Կոտորի պաշտպանական կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտորի պաշտպանական կառույցներ
Նկարագրություն
Տեսակֆորտիֆիկացիա
Վարչական միավորԿոտոր
Երկիր Չեռնոգորիա
Համալիրի մասԿոտորի բնական և մշակութա-պատմական շրջան և 16-17-րդ դարերի վենետիկյան ամրություններ
Քարտեզ
Քարտեզ
 Kotor city wall Վիքիպահեստում
Կոտորի պաշտպանական կառույցներ
Fortified city of Kotor*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Չեռնոգորիա
Տիպ
Չափանիշներ (iii)(iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2017  (41 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Հին Կոտորի համայնապատկերը քաղաքի պատերից
Ծովային դարպաս՝ հին քաղաքի գլխավոր մուտքը

Կոտորի պաշտպանական կառույցներ (սերբ.՝ Которска тврђава, իտալ.՝ Fortificazioni di Cattaro), համարվում է ինտեգրված պատմական ամրաշինական կառույցների համակարգ, որը պաշտպանել է միջնադարյան Կոտոր քաղաքը (այդ ժամանակ կոչվել է «Cattaro la veneziana»), որի կազմում ընդգրկված են քաղաքի պարիսպները, աշտարակները, միջնաբերդները, դարպասները, բաստիոնները, ամրոցները, ցիստեռնները, դղյակները և այլ օժանդակ շինություններ ու կառույցներ։ Համակարգում հիմնականում ընդգրկված են Վենետիկի, ինչպես նաև Իլիրիայի, Բյուզանդիայի և Ավստրիայի ռազմական ճարտարապետության կառույցներ։ Հին քաղաքը նրա բնական շրջակայքի ամրությունների հետ միասին ներառվել են 1979 թվականի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան անվանումով և համարվում է Չեռնոգորիայում միակ մշակութային նշանակություն ունեցող նման տարածքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես լեռան գագաթն ամրացված է եղել դեռևս իլիրական ժամանակներում։ 6-րդ դարում Հուստինիանոս I կայսրը վերակառուցել է ամրոցը։ Բյուզանդացիների նահանջից հետո, չնայած բազմաթիվ ասպատակություններին, ձեռք է բերվել հարաբերական անկախություն, բայց դա որոշակի ազդեցություն չի ունեցել ամրությունների վրա։ Դրանք փոխվել են, երբ 1420 թվականին այն ժամանակ անկախ Կատարոյի Հանրապետությունը (նեոլատինական դալմատական քաղաք-պետություններից մեկը) ենթարկվել է վենետիկյան տիրապետությանը։

Վենետիկյան Ալբանիայի կազմում ամրությունները ժամանակակից կառուցվածք են ստացել։ Այդ ընթացքում եղան երկու հաջող օսմանյան պաշարումներ, որոնց հաջորդել են օկուպացիաները՝ 1538–1571 և 1657–1699 թվականներին։ 1797 թվականին Կամպո Ֆորմիոյի պայմանագրով ամրությունները անցել են Հաբսբուրգների միապետությանը։ 1805 թվականին Կոտորը (այն ժամանակ կոչվել է Կատարո) հանձնվել է Ֆրանսիական կայսրության հաճախորդ-պետությանը՝ Իտալիայի Նապոլեոնյան թագավորությանը Պրեսբուրգի պայմանագրով, բայց այն գրավվել է ռուսական զորքերի կողմից Դմիտրի Սենյավինի օրոք, մինչև որ նրանք դուրս են եկել 1807 թվականին Տիլզիտի պայմանագրից հետո։ Երեք տարի անց դրանք ընդգրկվեցին Ֆրանսիական կայսրության Իլիրական նահանգներում։ Քաղաքի ամրությունները հարձակման ենթարկվեցին բրիտանական նավատորմի կապիտան Ուիլյամ Հոսթի կողմից՝ HMS Bacchante նավով (38 հրանոթ)։ «Ոչ ռազմական եղանակով» նա իր նավի թնդանոթը բարձրացրել է ամրոցի վերևի դիրքերը, օգտագործելով նավի ճախարակներն ու պարանասարքերը, և սկսեց գնդակոծել։ Տասնօրյա պաշարումից հետո ֆրանսիական կայազորն այլ ելք չուներ և 1814 թվականի հունվարի 5-ին նրանք հանձնվել են[1]։

Վիեննայի վեհաժողովից հետո Կոտորը վերադարձվել է Ավստրիական կայսրությանը։ Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից հետո ավստրիացիները հեռացել են, և ամրոցն այլևս բնակեցված չի եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կոտորը գրավվել է Առանցքի ուժերի կողմից և մտել Դալմաթիայի նահանգապետության մեջ։ Գերմանական զորքերը գրավել են քաղաքը 1943 թվականի սեպտեմբերին, այն ազատագրվել է 1944 թվականի նոյեմբերի 21-ին, այդ ամսաթիվը նշված է Ծովային դարպասի վերևում։

