Հենան, նահանգ Չինաստանում, Հուանհե և Հուայհե գետերի միջին և ստորին հոսանքների ավազանում։ Տարածությունը 160 հզ. կմ քառակուսի է է, բնակչությունը՝ 50,3 միլիոն (1975), վարչական կենտրոնը՝ Չժենգջոու։ Հենանի արևելյան մասը գտնվում է Չինական մեծ հարթավայրում, նահանգի արևմտյան մասի մեջ են մտնում Ցինլին և Տայխանշան լեռների ճյուղավորումները։ Գետային ցանցը խիտ է։ Հենանը Չինաստանի կարևոր հողագործական շրջաններից է։ Հիմնական պարենային կուլտուրաներն են ցորենը, եգիպտացորենը, գաոլյանը, ընդեղենը, բրինձը, պալարապտուղները։ Երկու տարում հավաքում են դաշտային կուլտուրաների 3 բերք։ Մշակում են նաև բամբակ, գետնընկուզ, ծխախոտ, քնջութ, թեյ։ Զբաղվում են այգեգործությամբ։ Համեմատաբար զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ծանր արդյունաբերության հիմնական ճյուղը ածխի արդյունաբերությունն է։ Կա մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական, ցեմենտի, թղթի արդյունաբերություն, արհեստագործական արտադրություն։ Հիմնական արդիական կենտրոններն են Չժենչժոուն, Լոյանը, Պինդինշանը, Սինսյանը, Անյանը և այլն։
Անվանումը կազմված է չինարենհե ― «գետ» և նան ― «հարավ» բառերից, այսինքն նշանակում է «գետից հարավ»․ նկատի է առնվում Հուանհե գետը, որի միջին և ստորին հոսանքի ավազանում գտնվում է նահանգը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 352)։