Կարմիր բադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր բադ
Կարմիր բադ (արու)
Կարմիր բադ (արու)
Կարմիր բադ (էգ)
Կարմիր բադ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ցեղ Tadorna
Տեսակ Կարմիր բադ (T. ferruginea)
Միջազգային անվանում
Tadorna ferruginea
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմիր բադ (լատին․՝ Tadoma ferruginea), բադերի ընտանիքի ջրլող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 61-62 սմ է, թևերի բացվածքը՝ 121-145 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,6 կգ։ Մարմինը դարչնագույն-շիկակարմիր է, գլուխը՝ ավելի բաց գույնի, բազկաթևը՝ սպիտակ, թափահարող փետուրները, ոտքերը, կտուցը՝ սև[1]։ Բնադրման շրջանում արուի վզին սև օձիք է ի հայտ գալիս։ Էգի գլուխը ավելի բաց գույնի է, օձիքը բացակայում է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային բույսերով, դաշտավլուկազգիների ընձյուղներով, անողնաշարավորներով, խխունջներով։ Հաճախ կերակրվում է ծանծաղուտ ափերի երկայնքով, թռչելիս հնչեղ ձայն է արձակում։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է հիմնականում լեռնային լճերում ու հարակից դաշտերում։ Բույնը ոչ խորը փորվածք է՝ աղվեսների լքված բներում կամ ժայռախորշերում։ Ավազոտ թմբերում, փուխր բնահողում բների խորությունը 1-2 (երբեմն՝ 6-12) մ է։ Բներն զբաղեցնում են ապրիլին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի սկզբին։ Դնում է 67 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Նորելուկ ձագերը լճերում հայտնվում են հունիսի առաջին տասնօրյակից հուլիս, թռիչքի են դիմում հուլիսից օգոստոսի վերջը։ Ներկայումս ամբողջ աշխարհում Կարմիր բադի բոլոր համակեցություններում թվաքանակի կտրուկ և անարգել անկումը սպառնալիքի տակ է դնում տեսակի գոյությունը։ Հայաստանում այն կրճատվել է ավելի քան 10 անգամ, հատկապես՝ Սևանա լճի ավազանում, որովհետև լճի մակարդակի նվազման հետևանքով բները լճափերից բավական հեռու են մնացել[2]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բադի հաջողությամբ բազմանում է անազատ պայմաններում՝ կենդանաբանական այգիներում, տներում, լճափերի համապատասխան տեղանքներում տեղադրված արհեստական թռչնատներում։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Տարբեր տարիներին բնադրող զույգերի թվաքանակը կազմում է 250-1000 զույգ, ձմռանը՝ 1000-2500 առանձնյակներ։ Թվաքանակն ավելանում է չուի շրջաններում։ Վերջին տարիներին ինչպես բնադրման, այնպես էլ չուի ու ձմեռման շրջաններում դիտվում է թվաքանակի նվազում։

Սևանա լճի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը։ Բացասականորեն է ազդում ձմռանը Սևանա լճի սառցապատումը։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում Արփի լճում բնադրման շրջանում ձկնորսությունը և որսագողությունը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բադ կարժենա դրոշմանիշների». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. Բադեր,սագեր,կարապներ, տեսակներ
  3. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր բադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր բադ» հոդվածին։