Jump to content

Կանտաբրիայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Վիխաներա փառատոնը Սիլիոյում

Կանտաբրիայի մշակույթ, Իսպանիայի Կանտաբրիա ինքնավար համայնքի (մինչև 1981 թվականը` Սանտանդեր գավառ) մշակույթ։ Կանտաբրիան գտնվում է Բիսկայան ծոցի և Կանտաբրիայի լեռների միջև։ Նրա աշխարհագրական ինքնատիպ դիրքը Կանտաբրիան բաժանում է լեռնային Լա Մոնտանյա (La Montaña), ափամերձ Լա Մարինա (La Marina) և նրանցից լեռներով առանձնացած Կամպոո Լոս Վալիես (Campoo y los valles del sur) հատվածների, ինչն ինքնավար համայնքի հարուստ պատմության հետ պայմանավորել է շրջանի մշակույթի ինքնատիպությունը, որը, գերազանցապես լինելով կաստիլական, ձեռք է բերել տվյալ երկրամասին բնորոշ հատկանիշներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես պասիեգո ազգագրական խմբի մշակույթը, ուշ պալեոլիթի քարանձավային ժայռապատկերները Ալտամիրա քարանձավում, Չուֆինում, Սովիլիեում, մոսարաբների ճարտարապետական հետաքրքիր հուշարձանը Լեբենիեում։ Ճարտարապետական շատ համալիրներ և բնակավայրեր համարվում են երկրի մշակութային ժառանգություն, իսկ Ալտամիրա քարանձավը` ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Ազգագրություն և հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Սոպլաո քարանձավ

Կանտաբրիայի տարածքը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր նախապատմական քարանձավներով, որոնցում պահպանվել են պալեոլիթի դարաշրջանի ժայռապատկերներ. դրանք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս։ Քարանձավներից ամնահայտնին Ալտամիրան է, որ գտնվում է Սանտանդերից 30 կմ արևմուտք։ 2012 թվականին Կանտաբրիայի կառավարության կրթության, մշակույթի ու սպորտի նախարարությունը վիրտուալ հատուկ ուղևորություն է կազմակերպել յոթ քարանձավներով` Էլ Պենդո, Չուֆին, Էլ Կաստիլիո, Լաս Մոնեդաս, Կովալանաս և Կուլավեա, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ ու հետազոտողներ գրավեն[1]։

Կովալանաս և Կուլավերա քարանձավները հնագիտական մեկ ամբողջական շրջան են կազմում, որի մեջ մտնում են Էլ Ասա, Կոնվանեգրա-Սոտարիսա, Լա Լուս, Արկո A, Արկո B, Արկո C, ԼաՊոնդրա, Էլ Մորո դել Օրիդիլիո և այլ քարանձավներ[2]։

Կանտաբրների քարակերտ կոթողը Բարոսում

Բացի նախապատմական շրջանի հնագիտական հուշարձաններից` Կանտաբրիայում կան հռոմեական և վաղ միջնադարի ժամանակաշրջանի` մշակութային նշանակության բազմաթիվ օբյեկտներ։ Երկրամասի հնագույն բնակիչները` կանտաբրները, քարե մեծ կոթողներ են թողել։ Դրանք հայտնաբերվել են Բարոսում, Լոս Կորալեսե դե Բուելնեում, ինչպես նաև Լուրիեսոյում, Սուրիտեում և Էսպինե դել Կալիեգոյում[3][4]։ Քարակերտ ամենահայտնի կոթողը Բարոսի կոթողն է (Estela de Barros 1), որը հաճախ անվանում են Կույսի անիվ կամ Սուրբ Կատալինայի անիվ։ Այն թվագրվում է մ. թ. 3-րդ դարին։ 1946 թվականին կոթողը տեղափոխել են Սանտանդերի` Նախնադարյան կենցաղի ու հնագիտության թանգարան, սակայն մեկ տարի անց Բարոսի բնակիչների խնդրանքով ստիպված են եղել այն վերադարձնել տեղի բնակիչներին, որտեղ էլ 2001 թվականին այն տեղադրվել է Դե լաս Էստելաս դե Կանտաբրիա զբոսայգու բաց տարածությունում[5][6]։

