Հելեն Այլոն
Հելեն Այլոն անգլ.՝ Helène Aylon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1931[1] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 6, 2020[2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրուքլինի քոլեջ |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Կայք | heleneaylon.com |
Helene Aylon Վիքիպահեստում |
Հելեն Այլոն (անգլ.՝ Helène Aylon, փետրվարի 4, 1931[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 6, 2020[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), մուլտիմեդիայի ամերիկացի նկարչուհի, էկոֆեմինիստ[3][4]։ Նրա ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երեք շրջափուլի՝ «ընթացքային արվեստ» (1970-ական թվականներ), «հակամիջուկային արվեստ» (1980-ական թվականներ) և «G-d ծրագիր» (1990-2000-ական թվականներ). վերջինս հրեական Աստվածաշնչի և այլ ավանդույթների ֆեմինիստական մեկնաբանությունն է։ 2012 թվականին Այլոնը հրատարակել է «Ներսում գտնվող ամեն ինչ պետք է ազատություն ստանա. Իմ հրեական ուղղափառ օրիորդությունը, իմ կյանքը՝ որպես ֆեմինիստ նկարիչ» գիրքը[4]։ Նա մահացել է 2019-2020 թվականներին տարածված COVID-19 համավարակի ժամանակ` COVID-19-ի հարուցած բարդությունների պատճառով։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլոնը ծնվել է 1931 թվականին Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ Այնտեղ նա հրեական դաստիարակություն է ստացել, հմտորեն տիրապետել է եբրայերենին[5]։ Ուսանել է Շուլամիթի օրիորդաց դպրոցում և Միդրաշայի ավագ դպրոցում։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին նշանվել է տիրացուական ուսանող Մանդել Ֆիշի հետ։ 1949 թվականին նրանք ամուսնացել են[6][7]։ Ամուսնությունից անմիջապես հետո Այլոնը տեղափոխվել է Մոնրեալ, որտեղ նրա ամուսինը ռաբբի էր աշխատում։ Երկու տարի անց նրանք ունեցել են որդի՝ Նատանիել Ֆիշը, ապա վերադարձել Բրուքլին, որտեղ էլ ծնվել է նրանց դուստրը՝ Ռենի Էմունահը։ 1956 թվականին Մանդել Ֆիշին քաղցկեղ են ախտորոշել, ինչն էլ հինգ տարի անց խլել է նրա կյանքը[3][4][5]։
Ամուսնու մահից առաջ Այլոնն ընդունվել է Բրուքլինի գեղարվեստի քոլեջ, որտեղ աշակերտել է Ադամ Ռեյնհարդտին։ Քոլեջն ավարտելուց հետո նրան հանձնարարվել է որմնանկար ստեղծել Բրուքլինի Բեդֆորդ Սթայվեսանտ շրջանի երիտասարդության զբաղվածության կենտրոնի համար։ Թերթի հոդվածի համար լուսանկարվելիս նա ասել է, որ իր անունը Հելեն Այլոն է. ազգանունը իրականում նրա անվան եբրայերեն տարբերակն է[3][5]։ Հետագայում Այլոնը դասավանդել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում և Օքլենդի Կալիֆոռնիայի արվեստների և արհեստների քոլեջում[8]։
Այլոնի առաջին նշանավոր աշխատանքը` «Rauch (Spirit, Wind, Breath)» (1965), եղել է 16 ֆուտանոց որմնանկար, որն ստեղծվել է Քենեդիի միջազգային օդանավակայանում ներկայումս գոյություն չունեցող սինագոգի գրադարանի համար. որմնանկարում նա փորձել է հուդայականությունը պատկերել կանանց աչքերով[9]։
