Կարգիլ (հինդի՝ कारगील, հնչյունական՝ kərɡɪl, լադախ․՝ཀརགིལ
), քաղաք ՀնդկաստանիԼադախ նահանգի Կարգիլ շրջանի կենտրոնում։ Լադախում մեծությամբ երկրորդ քաղաքն է Լեխից հետո[1]։ Գտնվում է Դրասից 60, իսկ Սրինագարից՝ 204 կմ հեռավորության վրա, Լեխից 234 կմ դեպի արևմուտք և 1047 կմ հյուսիս՝ մայրաքաղաք Դելիից։
2011 թվականի մարդահամարի տվյալներով[2]՝ քաղաքում ապրում է 16338 մարդ, որոնց 61,7 %-ը՝ տղամարդիկ և 38,3 %-ը՝ կանայք։ Գրագետ է բնակչության 75,5 %-ը, որը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից (63 %)։ Տղամարդկանց շրջանում գրագիտությունը 85 % է, իսկ կանանց շրջանում՝ 59 %։ Քաղաքի բնակչության կազմում 9,6 %-ը մինչև 6 տարեկան երեխաներն են։
Բնակչությունը ներկայացնում է դարդերի և տիբեթցիների խառնուրդից ծագած էթնոսները։ Բնակչությունը հավատարիմ է եղել Տիբեթական բուդդայականությանը ընդհուպ մինչև XIV-XV դարեր, երբ այստեղ հաստատվեց իսլամը։ Այսօր բնակչության 90 %-ը շիա են, 5 %-ը՝ սունի և 5 %-ը՝ տիբեթական բուդդայականներ։ Հին տները կառուցված են իրանական և տիբեթական ճարտարապետական ոճերի համատեղ ոճով, իսկ մզկիթները՝ ժամանակակից արաբա-իրանական ոճով։
Osada et al. (2000). Mapping the Tibetan World. Yukiyasu Osada, Gavin Allwright, and Atsushi Kanamaru. Reprint: 2004. Kotan Publishing, Tokyo. ISBN 0-9701716-0-9.