Հռոմեական Յուլիոբրիգ քաղաքի ավերակներ

Չնայած այն բանին, որ հռոմեացիները Կանտաբրիայի տարածքում խոշոր քաղաքներ չեն հիմնել, նրանց ժամանակներից հասել են ավերակներ Յուլիոբրիգից, որը նախկինում եղել է շրջանի մայրաքաղաքը, և Ֆլավիոբրիգից[7]։ Գտնվել են նաև հռոմեական Լա Պոբլասիոն (Էլ Սինչո) ճամբարի մնացորդներ[8]։ Իսպանական ժամանակակից շատ քաղաքներ և գյուղեր տեղակայված են հռոմեական հին բնակավայրերի տեղում։

Հնագիտական հետաքրքրություն են ներկայացնում վաղ միջնադարի հուշարձանները։ Դրանցից է, օրինակ, ուշ հռոմեական բնակավայր Սանտա Մարիա դե Իտոն իր դամբարանով։ Բնակավայրը թվագրվում է մ. թ. 3-րդ դարին և ամենայն հավանականությամբ գոյություն է ունեցել մինչև 5-րդ դարը, իսկ դամբարանի հուղարկավորությունները վերաբերում են 7-9-րդ դարերին[9]։

Կանտաբրիայում հռոմեացիների բնակվելու հետ միաժամանակ սկսում են հայտնվել գրավոր առաջին աղբյուրները, որոնք ներկայացնում են երկրամասի բնակչության նյութական ու հոգևոր մշակույթը։ Այսպես, հույն պատմիչ Ստրաբոնը, նկարագրելով կանտաբրներին, գրել է.

Լեռների բոլոր բնակիչները վարում են պարզ կենցաղ, խմում են ջուր, քնում գետնին և կանանց նման երկարացնում մազերը, որոնք թափվում են խիտ հյուսքերով, սակայն կռվի գնալիս մազերը հավաքում են ճակատի շուրջ։ Նրանք հիմնականում ուտում են այծի միս և Արեսին այծ են զոհաբերում։ Ամուսնությունը կատարվում է հույների պես։ Հիվանդներին նրանք հանում են փողոց (ինչպես եղել է եգիպտացիների հին սովորույթներում), որպեսզի խորհուրդ ստանան նրանցից, ովքեր արդեն տարել են նման հիվանդություն։ Այսպիսին են լեռների բնակիչների սովորույթները, նկատի ունեմ նրանց, ովքեր հարում են Իբերիայի հյուսիսային կողմին, մասնավորապես կալաիկներին, աստուրացիներին և կոնտաբրներին մինչև վասկոնների շրջան և Պրենեյներ, քանի որ նրանք բոլորը վարում են համանման կյանք։
- Ստրաբոն, Աշխարհագրություն, III 4,7
Կասա Մոնտանիեսա

Հռոմեացիների իշխանության տապալումից հետո արդեն ռոմանացված բնակչությունը անկախություն է ձեռք բերել, չնայած տարածքի մի մասը նվաճել են վեստգոթերը, որոնք այնտեղ հիմնել են Կանտաբրիայի հերցոգությունը։ Արդյունքում նահանգի տարածքում հաստատվել են հարավից եկած բազմաթիվ փախստականներ, որոնք փախել էին մուսուլման արաբներից։ Այդպես աստիճանաբար սկսվել է ժամանակակից ինքնավար համայնքի ձևավորումը։

Բնակիչների ավանդական կացարանը կասա մոնտանիեսան է (երբեմն անվանում են Մոնտանիայի տուն`Լա Մոնտանիա շրջանի անունից)[10]։ Սովորաբար դա եղել է երկհարկանի կառույց` երկթեք տանիքով, որոնցից մեկը շեշտակի իջնում էր ճակատամասի հարավին։ Տան կարևոր դետալ էր կորտաֆուեգոսը (Cortafuegos)` պատերը, որոնք ուղղահայաց հատում էին շենքի ճակատամասը և ստեղծում որմնախորշ, որտեղ երկրորդ հարկում գտնվել են պատշգամբներ։ Պատշգամբների տակ առաջացած բաց սյունաշարը պահվում էր կամարներով և կոչվում էր սոպորտալ[10]։ Կամպոո Լոս Վալիեսի շրջանում հանդիպում են խառը տիպի տներ` ինչպես մոնտանիեսա, այնպես էլ կաստիլական։

