ 1982-ի պեղումների, կառուցված է եղել նախկին փայտե միանավ եկեղեցու հիմքի վրա (ճարտարապետ իտալացի Ալեքսանդր Բեռնարդացի), հայկական միջնադարյան ճարտարապետության ոճով։ Ներքնահարկում գտնվել է Միրզայանների ընտանեկան դամբարանը։ Ենթադրվում է, որ եկեղեցու որմնանկարները կատարել է Հովհաննես Այվազովսկին իր աշակերտների հետ, իսկ դաստիարակի նկարը՝ Ս.Դ. Աբամելիքը։ Եկեղեցուց ոչ հեռու, դեպի հյուսիս-արևելքում դեռ 1960-ական թթ. վերջին կային հայկական գերեզմանոցի հետքեր՝ երկու սև մարմարե գերեզմանաքարեր (XIX-XX դդ.)։ XIX դարի վերջից Հնչեշտի հայերի թիվը նվազել է (այդ ժամանակ վերելք է ապրել Քիշնևի հայկական գաղութը)։ 1867-ին Հ-ում կար մոտ 430 հայ (4300 բնակչից), 1880-ին՝ 206, 1925-ին՝ 150, 1932-ին՝ 50։ Տարբեր ժամանակներում Հնչեշտում գործել են Բեսարաբիայի հայոց հոգևոր թեմի առաջնորդներ Գ. Զաքարյանը, Ներսես Աշտարակեցին, Գ. Այվազովսկին, մշակույթի գործիչներ Մ. Բժշկյանը, Հ. Ալամդարյանը և ուրիշներ։ Հնչեշտի հայկական գաղութի դիվանը, որը երկար ժամանակ եղել է Միրզայանների պալատում, այժմ պահվում է Բուխարեստ քաղաքի պատմության թանգարանում, իսկ Մանուկ Բեյի անձնական գրադարանի մի մասը 1902-ին ուղարկվել է Էջմիածին, մյուսը գնել է Բուխարեստի առևտրի և արդյունաբերության ակադեմիան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնչեշտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 640