Ընթացքային արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականներին Այլոնը Կալիֆոռնիայում կատարել է ընթացքային արվեստի իր առաջին հետազոտությունը։ 1974–1977 թվականներին նա ստեղծել է «Ժամանակի ընթացքում փոփոխվող նկարներ» (անգլ.՝ Paintings That Change) շարքը, որը ներառում էր «Tar Pouring», «Drifting Boundaries», «Receding Beige» և «Oval on Left Edge» աշխատանքները։ Բոլոր գործերը յուղաներկով էին, ինչը հետագայում դրանց տեսքի փոփոխման պատճառ է դարձել[4]։ 1978 թվականին սկսել է աշխատել «The Breakings» շարքի վրա, որի համար կտավատի յուղ է լցրել ստուդիայի հատակին և սպասել, որ այն հաստ շերտ կազմի։ Այնուհետև թեքել է վահանակը, որպեսզի ձգողականության ուժի ազդեցությամբ յուղը ձևավորի մակերևույթի տակ գտնվող տոպրակ, որը հետագայում կոտրել է։ Արդյունքում աշխատանքը բոլորովին այլ տեսք է ստացել[10]։ Այլոնն այս աշխատանքը նկարագրել է որպես «շատ խոնավ, ընթացքային արվեստի օրգազմային աշխատանք»[4]։ 1970-1972 թվականներին Այլոնի աշխատանքները ցուցադրվել են Մաքս Հաթչինսոնի պատկերասրահում՝ Սոհոյում, իսկ 1975-1979 թվականներին նրա «ժամանակի ընթացքում փոփոխվող» նկարները ցուցադրվել են Բեթթի Փարսոնսի, Սյուզան Քոլդուելի պատկերասրահներում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և Օքլենդի թանգարանում[4]։
Հակամիջուկային և էկոֆեմինիստական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ական թվականներին Այլոնն էկոֆեմինիստ էր[4]։ Այս շրջանում նա ստեղծել է հակամիջուկային և էկոակտիվիստական աշխատանքներ, որոնցից է «Երկիր մոլորակի շտապ օգնությունը» (անգլ.՝ Earth Ambulance)[11]:
Այս աշխատանքում պատկերված է շտապ օգնության մեքենա, որը խորհրդանշում է մոլորակը` միջուկային պատերազմից պաշտպանելու փորձը։ Շտապ օգնության մեքենան պատկերելու համար Այլոնը ցեխ է հավաքել Միացյալ Նահանգների ռազմավարական օդային հրամանատարության, ուրանի հանքերի և միջուկային ռեակտորների բազաներից։ Նա այդ ցեխը լցրել է բարձի երեսների մեջ և օգտագործել 1982 թվականի հունիսի 12-ին ներկայացման մեջ` ՄԱԿ-ի միջուկային զինաթափման երկրորդ հատուկ նստաշրջանի ժամանակ։
1992 թվականին Սառը պատերազմի ավարտը նշելու համար նա սերմերով լի շտապօգնության մեքենան տեղադրել է Բրուքլինի կամուրջի խարիսխում, որն այլընտրանքային տարածք էր Նյու Յորքում։ Նախկին ծրագրերի բարձի երեսները կախել է սարքավորման շրջակայքում[4]։ Իր ավելի ուշ շրջանի «Bridge of Knots» աշխատանքում Այլոնն ստեղծել է տրիկոտաժային բարձերեսների շղթաներ՝ միջուկային պատերազմի մասին տողերով. այդ բարձերը պատրաստվել են Նոքսվիլի արվեստի թանգարանում (1993 թվական), Բերքլիի արվեստի թանգարանում (1995 թվական) և Ամերիկյան համալսարանի թանգարանում (2006 թվական)[9][12]։
1985 թվականին Այլոնը մեկնել է Ճապոնիա՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումների 40-րդ տարելիցը նշելու համար։ Սերմերի, հացահատիկի, պատիճների և բամբուկի լողացող պարկերը գետով ուղարկվել են դեպի այդ երկու քաղաքները[8][13]։ 1995 թվականին այդ իրադարձությունը պատկերող տեսահոլովակը ցուցադրվել է «Sony Jumbotron»-ում՝ Թայմս Սքվերում։
«G-d» ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլոնը 1961 թվականին՝ ամուսնու մահից հետո, զարգացրել է բարեփոխված հուդայականության տեսությունը, որը մերժել է Մովսեսի հինգ գրքերի (անգլ.՝ the Five Books of Moses) հայրիշխանական գաղափարները[14]։ 1990-ական թվականներին Այլոնն սկսել է ինը մասից կազմված «G-d» ծրագիրը, որը տևել է երկու տասնամյակ։ Ծրագրի առաջին աշխատանքը՝ «G-d-ի ազատագրումը» (անգլ.՝ The Liberation of G-d), ներառել է Մովսեսի հինգ անգլերեն և եբրայերեն գրքերը՝ թավշյա կազմով։ Յուրաքանչյուր էջ ծածկված է կիսաթափանցիկ մագաղաթով։ Մագաղաթները թերթելու ձայնը ձայնագրվել է և օգտագործվել ցուցադրության ժամանակ[15]։
