ԿԷՑ աստղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿԷՑ աստղը
ՀեղինակԱլեքսանդր Բելյաև
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1936
ՀրատարակիչVokrug sveta?
Հրատարակման տարեթիվ1936

ԿԷՑ աստղը, խորհրդային գրող Ալեքսանդր Բելյաևի հեղինակած ֆանտաստիկ վեպ, որը գրվել և հրատարակվել է 1936 թվականին։ Վեպն առաջին անգամ տպագրվել է «Вокруг света» ամսագրում։ Սա տիեզերական հետազոտության մասին խորհրդային գիտաֆանտաստիկայի առաջին գործերից է։ Վեպը նվիրված է Կոնստանտին Էդուարդովիչ Ցիոլկովսկուն, որի անվան սկզբնատառերը դարձել են ուղեծրային տիեզերակայանի անվանումը։ Հայերեն թարգմանվել և լույս է տեսել 2020 թվականին «Դարակ» հրատարակչության կողմից[1]։

Վերնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԷՑ նշանակում է Կոնստանտին Էդուարդովիչ Ցիոլկովսկի, գրողը այս գիրքը նվիրել է գիտնականին։ Այն նկարագրում է ճանապարհորդությունը դեպի տիեզերք։ Հասարակությունը, որը ստեղծել է ԿԷՑ աստղը և հրթիռները, առաջնորդվել է Ցիոլկովսկու հետազոտություններով։ Վեպում կա նաև ճանապարհորդություն դեպի լուսին, որի մյուս կողմը փլուզվում և գոլորշիանում է, և ինչպես պարզվում է, լուսնի վրա կյանք կա՝ կանաչ բույսերի տեսքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935-1938 թվականներին Բելյաևն ընտանիքի հետ ապրում էր Լենինգրադում։ Հիվանդության զարգացման պատճառով գրողը գործնականում վեր չէր կենում անկողնուց։ 1936 թվականին նա բուժման նպատակով մեկնել է Եվպատորիա։ Լինելով այս վիճակում՝ նա գրել է տիեզերքի մասին. «Ցատկ դեպի ոչինչ» վեպի հետ միասին «ԿԵՑ աստղը» դարձավ տիեզերական հետազոտության մասին խորհրդային գիտաֆանտաստիկայի առաջին գործերից մեկը (երկուսն էլ նվիրված են Ցիոլկովսկուն)։

«ԿԵՑ աստղը» վեպը հանրահռչակում է Կ. Ե. Ցիոլկովսկու գաղափարները, որի երկրպագուն Բելյաևն էր։ Առաջին անգամ տպագրվել է Вокруг света ամսագրում (1936, թիվ 2–11)։ Հետաքրքիր է, որ վեպի վերնագիրը գրվում է «ԿԵՑ աստղը», նկատի ունենալով, որ դրանք Ցիոլկովսկու անվան սկզբնատառերն են, իսկ Բելյաևը ոչ միայն գրել է ԿԵՑ, այլև հոլովել է այդ հապավումը․ «Դու կարծես թե հաջողությամբ հասունացել ես Կեցեում...» (այսպես էին խոսում հերոսները, որոնք հարմարության համար կարող էին հոլովել իրենց կայանի անունը)։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կենսաբան Լեոնիդ Արտեմևը, որի անունից պատմվում է պատմությունը, ուներ հմայիչ հարևան Անտոնինա Իվանովնա անունով, որին նա սիրալիրորեն անվանում էր Տոնյա։ Տոնյան նույնպես գիտնական էր, և հետաքրքրված էր Լեոնիդով։

Մի օր Լեոնիդը հնարավորություն ունեցավ այցելելու Տոնյային և ավելի լավ ճանաչելու նրան, երբ Լեոնիդի ռադիոն խափանվեց։ Անտոնինան ուղղեց այն, մի քանի օր անց Լեոնիդը միտումնավոր փչացրեց ռադիոն ու երկրորդ անգամ գնաց տիկնոջը այցի։ Անտոնինան անսարքությունն ուսումնասիրելուց հետո հրաժարվեց վերանորոգել այն։ Կարճ ժամանակ անց Լեոնիդն ինքը նրան ասաց, որ ռադիոն աշխատում է։ Այդ ժամանակվանից սկսվեցին նրանց շփումն ու համատեղ զբոսանքները Լենինգրադում։