Շատ ինքնատիպ են պասիեգա լեռնականների (Cabaña pasiega) կացարանները, որոնք կարելի է տեսնել Ասոն հովտից մինչև Պաս հովիտ։ Դրանք երկհարկանի շինություններ են, որտեղ առաջին հարկը նախատեսված էր տնային անասունների և տնտեսական կարիքների համար, իսկ վերին հարկը բնակելի էր։ Քանի որ ամեն շինության համար մուտքն առանձին էր, բնակելի հատված տանում էր քարե աստիճանը (շինությունը նույնպես քարից էր)։

Ինչպես պատմական Աստուրիա նահանգում, այնպես էլ Կանտաբրիայում, եղել է հատուկ ամբար` օրեո (Hórreo cántabro), որը փայտե ոչ մեծ կառույց էր` հենված գերանների վրա, որոնց վրա կրծողներից պաշտպանվելու նպատակով դրված էր հարթ քար (նրանք սահում էին քարից և ընկնում ներքև)[11]։

Կանտաբրիայի ազգագրական թանգարան

Գյուղական աշխատանքների համար բնակիչները օգտվել են գյուղատնտեսական տարբեր գործիքներից` եղան, թի, մանգաղ (el dalle), բահ։ Հարկ է նշել, որ հնձի համար կիրառվել են հատուկ հարմարանքներ` պատրաստված խոշոր եղջերավոր անասունների կոտոշներից, որոնց մեջ սրաքար է դրվել։ Շատ գործիքներ գեղեցիկ զարդարվել են` վերածվելով դեկորատիվ առարկաների[12]։

Կանտաբրիայի բնակիչները, ինչպես և հյուսիսային Իսպանիայի այլ բնակիչներ, ավելի լավ են պահել հոգևոր մշակույթի ավանդական տարրերը։ Մինչև 20-րդ դարի սկզբները պահպանվել է կանանց` եղերեգերի ու լացի սովորույթը թաղումների ժամանակ։ Երբեմն այդ նպատակով վարձել են հատուկ ողբասաց կանանց (planideras): Երիտասարդները մարտի սկզբին` տեղի սուրբ պատրոնի օրը տոնելու ժամանակ, ծիսական երգեր են կատարել։ Երաժշտագետ Վարելա Սիլվարին նշել է պատանեկան ինքնատիպ գոչյունների` իխուխուի մասին` ենթադրելով, որ վերջիններս կարող էին առաջանալ կելտերի կամ կանտաբրների համանման ռազմական կանչերից։ Կանտաբրիայում շարունակել են կատարել ութաբարդ ռոմանսներ և խմբային կանսիոնես[13]։

Կանտաբրիայի բարբառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտաբրիայի համար պատմական մեծ նշանակություն է ներկայացնում տեղի ռոմանական բարբառը` կանտաբրուն (cántabru) կամ մոնտանիեսը (montañés), որը համարվում է աստուրլեոնական և կաստիլական լեզուների անցումային տարբերակ։ Այն ունի հիմնական երկու բարբառ` արևմտյան (Occidental) և արևելյան (Oriental), ինչպես նաև նրանց անցումային խոսվածքներ[14]։

Ի տարբերություն այլ լեզուների և իսպանական բարբառների` կանտաբրերենը պաշտոնական որևէ կարգավիճակ չունի և մնում է «ոչ ճիշտ (հասարան ժողովրդական) կաստիլերեն»։ Գրականության մեջ հիմնականում գործածվել է կերպարների առօրյա-խոսակցական ոճի փոխանցման համար։ 2009 թվականին այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կարմիր գրքում որպես լրջորեն վտանգված, անհետացող լեզու (seriously endangered)[15][16]:

Դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույս Մարիամ դե լա Բիեն Ապարեսիդա

Քրիստոնեությունը Կանտաբրիայի տարածքում ավելի դանդաղ է տարածվել, քան Արևմտյան Եվրոպայի և Հարավային Իսպանիայի շատ շրջաններում։ Այսպես, 4-րդ դարում Հյուսիսային Իսպանիայի բնակիչները դեռևս մնում էին հեթանոս, ինչին նպաստում էր հռոմեական խոշոր բնակավայրերի, հետևաբար նոր կրոնի տարածման խոշոր կենտրոնների բացակայությունը շրջանում[17]։