Այլոնը Թորայից 54 մեջբերում տեղադրել է ապակե դարակաշարերի վրա՝ Մովսեսի հինգ գրքերին կից, և վարդագույնով ընդգծել այն արտահայտությունները, որոնք ըստ նրա հայրապետական վերաբերմունք են արտահայտում[5]։ Առանձնացրել է նաև կեղծ կերպով Աստծուն վերագրված այն բառերը և արտահայտությունները, որոնք վրեժխնդրության, խաբեության, դաժանության և չարամտության զգացողություն էին առաջացնում[8][16]։
Աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է 1996 թվականի մարտին՝ Համմեր թանգարանում։ Այլոնն այս ցուցադրությանը հրավիրել է տարածաշրջանի ռաբիներին՝ իր աշխատանքը քննարկելու[17]։
1997 թվականին ավարտել է ծրագրի երկրորդ աշխատանքը՝ «Կանանց բաժինը» (անգլ.՝ The Women's Section), որը նվիրված է այն կանանց, որոնց հեռացած ամուսինները նրանց չեն տալիս կրոնական ամուսնալուծություն, ինչը նրանց համար անհնար է դարձնում երկրորդ անգամ ամուսնանալը։ Ներառված են Թորայի տեքստերը, որոնք խոսում են կանանց «անմաքրությունից» և «կուսությունից»։
1998 թվականին Այլոնն ստեղծել է երրորդ աշխատանքը՝ «Իմ հուշատետրերը» (անգլ.՝ My Notebooks), որը կազմված էր 54 դատարկ, 8,5 × 11 չափի հուշատետրերից, որոնք կազմում են սյունակների մի խումբ։ Փակ հուշատետրերը իրենց մուգ ծածկոցներով սև սյուներ են ստեղծում, բաց հուշատետրերը ձևավորում են սպիտակ սյուներ։ Հուշատետրերի միջոցով երևում է հրեական օրիորդաց դպրոցում Այլոնի նկարների թափանցիկությունը[18]։ Այլոնան ասել է. «Աշխատանքը նվիրված է տիկին Ռաշիին և տիկին Մայմոնիդին, անկասկած, նրանք ասելու բան կունենան»։
Այս աշխատանքն ուղղված էր կանանց կրթության խնդրի բարձրաձայնմանը[17]։ Այն նաև վկայակոչել է Այլոնի օրիորդաց դպրոցի ուսուցչուհիներին, որոնք կարող էին դասավանդել միայն արական սեռի ռաբիների աշխատանքների մեկնությունները[12][19]։
1999 թվականին Այլոնն ստեղծել է շարքի չորրորդ աշխատանքը՝ «Էպիլոգը. Մենակ մայրիկիս հետ»։ Նկարում պատկերված է յոթ ոտնաչափ երկարությամբ տաղավար, որի առջև՝ հատուկ հարմարանքի վրա, դրված է երկու Աստվածաշունչ[20]։ Աստվածաշնչերի վերջին գլուխների օրհնություններն ընդգծված են[20]։ Աշխատանքի տեղադրման ժամանակ միացվել է նաև Այլոնի և նրա մոր խոսակցության ձայնագրությունը։ Այս աշխատանքը նվիրված էր Այլոնի մորը[20]։
1999 թվականին Այլոնն ստեղծել է ծրագրի հինգերորդ աշխատանքը՝ «Իմ ամուսնական պալատը. Իմ ամուսնական պայմանագիրը» (անգլ.՝ My Bridal Chamber: My Marriage Contract): Նկարում պատկերված է սպիտակ սավանով ծածկված մի պարզ մահճակալ, որն Այլոնը պատրաստել է թաշկինակներից և հարսանեկան հովանոցից։ Դրա շուրջը չորս սյուներ են` լուսանկարներով, որտեղ Այլոնն է՝ իր հարսանեկան զգեստով։ Հետևում գրված են Ղևտականից մեջբերումներ՝ կանանց «պիղծ» լինելու վերաբերյալ։ Այս աշխատանքը կանանց ամուսնական և կրոնական սահմանափակումների մասին է։
2000-2001 թվականներին Այլոնն ստեղծել է ծրագրի վեցերորդ աշխատանքը՝ «Իմ հարսանեկան պալատը. Իմ ամուսնական մահճակալը/Իմ անպիղծ օրերը»[21][22]։
Այս աշխատանքում Այլոնը սպիտակ սավանի վրա նկարներով ներկայացրել է դաշտանային ցիկլը[23]։