Երբ Լեոնիդը միայնակ զբոսնում էր, հանդիպեց մի սև մորուքավոր տղամարդու։ Անցորդը հարցրեց, թե Լեոնիդը ճանաչում է Տոնյային և խնդրեց փոխանցել նրան Պալեայի մասին, ինչպես նաև Պամիր և ԿԷՑ բառերը։ Լսելով դա՝ Տոնյան անմիջապես որոշում է ինչ-որ տեղ գնալ և Լեոնիդին հրավիրում է գնալ իր հետ։ Որոշ մտորումներից հետո Լեոնիդը համաձայնվում է, և նրանք հրթիռով մեկնում են Պամիր։ Այնտեղ Լեոնիդն ու Անտոնինան իմանում են սև մորուքավորի ազգանունը՝ Եվգենիև, և որ նա գնացել է ԿԷՑ աստղի մոտ։

Անտոնինան բացատրում է Լեոնիդին, որ ինքն ու Պալեյը գիտական ​​աշխատանք էին կատարում էլեկտրատեխնիկայի ոլորտում, Պալեյը պահել է բոլոր գրառումները և անսպասելի հեռացել՝ իրեն ոչինչ չթողնելով։ Առանց այս նշումների, նա չի կարողանա ավարտել աշխատանքը, և, հետևաբար, ցանկանում է գտնել Պալեյին։

Պամիրում նրա համար նոր բաներ են բացահայտվում։ Իմանում է, որ այստեղից հրթիռները թռչում են տիեզերք և վերադառնում։ Շուտով հերոսները գնում են տիեզերք՝ ԿԷՑ աստղ, որը Երկրի երկրորդ արհեստական ​​արբանյակն է, որի վրա մարդիկ ապրում և հետազոտում են տիեզերքը։ Արբանյակը, հրթիռները և շատ այլ իրեր պատրաստվել են Ցիոլկովսկու նախագծով, և հենց այդ պատճառով են նրանք կրում այդպիսի անվանում՝ գիտնականի անվան սկզբնատառերը։

ԿԷՑ աստղից Արտեմևը և մի քանի այլ մարդիկ գնում են Լուսին, որտեղ զարմանալի բացահայտումներ են անում։ Նրանք թռչում են հրթիռային մեքենայով արբանյակի հետևի մասով և հայտնաբերում հսկայական ճեղք։ Այստեղից նրանք եզրակացնում են, որ Լուսինը ճաքում է ու մեռնում, ինչի արդյունքում մի քանի հարյուր տարի հետո Լուսնի փոխարեն Երկիրը կունենա Սատուրնի օղակների նման օղակ։

Արտեմևը կյանքի նշաններ է գտնում Լուսնի մակերեսին։ Սրանք կանաչ բույսեր են (սողացող մամուռներ), որոնք կպչում են քարերին և վերցնում նրանց էներգիան։ Նա նաև տեսնում է քարի նման մի արարած, որը գրքում այնքան էլ մանրամասն նկարագրված չէ։ Լուսնի վրա Լեոնիդը գտնում է գիտությանը անհայտ կենդանիների և բույսերի գերեզմանատուն։ Արշավախումբը գտել է նաև բազմաթիվ թանկարժեք քարեր։

Վերադարձից հետո Արտեմևը աշխատանքի է անցնում կենդանիների լաբորատորիայում, որտեղ ընկերություն է անում Ջիփսի թռչող շան հետ։ Երկրորդ արբանյակի վրա գիտնականները փոխակերպված արևային էներգիայի միջոցով աճեցրել էին հսկայական մրգեր և բանջարեղեն (մարդու չափով)։ Այստեղ կան նաեւ հիբրիդային կենդանիներ, որոնք տիեզերական ճառագայթների ազդեցությամբ սկսել են մուտացիաների ենթարկվել։