Վեստգոթերի շրջանում (VI—VII դարեր) քրիստոնեությունը տարածվել է Կամպոոյի և Լիեբանայի շրջակայքի ճգնավոր հոգևորականների գործունեության շնորհիվ, որոնցից մնացել են լեռներում կառուցված տնակներն ու եկեղեցիները, ինչպես նաև առաջին վանքերը, օրինակ` Սանտո Տորիբիո դե Լիեբանան, որտեղ մինչև օրս պահվում է խաչը, որի վրա, ըստ ավանդության, խաչվել է Հիսուսը։ Այս շրջանում կաթոլիկական ավանդույթները կապված են Իսպանիայի հովանավոր սուրբ Եմիլիան Կուկուլատի (երկար տարիներ թափառել է Սիերա դե լա Դեմանդայի լեռներում), Տորիբիա Լիեբենացու և Տորիբիա Աստորգցու անունների հետ[17]։

8-րդ դարում քրիստոնեությունը վերջնականապես հաստատվել է Կանտաբրիայի տարածքում։ Դրանում կարևոր դեր են խաղացել Պիրենեյան թերակղզում արաբների նվաճումները, երբ Հյուսիսային Իսպանիան դարձել է միակ անկախ տարածքը, որտեղ իսպանացի ազնվականները և հոգևորականները հիմնել են Աստուրիայի թագավորությունը։

1750 թվականին Կանտաբրիայի տարածքում ձևավորվել է Սանտանդերի եպիսկոպոսությունը, որի հովանավորն էր համարվում կույս Մարիա դե լա Բիեն Ապարեսիդան (Virgen de la Bien Aparecida), որի կերպարը, ըստ ավանդության, 1605 թվականին հայտնաբերել են հովիվների երեխաները` Սան Մարկոս ճգնարանի պատուհաններից մեկում նկատելով պայծառ, տարօրինակ լույս, որ լուսավորում էր Մարիամի և նորածնի` փոքր, 21 սմ-անոց բարձրությամբ քանդակը։ Ներկայումս տաճարը, որում հայտնաբերվել է սուրբը, համարվում է Կանտաբրիայի մշակութային ժառանգության կարևոր օբյեկտ[18]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի Արոյուելոսում

Կանտաբրիայի ճարտարապետությունը բազմաթիվ հարյուրամակների ընթացքում ստեղծված կառույցների յուրահատուկ համալիր է, որ ներկայացնում է ճարտարապետական տարբեր ոճեր ու կոմպոզիցիաներ։ Այսպես` երկրամասի հնագույն բնակիչներից` կանտաբրներից ու կելտերից, պահպանվել են քաղաքների, մենհիրների բազմաթիվ մնացորդներ, որոնք թվագրվում են երկաթե դարին, օրինակ` Լա Գարմա քաղաքը, որի տարածքը զբաղեցնում է 2 հա, Պենյա Մատիլիան և այլն։ Հռոմեացիներից մնացել են նրանց կողմից հիմնադրված ոչ շատ քաղաքներից մնացորդներ և ենթակառուցվածքներ, օրինակ` Էլ Չորիլիո հին ջրատարը Կաստրո Ուրդիալեսում տեղակայված է հռոմեական Ֆլավիոբրիգ գաղութի տեղում[19]։

Վաղ միջնադարի դարաշրջանում Հյուսիսային Իսպանիայի ճարտարապետության վրա ահռելի հետո են թոել մոսարաբները` իսպանական քրիստոնյաները, որոնք բնակություն են հաստատել երկրի հյուսիսում` արաբներից վերանվաճած շրջաններում։ Այս շրջանը Կանտաբրիայում ներկայացված է քարանձավային եկեղեցիներով և ճգնավորների խցերով, որոնք միանավ կառույցներ են` հաճախ պայտաձև կամարով և աբսիդով (օրինակ` Արոյուելոսե եկեղեցին)։ Բացի դրանցից` մոսարաբական ճարտարապետությունը ներկայացված է այնպիսի եկեղեցիներով, ինչպիսիք են Սանտա Մարիա դե Լեբենիան, Սան Ռոման դե Մորոսոն[20]։