2002 թվականին Այլոնն ավարտել է շարքի յոթերորդ աշխատանքը` «The Partition Is in Place, But the Service Can't Begin»[22][24]: Այս աշխատանքում կա ցիցիտից պատրաստված պատ և Լացի պատի մեծ լուսապատճեններից[24]։ Ստեղծագործությունն ուղղափառ սինագոգում և Լացի պատի մեջ տղամարդ և կին աստվածապաշտների միջև խտրականության մասին է։ Ինչպես նշել է Այլոնը. «Այն նյութը, որը ես հարմար էի գտնում տղամարդ և կին աստվածապաշտների միջև խտրականությունը ներկայացնելու համար, պատրաստված է կրոնական տղամարդկանց հագած ծիսական աղբից։ Բայց եթե լինեին ինը տղամարդ և հազար կին աստվածապաշտներ, ծառայությունը չէր կարող սկսվել, քանի որ ծառայությունը պահանջում է տասը տղամարդու ներկայություն»[10]։
1980 և 2005 թվականներին Այլոնն ստեղծել է շարքի ութերորդ աշխատանքը՝ «Ըմբիշները» (անգլ.՝ Wrestlers)[22]: Նկարում ներկայացված է Այլոնը՝ լանդշաֆտային լուսանկարների ֆոնին իր նախատատերին փնտրելիս[4][25]։ 2005 թվականին նա պատկերին մի շերտ էլ է ավելացրել՝ կենտրոնանալով մի նախատատի վրա, որին կոչել է Հաշեմշելա, ինչը եբրայերեն նշանակում է «նրա անունը»[26]։ Այս աշխատանքն Այլոնը նվիրել է Անա Մենդիետային[4]։
2007 թվականին Այլոնն ավարտել է «G-d» ծրագրի իններորդ և վերջին աշխատանքը՝ «All Rise» երևակայական ֆեմինիստական դատարանը, որտեղ կանայք, որոնց արգելված էր մասնակցել հրեական «Beit Din» դատարանի աշխատանքներին, այժմ կարող են դատել[4][27]։ Այս աշխատանքում եռաստիճան փայտե հարթակի վրա կա երեք աթոռ, որոնցից կախված են ցիցիտներ` կողքից ամրացված վարդագույն երկու դրոշով, որոնց վրա գրված է՝ «Մենք G-d-ին ենք հավատում»[28]։ Հայցվորների նստարանը ուղղված է «Beit Din»-ին[28]։ Այլոնն ասել է. «Ես խնդրում եմ երեք տղամարդուց բաղկացած ավանդական «Beit Din»-ին իրենց շարքերում որպես դատավոր ընդունել նաև կնոջ։ Ես կարծում եմ, որ իմ աշխատանքը Երկրի, Աստծո և կանանց փրկությունն է. բոլորը խրվել են պատրիարքական նշումների մեջ[28]»:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլոնը մահացել է 2020 թվականի ապրիլի 6-ին՝ COVID-19-ի հարուցած բարդություններից[29][30]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլոնի աշխատանքները պահվում են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում և Հրեական թանգարանում։ Նա դրամաշնորհներ է ստացել «National Endowment for the Arts», «Pollock-Krasner Foundation», «New York State Council for the Arts» և «New York Foundation for the Arts» կազմակերպություններից։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին արժանացել է «Women's Caucus for Art Lifetime Achievement» մրցանակին[31]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.artnews.com/art-news/news/helene-aylon-dead-coronavirus-1202683365/
- ↑ 3,0 3,1 3,2 Debra Nussbaum Cohen, "The Liberation of Helène Aylon," Forward (13 July 2012).
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Helène Aylon, Whatever Is Contained Must Be Released: My Jewish Orthodox Girlhood, My Life as a Feminist Artist (New York: Feminist Press, 2012).
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Gloria Feman Orenstein, "Torah Study, Feminism and Spiritual Quest in the Work of Five American Jewish Women Artists," Nashim: A Journal of Jewish Women's Studies & Gender Issues 14 (Fall 2007): 97–130.
- ↑ "Helène Aylon, Bucking the Bridal Bridle," Washington Post, 30 December 2001.