Քաղաքի ամրությունները վնասվել են 1563, 1667 թվականներին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից, իսկ ամենավերջին երկրաշարժը տեղի է ունեցել 1979 թվականի ապրիլի 15-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտոր քաղաքի միջնադարյան հատվածը գտնվում է եռանկյունաձև հողատարածքի վրա, որը ամենամեծ չափով սահմանակից է Կոտորի ծովածոցին հարավ-արևմտյան կողմից, Սկուրդա գետով հյուսիսից, իսկ արևելքից Սուրբ Հովհաննես լեռան (Սան Ջովանի) կողմից։ Քաղաքի պարիսպները պաշտպանում են քաղաքը հյուսիսային և հարավ-արևմտյան կողմերից՝ ծովի կողմից։ Պարիսպները ամրացված են ամրոցներով, որոնցից առավել նշանավոր են Կամպանա աշտարակը և միջնաբերդը (13-14-րդ դարեր) այն գտնվում է այնտեղ, որտեղ գետը թափվում է ծոցը։ Դրա կողքին գտնվում է 1555 թվականի Ծովային դարպասը (նաև՝ Գլխավոր դարպաս), որն ապահովում է մուտքը ծոցից, մյուս երկու դարպասները 1540 թվականի Գետային դարպասներն են (նաև՝ Հյուսիսային դարպաս) մոտակա 1540 թվականի Բեմբո ամրոցի հետ և Գուրդյան դարպասը (նաև՝ Հարավային դարպաս), վերջինս բազմիցս ձևափոխվել և ամրացվել է Գուրդյան ամրոցի կողմից սկսած 1470 թվականից։ Բեմբո ամրոցը վերափոխվել է բացօթյա թատրոնի։ Կան ևս երկու դարպասներ, մեկը պարսպապատված էր Ծովային դարպասից հարավ, մյուսը՝ Սպիլյարյան դարպասը, բլրի լանջին Ցետինեի հին ճանապարհի քաղաքային պարիսպների ուղղությամբ։ Բեմբոյի և Գուրդի ամրոցների պարիսպները բարձրանում են դեպի Սուրբ Հովհաննես լեռան գագաթը, որոնք ամրացնում են քաղաքը։ Քաղաքային պարիսպները տարբեր տեղերում ունեն դիրքեր, որոնց ներսում կա հաղորդակցության ցանց, ինչպես նաև լրացուցիչ շինություններ, այդ թվում՝ 1518 թվականի Աստվածամոր Առողջության եկեղեցին։ Լեռան գագաթին 280 մետր բարձրության վրա գտնվում է Սան Ջովանի ամրոցը, որը բարձրանում է արևելյան ծոցի, ամրությունների համակարգի և քաղաքի վրա։ Ամրոցի բլուրից այն կողմ բնակեցված լեռնային գյուղերը բարձրանում են մինչև Լովչեն։ Արտաքին պատի շրջագիծը 4,5 կմ է, հաստությունը՝ 2-ից մինչև 16 մ, բարձրությունը՝ մինչև 20 մ։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի երկրաշարժը վնասել է Կոտորի շենքերի զգալի մասը, այդ թվում՝ ամրությունները։ Հնավայրը նույն տարում ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև վտանգի տակ գտնվող Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Վերջինը ցանկից հանվել է ավելի ուշ՝ 2003 թվականին, սակայն վերանորոգման մեծ մասը կատարվել է հին քաղաքում։ Ամրությունները Համաշխարհային ժառանգության օբյեկտի ամենակարևոր մասն են և չնայած դրանք պարունակում են տարբեր դարաշրջանների տարրեր, սակայն վենետիկցիներն են կառուցել ներկայիս կառույցների զգալի մասը։ Հուշարձանը պաշտպանական վենետիկյան ռազմական ճարտարապետության կարևորագույն նմուշներից է[2]։ 2001 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը կոչ է արել վերակառուցել ամրոցը[3]։ Եվրոպական հանձնաժողովը շահագրգռված է եղել ամրացման աշխատանքների կատարմամբ ոչ միայն նրա մշակութային նշանակության պատճառով, այլ նաև պահպանելու և զարգացնելու այն որպես զբոսաշրջության ռեսուրս և տեղական տնտեսության կարևոր մաս։ Սպասարկման բացակայությունը, էրոզիան, երկրաշարժերը և բուսականությունը նպաստել են դրա մշտական քայքայմանը։ Առաջարկվել է վերականգնել բլրի և քաղաքի պարիսպները, վերանորոգել աշտարակները և դիտակետերը, հետիոտնային արահետներն ու շինությունները՝ ամրաշինական համալիրը վերականգնելու և դրա տնտեսական ներուժն օգտագործելու համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Phillips' Ships of the Old Navy. «Bacchante (38)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին. «On 1 January 1814 two additional batteries of 18 and 32-pounders began to play on the castle.»
  2. Preliminary Technical Assessment of the European Commission/Council of Europe Joint Programme on the Integrated Rehabilitation Project Plan/Survey on the Architectural and Archeological Heritage. «Fortifications of Kotor, Kotor, Montenegro (Serbia and Montenegro), 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. ICOMOS. «Yugoslavia». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]