11-12-րդ դարերում որոշ շրջաններում և մինչև 14-րդ դարը ճարտարապետության մեջ գերիշխում էր ռոմանական ոճը` իր տակառանման գերաններով և խոյակներով։ Այս ժամանակաշրջանի ճարտարապետության վառ օրինակ են Սանտա Խուլիանա եկեղեցին Սանտիլյանա դել Մարում և Սանտա Կրուս եկեղեցին Կաստանիեդայում[21]։

12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին Կանտաբրիայում հայտնվում են գոթական ոճով շինություններ։ Այս ոճով են կառուցվել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Սանտանդերի տաճարը, Սուրբ Մարիամի եկեղեցին Լարեդոյում[22]։

16-րդ դարի ճարտարապետությունը կապված է իսպանացի նշանավոր ճարտարապետ Խուան դե Էռերայի հետ (1530-1597), ով մշակել էր ինքնատիպ ոճ, որ հաճախ կոչվում է «էռերեսկո»[23]։ 16-րդ դարի վերջին սկսում են հայտնվել բարոկկո ոճի կառույցներ, օրինակ` Սան Ռաֆայելը Սանտանդերում[24]։

19-20-րդ դարերի` Կանտաբրիայի մշակույթն առանձնանում է ոճերի բազմազանությամբ` սկսած էկլեկտիկ ոճից մինչև մոդեռն և նեոկլասիցիզմ[25]։ Աչքի են ընկնում Անտոնիո Սաբալետի (Լոս Արկոս դ Բոտին, Սանտա Լուսիա եկեղեցի, Մերկադո դել Էստե շուկա), Խուլիո Մարտինես Սապատայի (Կասա Կոնսիստորիալ) և իհարկե, Անտոնիո Գաուդիի (Էլ Կապրիչո) կառույցները։

Դժվար է պատկերացնել Սանտանդերի և Կանտաբրիայի այլ շրջանների կերպարանքը` առանց ճարտարապետներ Խավիեր Գոնսալես Ռիանչոյի (Ֆուենտես Պիլա առանձնատուն, Լա Մագդալենայի արքայական պալատ) և Գոնսալո Բրիխասա Վեգայի (Ծովային ակումբի շենք Սանտանդերում) նախագծած կառույցների։

Եկեղեցի Սանտիլյանա դել Մարում Սուրբ կույս Մարիամի եկեղեցին Կաստրո Ուրդիալեսում Մերկադո դե Էսպերանսո եկեղեցին Սանտանդերում (1904) Ծովային ակումբի շենքը Սանտանդերում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտաբրիայի տարածքից մեզ հասած գրական հնագույն ստեղծագործություններից է անհայտ քահանայի ձեռագիր մատյանը (Libro de miseria de omne), որ հայտնաբերվել է Վալդերիդիբլեի եկեղեցու ավերակներում և թվագրվում է 14-րդ դարին։ Այն Իննոկենտիոս III Հռոմի պապի` «Քամահրանք աշխարհի նկատմամբ» (De contemptu mundi) աշխատության թարգմանությունն ու մեկնաբանությունն է[26][27]։

15-17-րդ դարերում Կանտաբրիան տվել է շատ գրողներ, բանաստեղծներ, դրամատուրգներ։ Մինչ օրս հրատարակվում են Ռոդրիգո դե Ռեյնոսի (Pliego XIV, Cancionero de Nuestra Señora, Coplas a los negros y negras, La Celestina և այլն), Անտոնիո Ռուիս դե Սանտիլիանի (Romance nuevamente compuesto) և այլոց գործերը[28][29]։ Պատմական բանաստեղծությունը ներկայացված է այնպիսի բանաստեղծների գործերով, ինչպիսիք են Գոնսալո դե Արեդոնդո ի Ալվերադոն, Խուան դե Կաստանիեդա Սալինասը, Ֆրանսիսկո դե Սոտոն և Դոմինգո Պերեսը[30]։