- ↑ Dinitia Smith, "Artist Challenges Ancient Marital Rituals"," Chicago Tribune (25 July 2001).
- ↑ 8,0 8,1 8,2 Leslie Katz, "Pen in Hand, Artist Highlights Disturbing Torah Verses," Jewish Bulletin of Northern California (6 September 1996).
- ↑ 9,0 9,1 Alison Gass, "The Art and Spirituality of Helène Aylon," Bridges 8 (Spring 200): 12–18.
- ↑ 10,0 10,1 Barbara Cavaliere, "Helène Aylon," Arts Magazine (May 1979): 29–30.
- ↑ Michael Wise, "Double Yentls, Chanel Kippahs and P.C. Torahs: The Times are Changing the Jewish Museum," Forward (1 July 1994).
- ↑ 12,0 12,1 Roberta Smith, "When the Medium Doesn't Agree With the Message," New York Times (28 August 1992).
- ↑ Benjamin Genocchio, "Magic Ambulance Seeks End to Warfare," New York Times (15 January 2006).
- ↑ Rolando Matalon and Helène Aylon, "A Conversation between Artist Helène Aylon and Rabbi Rolando Matalon," Bridges 8 (Spring 2000): 19–24.
- ↑ Ilana Stanger, "Liberating God: Artist Helène Aylon Edits Genesis with Her Pink Magic Marker," Lilith (31 October 1996).
- ↑ Max Halpern, "Five Artists—Five Faiths: Spirituality in Contemporary Art: Aukland Art Museum," Art Paper 29, no. 1 (January/February 2005):42.
- ↑ 17,0 17,1 Christopher Knight, "Too Jewish? Good Query," LA Times (4 February 1997).
- ↑ Ruth Ost, "About the Cover: Helène Aylon's My 54 Notebooks," Cross Currents 48, no. 2 (Summer 1998): 248.
- ↑ Grace Glueck, "Creative Souls who Keep the Faith or Challenge its Influence," New York Times(21 April 2000).
- ↑ 20,0 20,1 20,2 Matthew Baigell (2006). American Artists, Jewish Images. Syracuse University Press. էջեր 181–. ISBN 978-0-8156-3067-8.
- ↑ «Feminist Art Topics: Marriage/Weddings». Ktpress.co.uk. 2005 թ․ մարտի 30. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 «HelèneAylon.com - The G-D Project». Heleneaylon.com. 2011 թ․ հունիսի 30. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Jewish Women's Archive - Sculpture». Sculpture705.rssing.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 24,0 24,1 Matthew Baigell (2006). American Artists, Jewish Images. Syracuse University Press. էջեր 182–. ISBN 978-0-8156-3067-8.
- ↑ 12/18/2012 7:26 pm EST (2012 թ․ դեկտեմբերի 18). «Redeeming Eve: Female Orthodox Jewish Artists Come Out (PHOTOS) | Sarah Lehat». Huffingtonpost.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Wrestlers». HeleneAylon.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Ignacio Villarreal. «Exhibition of Contemporary Art and Design for Jewish Life Opens». Artdaily.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 Goldreich, Gloria. «The Arts: Timeless and Fresh Rituals». Hadassah Magazine. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Alex Greenberger. «Helène Aylon, Eco-Feminist Artist Who Pondered Change, Is Dead at 89 of Coronavirus-Related Causes». Artdaily.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Cohen, Debra Nussbaum. «Feminist Jewish artist Helene Aylon dies of coronavirus at 89». Times of Israel. JTA. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Karin, Luner (2016). Women's Caucus for Art: Honor Awards for Lifetime Achievement in Visual Arts 2016. http://www.nationalwca.org/LTAcat-pics/LTA/LTA2016.pdf: Women's Caucus for Art. էջեր 10–13. ISBN 978-1-939637-12-3.
{{cite book}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ location (link)|location=
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- National Museum of American Jewish History - Helene Aylon
- Helene Aylon at the University Art Museum - Berkeley, California Արխիվացված 2008-05-01 Wayback Machine
- Jewish Women and the Feminist Revolution Jewish Women's Archive արխիվից
- Earth Ambulance at the Hudson Valley Center for Contemporary Art
- Helene Aylon at Art at the Katzen
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Այլոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 2020 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կանայք
- COVID-19-ից մահացածներ
- Ամերիկացի կին արվեստագետներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հրեա կին արվեստագետներ
- Ֆեմինիստ արվեստագետներ