Լեոբեն (գերմ.՝ Leoben, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[leˈoːbn̩]]]), քաղաք Ավստրիայի կենտրոնական մասում՝ Շտիրիա նահանգում, Մուր գետի ափին։ 2007 թվականիհունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 25 227 (այդ ցուցանիշով Լեոբենը Ավստրիայում զբաղեցրել է 17-րդ տեղը)[2]։ Տեղական նշանակության արդյունաբերական կենտրոն է, ունի համալսարան, որը հիմնականում մասնագետներ է պատրաստում հանքարդյունաբերության համար։ Պատմական հիշարժան փաստ է, որ Լեոբենում 1797 թվականին Ավստրիայի և Ֆրանսիայի միջև կնքվել է զինադադարի ու հաշտության պայմանագիր՝ նախերգանք դառնալով Կամպո Ֆորմիոյի դաշնագրի կնքման համար։
Լեոբենը, որի տարեգրությունն սկիզբ է առել 904 թվականից, հաճախ պատկերավոր անվանվում է «Շտիրիայի Երկաթե ուղու դարպաս»։ Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով, այդ թվում՝ եկեղեցիներով, որոնցից ուշագրավ են հատկապես 17-րդ դարի կեսերին կառուցված ու պատկերազարդված սբ. Ֆրանսիս Քսավիե եկեղեցին (համարվում է ճիզվիտական ամենանշանակալի կրոնական կառույցներից մեկը Ավստրիայում), «արտ նուվո» ոճով կառուցված լյութերական եկեղեցին, Շտիրիայի ամենահին կուսանոց-վանական համալիրը՝ Գյոս աբբայությունը (հիմնադրվել է 1020 թվականին)... Աբբայության հարևանությամբ է գտնվում «Գյոսեր» գարեջրագործարանը, որտեղ նաև թանգարան է գործում։
Լեոբենում է գտնվում Ավստրիայում գործող ամենահին թատրոնը, որտեղ ներկայացումներով հանդես են գալիս ոչ միայն տեղի, այլև հրավիրված արտիստներ[3]։