Կանտաբրիական գրականության զարգացման համար մեծ նշանակություն ունեն Մարսելինո Մենեդես ի Պելայոյի և Խոսե Մարիա դե Պերեդայի ստեղծագործությունները («Սոտիլեսա», «Լեռնային բարձունքներում», «Հողի համը» և այլն)[31]։

20-րդ դարի 30-ական թվականներին ստեղծված Մենեդես ի Պելայոյի անվան համալսարանը Սանտանդերում ամեն տարի ամռանն անցկացնում է իսպաներենի և իսպանական գրականության կուրսեր, ինչպես նաև շնորհում է Մենեդես ի Պելայոյի մրցանակ գրականության ու գրականագիտության ոլորտում ձեռքբերումների համար։

Գրքերի հին ու հազվագյուտ շատ հրատարակություններ, այդ թվում Libro de miseria de omne ձեռագրերի բնօրինակները գտնվում են Կանտաբրիայի կենտրոնական գրադարանում և ունեն Երկրի մշակութային հետաքրքրության կարգավիճակ։

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ընդհանուր իսպանական տոներից (օրինակէ Սուրբ ծննդյան տոներ, Սուրբ շաբաթ, Արքաների տոն)` Կանտաբրիայում նշվում են կրոնական ու աշխարհիկ տարբեր ծեսեր, կազմակերպվում են փառատոներ, որոնք ներկայացնում են երկրի ազգային զբոսաշրջիկային (Fiestas de Interés Turístico Nacional) կամ շրջանային (Fiesta de Interés Turístico Regional) հետաքրքրություն[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cuevas Prehistóricas de Cantabria». cuevas.culturadecantabria.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Cantabria abre al mundo sus cuevas rupestres gracias a Internet» (իսպաներեն). educantabria.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Estelas de Los Corrales de Buelna» (իսպաներեն). lasalle.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «El municipio de Cabezón de Liébana» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Parque de las Estelas de Cantabria» (իսպաներեն). cantabriarural.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «La Estela de Barros pasa desapercibida al cumplir 25 años como símbolo de Cantabria» (իսպաներեն). eldiariomontanes.es. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Julióbriga» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Campamento romano del Cincho» (իսպաներեն). turismodecantabria.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. «Dos anillos con inscripción procedentesde la necrópolis de Santa María de Hito(Cantabria)» (իսպաներեն). academia.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. 10,0 10,1 Типы сельского жилища в странах зарубежной Европы / С.А. Токарев. — М.: Наука, 1968. — С. 290-292.
  11. «Antigüas edificaciones en el Alto Esla» (իսպաներեն). altoesla.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Museo Etnográfico de Cantabria» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. Этнография зарубежной Европы ч.2 // Народы мира. Этнографические очерки / С.А. Токарев. — М.: Наука, 1965. — С. 420-486.
  14. «Dialectos del cántabro» (իսպաներեն). depriendi.wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  15. «L'Argayu denuncia que el Día de las Letras de Cantabria "nace cojo y sordo"» (իսպաներեն). depriendi.wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. «El cántabro aparece de nuevo como lengua en peligro en el Atlas de la UNESCO» (իսպաներեն). esclave.wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. 17,0 17,1 «Cristianismo en Cantabria» (իսպաներեն). laredcantabra.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  18. «Santuario de la Bien Aparecida» (իսպաներեն). canales.eldiariomontanes.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  19. «El singular acueducto romano de El Chorrillo» (իսպաներեն). angul0scuro.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  20. «Arte mozárabe» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  21. «Románico» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  22. «Gótico» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  23. «Renacimiento» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. «Barroco» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  25. «El Arte Contemporáneo. El Modernismo» (իսպաներեն). cantabriajoven.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  26. «La Cultura de Cantabria. Hotico» (իսպաներեն). fundego.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  27. «Libro de miseria de omne» (իսպաներեն). lapalabraolvidada.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  28. «Rodrigo de Reinosa. Un poeta del pueblo» (իսպաներեն). personales.mundivia.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  29. «Ruiz de Santillana, Antonio» (իսպաներեն). escritorescantabros.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  30. «Renacimiento» (իսպաներեն). fundego.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  31. «Literatura realista» (իսպաներեն). fundego.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  32. «Fiestas en Cantabria» (իսպաներեն). fiestascantabria.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]