Ջիփսին չափազանց խելացի շուն է, որը հասկանում է մարդկային խոսքը։ Լեոնիդը սկսում է Ջիփսիին սովորեցնել, թե ինչպես արձագանքել մարդկանց, թեև միայն նա է հասկանում այդ պատասխանները։ Աշխատանքի ընթացքում Լեոնիդը նշում է, որ աշխատակից Կրամերի բնավորությունը սկսում է փոխվել, մասնավորապես, տեղի են ունենում տրամադրության հանկարծակի փոփոխություններ, և նա կասկածում է այլ մարդկանց մի բանում, որը միայն ինքը գիտի։ Լաբորատորիա կատարած այցելություններից մեկի ժամանակ Կրամերը ցանկություն է հայտնել միայնակ զրուցել Զորինայի հետ, Լեոնիդը նրանց մենակ է թողնում, բայց նրանց կողքին մնում է Ջիփսին, որն առաջին անգամ հրաժարվեց ենթարկվել Լեոնիդին և ասաց, որ կպաշտպանի Զորինային։ Որոշ ժամանակ անց լաբորատորիայից աղմուկ և հաչոց է լսվում։ Վերադառնալով այնտեղ՝ Լեոնիդը տեսավ, որ Կրամերը խեղդում է Զորինային։ Մինչ Լեոնիդը փորձում էր փրկել աշխատակցին, Ջիփսին ահազանգեց՝ սեղմելով աջ կոճակը։ Դեպքի վայր ժամանած սպաները զսպել են Կրամերին և նրան տեղափոխել հիվանդանոց։ Պարզվել է, որ Կրամերը հիվանդացել է տիեզերական ճառագայթման երկարատև ազդեցության պատճառով։

Լեոնիդի՝ Երկիրը լքելուց անցել էր 8 ամիս։ ԿԷՑ աստղը պատրաստվում էր նշել իր ստեղծման տարեդարձը։ Հանդիսավոր զեկույցում տնօրենը ամփոփել է աստղային տարվա արդյունքները՝ Եվգենի Եվգենիևին անվանելով աստղային տիեզերքի իսկական հերոս և նվաճող։ Զեկույցի առաջին իսկ խոսքերից Անտոնինան գունատվում է՝ պատասխանելով Լեոնիդին, որ դա Պալեյն է, որին ինքը ձայնից է ճանաչել։ Հանդիսավոր մասից հետո Եվգենիև-Պալեյը զրուցում է Անտոնինայի և Լեոնիդի հետ։ Նա բացատրեց, որ ամուսնանալիս վերցրել է կնոջ ազգանունը։ Անտոնինան Լեոնիդին ներկայացնում է որպես իր փեսացու։ Իսկ Պալեյն ասում է, որ բոլոր գրառումները մնացել են Անտոնինայի կողքին ապրող իր քրոջ մոտ։

Վեպն ավարտվում է մի քանի տարի անց տեղի ունեցող իրադարձությունների կարճ նկարագրությամբ։ Լեոնիդն ու Անտոնինան դարձել են ամուսիններ, ունեն դպրոցահասակ որդի։ Լեոնիդը դարձել է պրոֆեսոր, ինչպես Անտոնինան։ Իսկ այս գիրքը ծնվեց, քանի որ Լեոնիդը ցանկանում էր վերապրել իր անսովոր ամուսնության հետ կապված բոլոր արկածները։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Վասիլևիչ Արտեմև - կենսաբան, ում անունից պատմվում է պատմությունը
  • Անտոնինա Իվանովնա Գերասիմովա, Տոնյա - ֆիզիկական և տեխնիկական բաժնի օգնական, Արտեմևի հարևանուհին
  • Եվգենի Պալեյ-Եվգենիև - Տոնյայի համալսարանական ընկերը

ԿԷՑ աստղի վրա և հարակից կայաններում.

  • Կրամեր - լաբորանտ-կենսաբան
  • Աննա Իգնատիևնա Մյոլեր - բժիշկ ԿԷՑ աստղի վրա
  • Էլզա Նիլսեն - գրադարանավար ԿԷՑ աստղում
  • Անդրեյ Պավլովիչ Շլիկով - կենսաբան
  • Ֆեդոր Գրիգորևիչ Տյուրին - աստղադիտարանի աստղագետ
  • Բորիս Միխայլովիչ Սոկոլովսկի - երկրաբան
  • Պարխոմենկո - ԿԷՑ աստղի տնօրեն
  • Անդրեյ Պավլովիչ Կիստենկո - օդաբան
  • Վերա Զորինա, Ֆալեև - կենսաբաններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беляев Александр Романович. Собрание сочинений в 8 томах, том 6. (Звезда КЭЦ. — Лаборатория Дубльвэ. — Чудесное око.) Илл. С. Забалуева. М., «Молодая гвардия», 1964, 464 с. с илл. с. 5-182.
  • Светлана Беляева «Звезда мерцает за окном…» (Александр Романович Беляев Романы. Повести. Рассказы /Библиотека всемирной литературы. М., Эксмо, 2008.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bookmark.am/product/%D5%AF%D5%A7%D6%81-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2/, Ալ․ Բելյաև, «ԿԷՑ աստղ», «Դարակ» հրատարակչություն, 2020